Լևոն Մկրտչյանը՝ դպրոցների օպտիմալացման մասին
«Մենք վարչապետից հանձնարարական ունենք, ծրագիրը կամփոփենք։ Խոսքը վերաբերում է դպրոցների ֆինանսավորման նոր մեխանիզմների ձևավորմանը և քաղաքային դպրոցների վերախմբավորմանը զարգացման ծրագրի տեսակետից՝ այն իմաստով, որ մենք խիստ թերբեռնված դպրոցներ ունենք և ունենք գերբեռնված դպրոցներ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը՝ խոսելով վարչապետի՝ դպրոցների օպտիմալացմանը վերաբերող հանձնարարականի մասին, որը լայն քննարկման առարկա է դարձել։ Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ առաջին փուլում քաղաքային բնակավայրերում կան հստակ դեպքեր, որոնց կանդրադառնան, ապա կանդրադառնան դպրոցային համալիրի ամբողջական զարգացման սխեմային։
«Եթե միավորում կլինի, բնականաբար, միավորման ընթացքում կլինեն հաստիքների հստակեցումներ, բայց ցանկացած պարագային յուրաքանչյուր ծրագիր հաշվի է առնելու բոլոր կողմերի շահերը»,- ասաց Լևոն Մկրտչյանը։
Նա ներկայացրեց օրինակ, երբ քաղաքային բնակավայրում երկու ավագ դպրոց կա, որոնց միջև հեռավորությունը մի քանի հարյուր մետր է, երկուսն էլ թերբեռնված են, կան նաև ֆինանսավորման հետ կապված խնդիրներ, այդ պատճառով կա նաև ֆինանսավորման նոր բանաձևը ձևավորելու հանձնարարական։
Հարցին՝ արդյոք հետագայում անցում կլինի՞ հեռավոր գյուղերին, նախարարի պաշտոնակատարն ասաց, որ խնդիրը դպրոցական կրթության որակի պահպանումն է.
«Իմ խորին համոզումն է, որ յուրաքանչյուր բնակավայր, եթե գոյություն ունի և պիտի շարունակի իր գոյությունը, պիտի համապատասխան կրթական հաստատություն ունենա։ Այսինքն՝ մենք կդնենք պայմաններ, որոնք հիմք են մեր քաղաքականության համար, որտեղ ունենք շատ մեծ պրոբլեմ, որը փորձում ենք լուծել հիմա։
Ես այդ թեմայով արդեն խոսում եմ։ Մենք ունենք 400 դպրոց, որոնք ունեն 100 աշակերտից քիչ թվաքանակ։ Այդ պարագույում դպրոցական կրթության որակը բավականին անկում է ապրում։ Մենք պիտի փորձենք հստակեցնել։ Դրա համար էլեկտրոնային կրթության, հեռավար դասընթացների համակարգն ենք ներդնում, որովհետև ունենք ուսուցիչների պակաս։ 21-րդ դարում երեխան, անկախ նրանից՝ փո՞քր դպրոցում է, թե՞ մեծում, պիտի ստանա կրթության նոր որակ։ Դա ընդհանուր համալիր է, դրա համար մենք խոսում ենք դպրոցական զարգացման ծրագրերի մասին»։