«Թաղային խուժանը թող պատրաստվի, որ իրենց բոլորին նկարահանելու ենք». Զարուհի Փոստանջյան

«Եկել ենք մարտական տրամադրությամբ: Ամբողջ գիշեր դիտարկել ենք ընտրատեղամասերը և հայտնաբերել, որ 9/46 ընտրատեղամասում չհրկիզվող պահարանը տեղափոխվում էր ոստիկանների կողմից, և ունենք տվյալներ, որ չհրկիզվող պահարանները չեն եղել տեսանելի դաշտում: Ընտրատեղամասերի շուրջ 50 տոկոսի պահարաններն իրենց տեղում չէին, այսինքն՝ տեսախցիկով դիտարկելիս չէին երևում»,- այս մասին քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ այսօր ամբողջ օրը վերահսկելու են ընտրատեղամասերի և՛ ներսը, և՛ դուրսը:

«Խմբերով ակցիաներ ենք անցկացնելու, որպեսզի մեր քաղաքացիները կաշկանդված չլինեն, քանի որ տեղեկություններ ունենք, որ քաղաքացիներին բաժանվում են տարբեր գույների գրիչներ, որոնցով պետք է նշումներ կատարեն քվեաթերթիկի վրա, բայց ամեն ինչ վերահսկելու ենք: Հորդորս է քաղաքացիներին՝ գնալ տեղամաս, չվախենալ ճշումներից»,- ասաց նա:

Փոստանջյանը նկատեց, որ այս անգամ ռեյտինգային քվեարկություն չէ, ինչպես ապրիլի 2-ին, հետևաբար, նրա խոսքով՝ այս անգամ կարող են լինել լցոնումներ, ինչպես սահմանադրական հանրաքվեի ժամանակ. «Օրինակ՝ ինչո՞ւ էին տանում այդ քվեաթերթիկները, ինչո՞ւ էր բացվում չհրկիզվող պահարանը: Այն ժամանակ այլ մեխանիզմ փորձեց կիրառվել, բայց հիմա այլ մեխանիզմ են կիրառելու: Հիմա մեր քաղաքացին այս իշխանություններին ասելու է՝ ոչ, և մենք իշխանություններին տալիս ենք նահանջելու հնարավորություն: Մենք ուսումնասիրել ենք, ու մի շարք տարածքներում տեսանելի չեն եղել չհրկիզվող պահարանները: 4-րդ ընտրատարածքը մոտ կես ժամ հասանելի չէր. միգուցե պահվող նյութերը հանվել են: Թաղային խուժանը թող պատրաստվի, որ իրենց բոլորին նկարահանելու ենք»:

Նա նշեց, որ իշխանությունների ուղղորդող շրջիկ խմբերը կանգնած են լինում տեղամասերի մոտ, կամ շատ ժամանակ տեղամասերում՝ որպես դիտորդներ, և տարբեր ձևերով փորձում են վերահսկել մարդկանց, իրենց կուսակցության ներկայացուցիչներն էլ այդ խմբերին են վերահսկելու. «Որպեսզի մեր քաղաքացիները, որ ստիպված են եղել գումար վերցնել, հասկանան՝ այդ գումարն իրենց է պատկանում, քանի որ դրանք մեր քաղաքացիների գումարներն են. ուղղակի այդ գումարները յուրացվել են ու հիմա բաժանվում են իրենց: Հասկանալի, է, որ որևէ մեկը չպետք է կաշկանդվի՝ անկախ նրանից՝ ինչպիսի ճնշման ներքո է գտնվում, մերժի ՀՀԿ-ին: Մենք չունենք այդքան հնարավորություններ՝ ևս մեկ անգամ անցնել ընտրակեղծարարության միջով: Սա այն հումանիտար ճանապարհն է այս կեղեքիչ իշխանության համար, որին հնարավորություն ենք տալիս հեռանալ, թող օգտվի այս հնարավորությունից: Փորձենք իրենց նահանջելու հումանիտար ճանապարհ տալ, և հորդորս է Ոստիկանությանն ու իրավապահ մարմիններին՝ վերահսկել այս ընտրությունները»:

Կարդացեք նաև

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդը հիշեցնում է, որ իր կյանքում ունեցել է  հաղթանակներ. «Ես փաստաբան էի, և բեկանվեց ցմահ ազատազրկման դատավճիռը, իմ պաշտպաններն ազատ արձակվեցին: Հետևաբար՝ ես հավատում եմ հայ ժողովրդին. մենք կարող ենք ունենալ և՛ նախադեպ, և՛ հաղթանակ: Մենք կարող ենք անցնցում, առանց կորուստների անցնել այս ճանապարհը: Եթե նրանք չեն հեռանում, այո, ազգային դիմադրության գործընթացը սկսվել է վաղուց, բայց մենք հիմա հասկանում ենք, որ պարտավոր ենք ստեղծել նախադեպային իրավիճակ, որով այս իշխանություններից պետք է ազատվենք: Մենք հասկանում ենք՝ ինչպիսին է մեր վիճակը տարածաշրջանում, և մենք այդ պայմաններում պետք է լինենք դերակատար, իսկ դրա համար մեզ հարկավոր է ժողովրդի կողմից ընտրված իշխանություն»:

Տեսանյութեր

Լրահոս