Ինչպես է ՊԵԿ-ը գնահատել խոշոր հարկատուների ստվերը
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը մայիսի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ըստ կոմիտեի գնահատականների՝ 2016թ. դեկտեմբերի վերջին խոշոր հարկ վճարողների մոտ ստվերը գնահատվում էր 48,8 %, իսկ մարտին այն նվազել է մինչև 33,2%:
Նախկինում կառավարությունը խուսափում էր ստվերի գնահատական հնչեցնել՝ կեսկատակ-կեսլուրջ հիմնավորելով, որ եթե իմանային ստվերի կոնկրետ տեղն ու չափերը, ապա այն կբերեին սպիտակ դաշտ և ստվեր չէր լինի։
Բնականաբար, լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է ՊԵԿ-ը գնահատել ստվերը, այն էլ՝ այդպիսի ճշգրիտ թվով։ ՊԵԿ նախագահը ի պատասխան նշեց, որ իրենք գտել են ստվերի գնահատման մեխանիզմը։
ՊԵԿ լրատվական ծառայությունը մեզ տրամադրել է ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում հաշվառված հարկ վճարողների մոտ հարկերի հայտարարագրման առումով առկա խնդիրների (ստվերի) գնահատման (հաշվարկման) մեթոդիկան
ՊԵԿ-ում հաշվառված հարկ վճարողների կողմից հայտարարագրված հարկվող օբյեկտների արժանահավատությունը ճշտելու և իրական հարկվող օբյեկտները գնահատելու նպատակով ԽՀՎ ՀՏ-ում իրականացվում են չընդհատվող և պարբերական բնույթ կրող աշխատանքներ: Թերհայտարարագրվող հարկերի (ստվերի) գնահատման նպատակով առանձնացվել են չորս հիմնական թիրախային չափորոշիչներ.
• իրացման շրջանառությունների թերհայտարարագրում,
• իրացման գների թերհայտարարագրում,
• ծախսերի ուռճացում,
• ԱՎՈՒՄ-ի իրական մեծությունների թերհայտարարագրում:
Չափորոշիչները կիրառվում են` բոլոր հարկ վճարողների ստվերը գնահատելիս, սակայն ոլորտային առանձնահատկություններից ելնելով՝ կիրառվում են նաև այլ չափորոշիչներ:
Վերլուծական աշխատանքները բաժանված են երեք հիմնական ուղղությունների.
• հորիզոնական (նպատակն է ըստ ոլորտների վերհանել ընդհանուր ռիսկերը),
• ուղղահայաց (նպատակն է ոլորտային ցուցանիշների համադրմամբ վերհանել տվյալ ոլորտում գործող առանձին հարկ վճարողի ռիսկերը)
• անհատական (նպատակն է վերհանել առանձին հարկ վճարողի ռիսկերը՝ օգտագործելով կոնկրետ հարկ վճարողի անհատական ցուցանիշներն ու տվյալները):
Վերլուծությունների ընթացքում յուրաքանչյուր հարկ վճարողի ռիսկերի վերհանումը և ստվերի գնահատումն իրականացվում է՝ կիրառելով վերլուծական ողջ գործիքակազմը: Դրանց լիարժեք իրականացման համար օգտագործվում է հարկային տեղեկատվական բազայում առկա ողջ տեղեկատվությունը, ինչպես նաև՝ հսկողական աշխատանքների, արտաքին դիտարկումների, ստուգայցերի արդյունքները և դրանց ընթացքում ձեռքբերված տեղեկատվությունը, երրորդ անձանցից ստացված, համակարգչային ծրագրում առկա տեղեկատվությունը և այլն:
Ստվերի կրճատմանն ուղղված վերլուծությունների և համադրումների արդյունքում վերհանվում են թերհայտարարագրվող հարկերի հնարավոր չափերը՝ գումարային արտահայտությամբ, ինչպես նաև՝ այն ռիսկերը, որոնք համակարգված բնույթ են կրում: