«Որոշ հիվանդանոցներ և բուժհաստատություններ ուղղակի կվերանան». Լևոն Ալթունյան

Առողջապահության նախարարությունը վերջին մի քանի ամիսներին ձեռնամուխ է եղել մի քանի նախագծերի, որոնց նպատակն է` զարգացնել առողջապահության ոլորտը, ավելացնել քաղաքացիների առողջ տարիների քանակը և երկարացնել ակտիվ կյանքի տևողությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։ Նախարարը նշեց, որ խոսքը վերաբերում է և՛ կառուցվածքային փոփոխությունների, և՛ այլ հարցերի։

«Մենք սկսում ենք գործընթացներ, որոնց հետևանքով կմիանան բուժհաստատություններ։ Նախատեսվում է որոշ բուժհաստատությունների միացում զինվորական հոսպիտալների հետ, ինչը կբարելավի մարզերում բուժման և առողջապահության որակը։ Կվերազինվեն որոշ հիվանդանոցներ։ Որոշ հիվանդանոցներ և բուժհաստատություններ ուղղակի կվերանան, դրանց փոխարեն կվերապատրաստենք մեր բուժաշխատողներին, և Հայաստանում կզարգացնենք պալեատիվ բուժօգնությունը և մեծահասակների համար ինտերնատները։ Ընդ որում, այս նախագիծն ուղղված է ոչ միայն՝ մեր ներքին շուկան հագեցնելու տվյալ ծառայություններով, այլև զարգացնելու բժշկական տուրիզմը»,- ասաց Լևոն Ալթունյանը։ Նախարարի խոսքով՝ ակտիվ աշխատում են կլինիկական ուղեցույցների և պրոտոկոլների ներդրման ուղղությամբ։

«Սա նախագիծ է, որը նախատեսված է 5 տարվա ընթացքում, որովհետև կլինիկական ուղեցույցների ընդհանուր քանակը մոտավորապես 1000 է, իսկ Հայաստանի ներուժով մենք կարող ենք տարեկան թարգմանել, տեղայնացնել և ներդնել մոտ 200 ուղեցույց։ Ընդ որում, 2017թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին արդեն 200 ուղեցույց կներդրվի հայաստանյան առողջապահության ոլորտում։ Մարզային առողջապահության մակարդակը երևանյանին մոտեցնելու համար որոշեցինք առաջին հերթին թարգմանել, տեղայնացնել և ներդնել այն ուղեցույցները, որոնք կարևոր են մարզային բժշկության համար»,- ասաց Լևոն Ալթունյանը։

Անդրադառնալով ֆինանասավորման կառուցվածքի փոփոխությանը՝ Լևոն Ալթունյանն ասաց, որ բազմիցս նշել են այն մասին, որ Հայաստանը սուղ միջոցներ ունի, և այդ սուղ միջոցների շրջանակներում փորձում են մաքսիմալ լավ որակ տրամադրել։ «Բայց իրողությունն այդքան էլ այդպես չէ։ Բոլորս գիտենք, որ կա ստվերային շրջանառություն, և խնդիր է՝ այդ ստվերային շրջանառությունը հանել ստվերից։ Ի՞նչ է նախատեսում Առողջապահության նախարարությունն այդ ուղղությամբ։ Առաջինը նախատեսվում է հայտարարել իրական բուժման գինը։

Կարդացեք նաև

Մենք այսօր վերագնահատում ենք գնագոյացման մեթոդները և մոտակա ժամանակներս նախատեսում ենք հայտարարել, թե ինչ արժե բժշկությունը Հայաստանում՝ նկատի ունենալով և՛ պետպատվերը, և՛ դրամարկղի մուտքերը, և՛ ստվերային շրջանառությունը, և՛ այն գումարները, որոնք պետք է ծախսվեին, բայց դրանց բացակայության պատճառով չեն ծախսվում, և բնակչությունը չի բուժվում։ Այդ ամենը կկազմի մեր իդեալական, ռեալ բյուջեն, որին մենք բոլորս պետք է ձգտենք։ Առաջին հերթին՝ մենք խնդիր ունենք ավելի արդյունավետ ծախսել առկա միջոցները, պետպատվերի միջոցները, երկրորդ հերթին՝ ստվերից հանել այն գումարի շրջանառությունը, որն առկա է»,- ասաց առողջապահության նախարարը՝ նշելով, որ մոտակա ժամանակներում համավճարի զարգացած համակարգ կունենանք։

Բացի դրանից՝ իմանալով բժշկական ծառայության արժեքը՝ քաղաքացին կարող է տիրապետել իր ֆինանսներին և որոշել՝ ցանկանո՞ւմ է շարունակել մուծել իր գրպանից, թե՞ կամավոր ապահովագրություն ձեռք բերել։

Լևոն Ալթունյանը խոսեց նաև բժշկական հաշտարարի համակարգի ներդրման մասին.

«Երևի թե բոլորը հանդիպել են այն խնդրին, երբ բարեկամը, ծանոթը տարակուսանքների մեջ է՝ արդյո՞ք ճիշտ բուժում է ստացել, թե՞ ոչ։ Բոլորս, այդ թվում՝ առողջապահության նախարարը, կարող ենք պարզապես մարդկային կարեկցանք տրամադրել այդ անձին, որովհետև չկա մի փորձագիտական ինստիտուտ, որը կարող է վերջնական պատասխան տալ։ Հենց այդ գործառույթի իրականացմանն է ուղղված բժշկական հաշտարարի ինստիտուտը, որն արդեն ներդրված է մոտ 40 զարգացած երկրներում։ Մենք ակտիվ ուսումնասիրում ենք նրանց փորձը՝ ներգրավելով Իռլանդիայի, մի շարք այլ երկրների մասնագետների, որպեսզի այդ ինստիտուտը կայանա նաև մեզ մոտ՝ հաշվի առնելով, որ այնպիսի ինստիտուտներ, ինչպիսիք են օմբուդսմենի, ֆինանսական հաշտարարի համակարգը, արդեն իսկ կայացել են Հայաստանում»։

Առողջապահության նախարարն ասաց՝ ուզում է՝ բոլոր ընկալեն՝ վարձատրությունը, այն գումարները, որոնք հիվանդը վճարում է առողջապահության համար, որոնք բյուջեից վճարվում են բժշկին, մոտիվացիոն մեխանիզմներ են, որպեսզի բժիշկը լավագույնս բուժի հիվանդին.

«Եթե այս վճարվելիք գումարներին վերաբերվենք հենց որպես մոտիվացիա առաջացնող մեխանիզմի, մոտիվացիոն գործիքի, մենք բոլորս արձագանք կստանանք առողջապահական ոլորտից։ Ես կանխատեսում եմ հարց՝ թող բժիշկները լավ բուժեն, մենք էլ լավ կվճարենք։ Ստացվում է փակ շղթա, երբ պահանջարկն առաջացնում է առաջարկը, և առաջարկը համապատասխանում է պահանջարկին։ Ո՞վ է այսօր գնում բժիշկ դառնալու։ Առաջին հերթին գնում են նվիրյալները և տաղանդավորները։ Նրանք, ովքեր ցանկանում են առավել մեծ գումարներ աշխատել, գնում են, դառնում են ծրագրավորող, այլ մասնագիտությունների տեր։ Բժշկություն գնում են նվիրյալները, բայց նվիրյալներն ընտանիք պահելու խնդիր ունեն, և այդ ուղու վրա նրանք սկսում են օտար լեզուներ սովորել, և առավել տաղանդավորները լքում են Հայաստանը։ Մենք իրենց Հայաստանում պահելու պետք ունենք։ Հենց այդ պատճառով ես ցանկանում եմ, որ բժիշկներ-հասարակություն երկխոսությունը մի փոքր ավելի դրական հունով գնա»։

Տեսանյութեր

Լրահոս