Բաժիններ՝

«ՌԴ արտահանվող պանրի ծավալը հասնում է 20.000 տոննայի, որը որքան ուրախացնող, նույնքան էլ զգոնացնող հանգամանք է». Արմեն Գիգոյան

«2016թ. արձանագրվել է պանիրների արտադրության կտրուկ աճ, սակայն արտահանման ընդհանուր ծավալում գերակշռող դերը դարձյալ կազմում են հայկական ավանդական տեսակները»,- այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ խոսելով պանրագործության, դրա արտահանման խնդիրների մասին՝ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում գործում են պանիր արտադրող ավելի քան 60 կազմակերպություններ։ Պանրի առանձին տեսակներ, ինչպիսիք են Չանախը և Լոռին, արտադրում են Հայաստանի գրեթե բոլոր ընկերություններում, իսկ մյուս տեսակներն արտադրվում են առանձին շրջաններում։ Պանրի արտադրության ծավալները վերջին տարիներին հանարապետությունում կազմում են 18.000 տոննա, իսկ 2016թ. կազմել է 22.300 տոննա։ Նախորդ տարիների համեմատությամբ՝ շուրջ 20 տոկոս արտադրության աճ է գրանցվել։ Իսկ պանիրների ներմուծումը կազմում է 1100-1200 տոննա։

«Հիմնական վաճառվող պանիրներն են Լոռին, Չանախը, Սուլուգունին, Ռոքֆորը։ Իրացման ընդհանուր ծավալում տեղական արտադրության պանրի մասնաբաժինը կազմում է ավելի քան 93 տոկոս։ Կաթի արտադրության ծավալները տարեկան միջին հաշվով կազմում են 750.000 տոննա, որի ապրանքայնության մակարդակը 60 տոկոս է: Այսինքն՝ արտադրված կաթի 60 տոկոսն օգտագործվում է վերամշակման նպատակով, այդ թվում՝ պանրի արտադրության նպատակով»,- ասաց պարոն Ղազարյանը։
Պանրի արտահանում հիմնականում կատարվում է հայ համայնք ունեցող խոշոր երկրներ, ինչպիսիք ենք Ռուսաստանը, Վրաստանը, ԱՄՆ-ը։

Գևորգ Ղազարյանի խոսքով ՝ոլորտին բնորոշ են հետևյալ խնդիրները՝ ներդրումների, վերազինման և շուկայավարման համար անրաժեշտ ֆինանսական միջոցների սղություն, գործարար կապերի լայն շրջանակի բացակայություն, կաթի մթերման սառնարային կարողությունների ցանցի անբավարարություն, որակյալ մասնագետների, այդ թվում՝ տեխնոլոգների սակավություն։ Կարևոր խնդիր է նաև այն, որ ոլորտի ընկերությունները հաճախ նպատակահարմար չեն համարում նախաձեռնել մեծ ծավալի ներդրումային ծրագրեր, քանի որ արտադրության և արտահանման փոքր ծավալներով պայմանավորված, դրանց ֆինանսական հոսքերը, շահույթի փոքր մակարդակը թույլ չեն տալիս, որպեսզի կարճ ժամկետում ներդրված անհրաժեշտ միջոցները փոխհատուցվեն։ Խնդիրները հիմնականում պայմանավորված են նաև կովերի ցածր կաթնատվության մակարդակով։

Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը, շարունակելով պարոն Ղազարյանի խոսքը, ասաց, որ կաթի արտադրությունը Հայաստանում արդեն ավելի քան 10 տարի է՝ կարիք ունի բարեփոխումների։ «Մենք չենք կարող խոսել ոլորտի հեռանկարների մասին, քանի դեռ մենք ունենք խնդիր՝ կապված հումքի հետ։ Այնպես չէ, որ Հայաստանում բացարձակապես հումք չկա, և կանգնած ենք կոտրած տաշտակի առաջ, բայց տաշտակն ամեն դեպքում ճաք է։ Սա պայմանավորված է նրանով, որ հետխորհրդային տարիներից այս կողմ անասունների արոտը, կերակրումը և այլն բարձիթողի վիճակում են գտնվում։ Արդյունքում՝ մենք ունենք այն, որ կթվում է 2500 լիտր կաթ։ Կան ֆերմաներ, որ ճիշտ են զբաղվում այս հարցով, բայց դա համատարած չէ։ Մենք պետք է ունենանք ֆերմաներ, որոնք կտան մաքուր, բարձր որակի, պանրապիտանի կաթ, որպեսզի կարողանանք պանիր արտադրել և արտահանել»,- ասաց Արմեն Գիգոյանը։

Նրա խոսքով՝ խնդիրներից մեկն է նաև այն, որ ՌԴ արտահանվող պանրի ծավալը բավականին մեծ է։ Նրա խոսքով՝ ՌԴ արտահանվող պանրի ծավալը հասնում է 20.000 տոննայի, որը որքան ուրախացնող, նույնքան էլ զգոնացնող հանգամանք է.

«Պատկերացրեք՝ եթե ինչ-որ հանգամանքից ելնելով՝ մի գեղեցիկ օր ՌԴ-ն չընդունի հայկական պանիրը, այդ դեպքում ամբողջ ոլորտն ինչ մեծ դեֆորմացիայի կենթարկվի։ Պետք է կարողանանք այնպես անել, որ Եվրոպա և ԱՄՆ էլ կարողանանք մեծ ծավալով պանիր արտահանել»։

Նրա խոսքով՝ խնդիրներ են առաջանում նաև դեպի Ռուսաստան հայկական պանիրների ներկրման ժամանակ։ «Մաքսային կետերում կանգնեցնում են մեքենաները և անցնում ստուգումների, քանի որ կասկածում են՝ դա հայկակա՞ն պանիր է, թե՞ ոչ։ Ըստ Ռուսաստանի օրենքի՝ ստուգումը չպետք է գերազանցի 72 ժամը։ Մեր դեպքում եղել է, որ մեկ շաբաթից կամ տասն օրից ավելի են մնում պանիրները, որից խնդիրների շղթա է սկսվում։ 72 ժամից ավելի պահելու դեպքում պետք է գոնե գումար վճարել»,- ասաց Արմեն Գիգոյանը։

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս