Որոնք են ԱՄՆ-ի դեմ ներկայիս գլխավոր սպառնալիքները
ԱՄՆ-ի առջեւ այսօր խոյանում են սպառնալիքներ մի քանի ուղղություններով: Հետախուզությունը նախազգուշացնում է Ռուսաստանի կողմից հնարավոր ավելի ագրեսիվ քայլերի մասին: Վտանգ են նաեւ Հյուսիսային Կորեան, Իրանն ու «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Եթե մի քանի օր առաջ կային հույսեր, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները սկսում են բարելավվել, ապա ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների պաշտոնատար անձանց խոսքերը մի տեսակ խաչ են քաշում այդ հնարավորության վրա:
Ինչպես ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսն է ասում. «Հստակ է, որ սոցիալական մեդիայի միջոցով ռուսներն ուժեղացնում են իրենց խաղի ոճը: Իսկ դա մեծ սպառնալիք է ժողովրդավարության մեր գործընթացի համար»:
Ավելին, Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնակատար Էնդրու Մաքքեյբը հերքում է Սպիտակ տան այն հայտարարությունները, ըստ որոնց ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի միջամտությունը ներկա հարցերից ամենափոքրն է:
Սենատորների հարցերին պատասխանելիս՝ նա ասել է. «Սա մենք համարում ենք չափազանց մեծ կարեւորության հետաքննություն»:
Այս պատասխանը նախորդ նախազգուշացումների շարունակությունն է: Հիշենք պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանը ամենամեծ սպառնալիքն է ԱՄՆ-ի ու համաշխարհային կայունության համար:
Սակայն նախագահ Դոնալդ Թրամփի օրոք այդ տեսակետը փոփոխության է ենթարկվում: Այժմ հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերով, ամենամեծ մտահոգությունն այսօր Հյուսիսային Կորեան է:
Ինչպես Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Փոմփեոն է ասել, «Չէի ասի, որ չնայած գլխավոր էջերից մի պահ դուրս մնալու փաստին, Կիմ Ջոնգ Ունի կողմից սպառնալիքը նվազել է»:
Հետախուզությունը չի հայտարարում այն մասին, թե որքան է Հյուսիսին մնացել ԱՄՆ-ին միջուկային հարված հասցնելու կարողություններ ձեռք բերելու համար: Նրանք պարզապես ասում են, որ յուրաքանչյուր նույնիսկ ձախողված փորձարկումից հետո Փհենյանն ավելի է մոտենում այդ կարողություններին:
ԱՄՆ-ի նկատմամբ մյուս սպառնալիքը «Իսլամական պետություն», կամ «Դաեշ» ծայրահեղական խմբավորումն է, որն ըստ ԱՄՆ-ի հետախուզության, վերախմբավորվում է Իրաքում ու Սիրիայում ու խրախուսում նոր հարձակումներ աշխարհի տարբեր հատվածներում:
ԱՄՆ-ի դեմ այսօր սպառնալիք է համարվում նաեւ Իրանը, որը ըստ պաշտոնատար անձանց, եթե նույնիսկ հավատարիմ է մնում միջուկային հարցերով կնքված համաձայնագրին, շարունակում է գործուն դեր խաղալ Սիրիայում եւ Իրաքում՝ տարածաշրջանի տարբեր հատվածներում ունենալով մոտ տասը հազար զինյալներ: