Բաժիններ՝

«Մեր արտաքին միգրացիոն հոսքերի բացարձակ մեծամասնությունը՝ 90-95%-ը, հանգրվանում է Ռուսաստանում». Ռուբեն Եգանյան

«Անցյալ տարի միգրացիայի վերբերյալ մեր հերթական հետազոտության արդյունքում ստացած հավաստիության բարձր մակարդակ ունեցող տվյալներով կարող ենք ասել, որ ներկայումս որակական առումով միգրացիոն իրավիճակում որևէ փոփոխություն տեղի չի ունենում»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

Նա ներկայացրեց այն որակական հատկանիշներ, որոնք, ըստ նրա՝ շարունակաբար, անփոփոխ տեղի են ունենում:

«Որակական առումով այսօրվա Հայաստանի արտաքին միգրացիոն հոսքերը երկու տիպի են. մեկը մշտական արտահոսքն է՝ մշտապես մեկնողների և ժամանողների թվերի բացասական տարբերությունը, մյուսը՝ աշխատանքային միգրացիոն հոսքերն են: Աշխատանքային այս միգրացիոն հոսքերն իրենց հերթին՝ երկու մասից են բաղկացած. մի մասը կարճաժամկետ կամ սեզոնային աշխատանքային միգրացիոն հոսքերն են, որոնց հետևանքով՝ մենք գրեթե չենք ունենում բացասական կամ դրական մնացորդ, մյուսը տևական աշխատանքային միգրացիոն հոսքերն են, որոնց դեպքում  աշխատանքային միգրանտները բացակայում են մեկ կամ մի քանի տարի, և սրա հաշվին մենք շարունակաբար ունենում ենք բացասական մնացորդ: Ամեն տարի որոշակի թվով տևական աշխատանքային միգրանտներ կուտակվում են արտերկրում»:

Ժողովրդագրի նշած մյուս որակական հատկանիշն այն է, որ անընդհատ բացասական մնացորդով ենք ընթանում, միգրացիայի հաշվին բնակչության թվաքանակի նվազում ունենք: Բացի այդ՝ մեր արտաքին միգրացիոն հոսքերի բացարձակ մեծամասնությունը՝ 90-95%-ը, հանգրվանում է Ռուսաստանում:

«Հետխորհրդային ողջ ընթացքում այս պատկերը գրեթե անփոփոխ է, սա պայմանավորված է հիմնականում մեր ներքին գործոններով՝ մեր ներքին իրողություններում քիչ թե շատ նշանակալից դրական տեղաշարժերի բացակայությամբ»,- ասաց Ռուբեն Եգանյանը՝ խոսելով միգրացիոն իրավիճակի մասին:

Փոխարենը՝ բանախոսի դիտարկմամբ, քանակական բնութագրիչների առումով մեր այսօրվա միգրացիոն երևույթները բավական բարձր դինամիզմ են դրսևորում:

«Վերջին տարվա հետազոտության թվերն արձանագրում են, որ նախանցած տարվա համեմատությամբ 2 %-ով նվազել է տնային տնտեսությունների ներառումը միգրացիոն գործընթացներում: 2016թ. հետազոտությունը ցույց էր տվել՝ տնային տնտեսությունների 33.4%-ը ներառված են միգրացիոն գործընթացներում,  իսկ վերջին հետազոտությունը ցույց տվեց, որ նվազել է մինչև 31.5 %»:

Ռուբեն Եգանյանը նաև նշեց, որ նվազել է միգրացիոն գործընթացներում ներառված անձանց տեսակարար կշիռը.

«Եթե 2005թ. այդպիսիք կազմում էին բնակչության 12%-ը, ապա վերջին տվյալներով՝ նվազել է 11%-ի: Սա պայմանավորված է ոչ այնքան՝ ներքին, որքան՝ արտաքին գործոններով, մասնավորապես՝ մեր հիմնական միգրացիոն գործընկեր հանդիսացող Ռուսաստանի իրավիճակի փոփոխություններով, Ռուսաստանի պատժամիջոցների ճնշման տակ, տնտեսական վիճակն այնքան էլ լավ չէ, որը չի կարող չանդրադառնալ նաև մեր միգրանտների վրա: Նվազել են աշխատատեղերը, որի արդյունքում պոտենցիալ միգրանտների մի մասը վերադարձել են, մյուս մասն էլ սպասում են հարմար պահի, որ գնան»:

Ռուբեն Եգանյանը նաև տեղեկացրեց, որ այս տարի անցկացնելու են հետազոտություն, որի արդյունքում կփորձեն պարզել, թե այս միգրացիոն գործընթացում հետագա ինչ զարգացումներ կունենան:

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս