Բաժիններ՝

Մտածենք, որպեսզի կրթությունը գոյություն ունենա

Վերջին տարիներին Հայաստանի հասարակությունն ավելի պահանջկոտ է դարձել կրթության նկատմամբ։ Ընտրություններից հետո շատերը տեսակետ հայտնեցին, որ առկա խնդիրները պետք է լուծել կրթության միջոցով։ Վարչապետն էլ հայտարարեց, որ, եթե չունենանք լավ կրթական համակարգ, չենք կարող ունենալ լավ երկիր։ Չնայած դրա հակառակ կողմն էլ կա։ Եթե չունենանք լավ երկիր, երբեք չենք կարող ունենալ լավ կրթական համակարգ։

Ամեն դեպքում շուրջ 20 տարվա բարեփոխումներից հետո կրթական համակարգում առկա վիճակը շատերին չի գոհացնում։

Ամենամեծ խնդիրն այն է, որ հասկանալի չէ, թե ինչ ուղղությամբ է գնում Հայաստանի կրթության համակարգը։ Բարեփոխումների ընթացքում մենք փոխառել ենք տարբեր երկրների փորձը, բայց այդպես էլ չենք ձևակերպել մեր սեփական մոտեցումը։

Կրթության ոլորտի առաջատար մասնագետներից մեկը՝ ֆինլանդացի Պասի Սալբերգը, խորհուրդ է տալիս երբեք չնմանակել հաջողակ երկրների փորձը, քանի որ ամեն երկիր պետք է գտնի հաջողության իր բանաձևը։ Ֆինլանդացի մասնագետը ճիշտ է ասում, քանի որ կրթությունը նման է ծառի, որի սնող արմատները տվյալ երկրի մշակութային առանձնահատկություններն են։ Այն, ինչ ներմուծում ես, ընդամենը տերևի արժեք կունենա, եթե չկարողանաս ներդաշնակել քո մշակույթի հետ։

Կարդացեք նաև

Այս տարիների ընթացքում Հայաստանում փորձել են ձևակերպել սեփական մոտեցում՝ կրթության տեսլական մշակելու միջոցով։ Սակայն նախաձեռնությունը չստացվեց, քանի որ ոմանք տեսլականը համարեցին նեոբոլշևիզմի դրսևորում, մյուսներն անհամաձայնություններ ունեին ռազմավարական ուղղությունների հարցում։

Ընդհանրապես, Հայաստանի կրթական համակարգում մեծ դժվարությամբ են ընդունվում ռազմավարական փաստաթղթերը։

Օրինակ, Կրթության մասին օրենքը պահանջում է յուրաքանչյուր 5 տարին մեկ ընդունել Կրթության զարգացման պետական ծրագիր։ Առաջին ծրագիրը 2001-2005 թվականների համար էր։ Երկրորդ ծրագիրն ընդունվեց միայն 2011 թվականին։ Այսինքն՝ համակարգը 6 տարի մնաց առանց զարգացման ծրագրի։ 2015 թվականին ավարտվեց երկրորդ ծրագրի ժամկետը, և մինչ այժմ չունենք նոր ծրագիր։

Նման ձախողումների գլխավոր պատճառն այն էր, որ խորհրդային իներցիայով մեզ ավելի հմուտ ենք զգում առօրյա հարցեր լուծելու գործում, քան ռազմավարական հարցերում։ Կրթության համակարգում չունենք մտածող, հետազոտող մարդկանց  մշտական գործող խումբ։ Հայաստանի կրթության ոլորտի բոլոր կարևորագույն փաստաթղթերը՝  Կրթության զարգացման պետական ծրագիր, Հանրակրթության պետական չափորոշիչ, մշակվել են 3-6 ամիս ժամկետով գործող ժամանակավոր խմբերի միջոցով։ Մարդկանց մի խումբ ժամանակավոր հավաքվում է, մշակում է մի նախագիծ և վերադառնում իր առօրյա աշխատանքին։

Նման սեզոնային աշխատաոճով անհնար է կրթության համակարգում լուրջ հաջողության հասնել։

Փոխարենը, տեսեք՝ ինչ են արել ֆինները։ Տասնամյակներ առաջ Ֆինլանդիայի խորհրդարանում ստեղծվեց Ապագայի մշտական հանձնաժողով, որը գործում է մինչև այսօր։ Այդ հանձնաժողովը պատասխանատու է երկրի ռազմավարական զարգացման համար և չի թողնում, որպեսզի կառավարությունը զոհաբերի երկրի երկարաժամկետ զարգացումը կարճաժամկետ խնդիրների լուծմանը։ Այդ հանձնաժողովը մեծ դեր ունի նաև կրթական հաջողությունների գործում։

Հայաստանի կրթության ոլորտում մտածողական, նախապատրաստական աշխատանքի պակաս կա։ Մենք անընդհատ փոփոխություններ ենք անում կրթական համակարգում, հաճախ՝ իմպուլսիվ ձևով, առանց հետևանքները լավ հաշվարկելու։ Մեկ ամսում կամ 15 օրում անհնար է կրթության ոլորտում լուրջ փաստաթղթեր մշակել, հատկապես, եթե չունենք ռազմավարական հարցերով զբաղվող կառույցներ։

Աբրահամ Լինքոլնը ժամանակին ասել է. «Եթե ես ունենայի 6 ժամ փայտ կոտրելու համար, առաջին երկու ժամը կծախսեի կացինս սրելու վրա»։ Մենք մեր բոլոր ժամերը ծախսում ենք բթացած կացինով փայտ կոտրելու վրա։ Թվացյալ շատ ենք աշխատում, բայց փոփոխություն չենք տեսնում։

Արդյունքում՝ կրթության համակարգում այսօր ունենք հատվածային, չհամակարգված փոփոխություններ, որոնք հաճախ բերում են անցանկալի արդյունքների։ Օրինակ՝ տարիներ առաջ Հայաստանում ներդրվեց դպրոցների տնօրենների ընտրության ձևով ժողովրդավարական համակարգը։ Դրա իմաստն այն էր, որ տնօրեններն ընտրվեն ծնողներից, ուսուցիչներից, կառավարման տարբեր օղակների ներկայացուցիչներից բաղկացած խորհրդի կողմից։

Բայց ժողովրդավարական այս բարեփոխման արդյունքում, վարչապետ Կարեն Կարապետյանի բնորոշմամբ՝ մենք ստացանք ֆեոդալիզմի դրսևորումներ կրթության կառավարման ոլորտում։ Եթե նախկինում ժառանգական կառավարման սկզբունքը հիմնականում տարածված էր մանկապարտեզներում, ապա այսօր այն մեծ տարածում է ստացել նաև դպրոցական համակարգում։

Առաջիկայում պետք է ընդունվեն կրթությանը վերաբերող ռազմավարական նոր փաստաթղթեր։ Կրթության համակարգի վրա կա նաև որոշակի ճնշում քաղաքացիական հասարակության, ինչպես նաև՝ ծնողների փոքր խմբերի կողմից։ Օրինակ՝ վերջերս մի ծնող հարցազրույցի ժամանակ խնդիր դրեց կրթության համակարգի կառավարիչների առաջ։ Առաջիկայում, ավտոմատացման արդյունքում՝ բազմաթիվ աշխատանքներ վերանալու են։ Ի՞նչ է մտածում նախարարությունը մեր երեխաներին ժամանակին համապատասխան կրթություն տալու մասին, հարցրեց ծնողը։

Հայաստանում եկել է իրական փոփոխություններ անելու ժամանակը։ Մինչև հիմա մեր կատարած փոփոխությունները եղել են հավելումային։ Անընդհատ նոր բեռ ենք ավելացրել դպրոցների վրա։ Նոր առարկաների ուսուցում, բազմաթիվ մատյանների ու հաշվետվությունների լրացում, ուսման տևողության երկարացում, և այլն։ Ցավոք, այդ նորամուծութունները չեն բերել փոխակերպումների։ Որքան շատ ենք փոխել, այնքան ամեն ինչ մնացել է անփոփոխ։

Մենք այսօր հիմնականում հպարտանում ենք օլիմպիադաներում կամ մրցույթներում մեդալներ նվաճած աշակերտներով։ Դա լավ բանի մասին չի խոսում։ Աշխարհի զարգացած երկրներն այսօր հպարտանում են վատ արդյունքներ ունեցող աշակերտների ցուցանիշների բարելավումով։

Այս իրավիճակում առաջին քայլը, որ պետք է արվի, կրթության համակարգի ռազմավարական պլանավորման կարողությունների, մտածողության մշակույթի զարգացումն է։ Մենք միշտ թերագնահատում ենք մտածելու դերը։

Ինչպես Բեռնարդ Շոուն էր ասում՝ «Մարդկանց 2 տոկոսը մտածում է, 3 տոկոսը ձև է անում, որ մտածում է, իսկ 95 տոկոսը կգերադասի մեռնել, բայց չմտածել»։ Խոսելն ու գործելը առանց խորը մտածելու, միջամտությունը առանց լուրջ նախապատրաստվելու, կարող են ավելի շատ վնասել, քան ոչինչ չանելը։ Անընդհատ փոխելու փոխարեն՝ կարևոր է հասկանալ, թե ինչ է մեզ պետք։

Կարևոր է ստեղծել երկխոսության հարթակներ և դրանց միջոցով հասնել հասարակական համաձայնության։ Եթե կառավարությունը չկարողանա կրթության ոլորտում կատարել համախմբման գործառույթը, ապա կրթական համակարգը կապիտուլյացիայի է ենթարկվելու, քանի որ չի կարողանալու մրցակցել երեխաներին ուսումից շեղող, երեխաների ուշադրությունն առևանգող շուկայական ինդուստրիաների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս