Ընտրակաշառքը՝ ընդդեմ սոցիալական աջակցության
«Ելք» դաշինքի հայտարարությունը, ըստ որի՝ այն քաղաքացիները, ովքեր Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ կհրաժարվեն հնարավոր ընտրակաշառքից, «Ելք» դաշինքի հաղթանակի դեպքում կկարողանան Երևանի քաղաքապետարան դիմում ներկայացնել և սոցիալական աջակցություն ստանալ՝ 15 հազար դրամի չափով, լուրջ քննադատության արժանացավ։
Ընտրական օրենսգրքում նշված է. «Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»: «Ելք» դաշինքից առաջադրված Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ այս առաջարկը հակաօրինական որևէ տարր չի պարունակում, այն 100 %-ով համապատասխանում է օրենսդրությանը։
«Քաղաքական ուժը պետք է տիրապետի իր շուրջ ստեղծված իրավիճակին, նկատի ունեմ՝ այն երկրում, որտեղ ինքը գործում է, և փորձի որոշակի լուծումներ առաջարկել այն պրոբլեմներից, որոնք որոշակի ճգնաժամային իրավիճակ են առաջացրել։ Հայաստանում ընտրակաշառքի ինստիտուտը, ըստ էության, քաղաքական ճգնաժամի վիճակ է առաջացրել երկրում, և մենք մեր պարտքն ենք համարում լուծումներ առաջարկել՝ միևնույն ժամանակ՝ պատրաստ լինելով քննարկել այդ խնդրի լուծման այլ մեխանիզմներ»,- ասաց Ն.Փաշինյանը։
Առաջարկի արդյունավետության առումով Ն.Փաշինյանն այդ 15 հազարների տրամադրումը «ներդրում» անվանեց. «Երևան քաղաքի բյուջեն մեր հաղթանակից հետո 30-40 մլրդ դրամով կավելանա, հետևաբար՝ մեր ուղերձն ընդունած քաղաքացիները նպաստում են, որ Երևան քաղաքի բյուջեն այդքանով ավելանա, և արդյունավետ է մոտ 3 մլրդ դրամ ներդնել մոտ 200 հազար ընտրողի պարագայում, որպեսզի քաղաքն ունենա 30-40 մլրդ դրամ»։
Թե որտեղի՞ց է ի հայտ գալու այդքան գումար, Փաշինյանը նշեց, որ Երևանի դոտացիան 20-21 մլրդ դրամ է, իսկ «Համահարթեցման մասին» նոր օրենքի նախագծում շատ հստակ բանաձևեր կան, և, եթե այն ընդունվի, դրանով Երևան քաղաքի մասնաբաժինն ավելի է մեծանալու. «Բայց մենք նկատի ունենք նախ խնայողությունները, որովհետև այսօր անարդյունավետ ծախսման բազմաթիվ օրինակներ կան։ Մեր փորձագետների գնահատմամբ՝ Երևանում մոտ 15 մլրդ դրամի գույքահարկի թերգնահատում կա։ Այսինքն՝ եթե որևէ սուբյեկտ պետք է մոտ 1 մլն դրամ գույքահարկ վճարի, վճարում է 40 հազար դրամ։ Տարածքների վարձակալության, գնումների համակարգի արդյունավետության բարձրացման հաշվին ևս բյուջեն կավելանա»։
Դիտարկմանը, որ օրենքով արգելվում է նախընտրական շրջանում խոստանալ դրամ, Ն. Փաշինյանը հակադարձեց, որ օրենքով արգելվում է նաև ծառայություններ խոստանալ, բայց այդ դեպքում վերելակ նորոգելը, նստարան դնելը, խաղահրապարակ դնելը, առողջապահական հիմնարկ նորոգելը ծառայություն է, աշխատավարձ բարձրացնելը դրամի խոստում է.
«Աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ որևէ ընտրարշավ ընթանում է առանց աշխատավարձերի, սոցիալական նպաստների բարձրացման և վճարման մասին խոստումների։ Հետևաբար՝ եթե մեկնաբանենք այդ դրույթն այն կոնտեքստում, որ հիմա բերվում է, ապա և՛ Երևանի քաղաքապետի ընտրությունները, և՛ նախորդ բոլոր ընտրությունները այդ հիմքով պետք է չեղյալ արվեն»։
«Մենք չենք խոստանում, որ մենք մարդկանց վճարելու ենք դրամ։ Մենք խոստանում ենք Երևան քաղաքի բյուջեում կատարել փոփոխություններ, և Երևան քաղաքի բյուջեի փոփոխություններն իրագործել։ Այսինքն՝ համայնքային ինստիտուտն է այդ դրամը վճարելու։ Դա թեկնածուն չի վճարելու, ոչ էլ քաղաքական ուժը»,- ասաց Ն. Փաշինյանը։
Երևանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ոչ միայն չի կիսում այդ կարծիքը, այլև` դատապարտում է։ «Ընտրակաշառքի դեմ պայքարելու համար մեկ այլ ընտրակաշառք առաջարկելը քրեորեն հետապնդելի արարք է»,- երեկ հայտարարեց նա: Զ.Փոստանջյանի խոսքով` հանրային միջոցները պետք է արդյունավետ ծախսվեն հասարակության կարիքները հոգալու համար:
Թե ինչո՞ւ «Ելքը» փորձեց գնալ իշխանության ճանապարհով, Զ.Փոստանջյանը նշեց, որ ապրիլի ընտրություններից հետո մարդիկ դեպրեսիայի մեջ են: Նրա կարծիքով` «Ելքը» ճանաչեց ընտրությունների արդյունքները, այսինքն` լեգիտիմացրեց ընտրությունները, երբ որ պետք է մերժեին դրանք, քանի որ պետք է դիտարկել ոչ միայն ընտրատեղամասերում կատարվածը, այլ ընդհանուր նաև դրսում եղածը, որովհետև մարդկանց ահաբեկել են, ու ամբողջ գործառույթը եղել է ընտրատեղամասերից դուրս:
««Ելք» դաշինքը դեռ իր քննությունը լիարժեք չհանձնած՝ ձախողեց»,- ասաց Զ.Փոստանջյանը` հավելելով, որ ցուցակում ներգրավված որոշ անձանց հետ ավագանիում ինքը կարող է համագործակցել:
Մեր հարցին, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ն Գագիկ Ծառուկյանի խոստումների համար նախազգուշացրեց նրան, արդյոք այս դեպքում ԿԸՀ-ն չպե՞տք է միջոցներ ձեռնարկի, Զ. Փոստանջյանը պատասխանեց, որ սա ոչ միայն ԿԸՀ-ի խնդիրն է, այլև քրեորեն հետապնդելի արարք է, և դրանով պետք է զբաղվեն իրավապահները. «Նրանք արդեն իսկ, երբ հայտարարեցին, որ ճանաչում են կեղծված խորհրդարանական ընտրությունները, իրենք հայտարարեցին, որ պատրաստ են շարունակել համագործակցությունը Սերժ Սարգսյանի հետ: Դա հայտարարել էին վաղուց, երբ կողմ էին արտահայտվել ապօրինի հավաքագրվող 1000 դրամ գումարներին: Բայց մեր խնդիրը Սերժ Սարգսյանն է, հատկապես` Նիկոլ Փաշինյանը վերցրել է մանդատը և գնալու է խորհրդարան»:
Ամեն դեպքում, ըստ Փոստանջյանի՝ քարոզարշավի ընթացքում իրենց հիմնական թիրախն իշխող ուժն է, որն օգտագործում է վարչական ռեսուրսները, այդ թվում` կրթական օջախները, որտեղ ժողովներ են անցկացվում, և փորձում են ուսուցիչների միջոցով մարդկանց հավաքագրել, որպեսզի հետագայում նաև ընտրակաշառք բաժանելու միջոցով ձայներ հավաքեն: Զ.Փոստանջյանն այդ 5-10 հազար դրամ ընտրակաշառքը համեմատեց մահապատժից առաջ ընթրիքի հետ:
ՀՀԿ խոսնակ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը «168 Ժամի» հետ զրույցում հայտարարեց, որ կառավարող ուժը որևէ ձևով ընտրակաշառք չի առաջարկում։
«Տարոն Մարգարյանը ծառայությունների առաջարկ չի անում, նա ներկայացրել է համակարգային հստակ ռազմավարական ծրագիր, որտեղ ուղիղ սևով սպիտակի վրա գրված է, թե ինչպես ենք մենք բարեփոխելու Երևանի տնտեսությունը՝ վերելակային, տրանսպորտային և այլն։ Սա այլ բան է»,- ասաց նա՝ քննադատողներին խորհուրդ տալով նախ՝ ուսումնասիրել 2013-17 թթ. ծրագիրը, իրականացրած աշխատանքները, ներկայացված ծրագիրը, և նոր միայն խոսել։ Ըստ նրա՝ մայիսի 14-ին երևանցին ցույց կտա, թե ում ծրագիրն է ավելի արդյունավետ, ավելի վստահելի և ում հետ է կապում Երևանի զարգացումը հաջորդ 5 տարիներին։
Ընտրակեղծիքների մեղադրանքները Է.Շարմազանովը հորդորեց ներկայացնել մամուլում և դրանք «նախընտրական հակահնարք» անվանեց։ «ՀՀԿ-ն Հայաստանում ժողովրդավարական գործընթացների առաջամարտիկն է, և նախևառաջ՝ ՀՀԿ-ի քաղաքական կամքով է պայմանավորված եղել Հայաստանում ժողովրդավարական պրոցեսների զարգացումը։ Իսկ ժողովրդավարությունն ու ընտրակաշառքը հակառակ բևեռներում են, հետևաբար՝ ՀՀԿ-ն չի բաժանում ընտրակաշառք, նպատակ և կարիք էլ չունի։ Մեր թեկնածուն շատ լավ աշխատել է»,- հավելեց Է.Շարմազանովը։
Երեկ օրվա երկրորդ կեսին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ իրենք ուսումնասիրում են «Ելք» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի խոստումը՝ 15 հազար դրամ սոցիալական աջակցություն տրամադրելու մասին, և, եթե պարզեն, որ այդ խոստումը հակաօրինական է, կձեռնարկվեն համապատասխան միջոցներ: