Ընտրակաշառքի փոխարեն 15 հազար դրամի առաջարկը ներդրում է՝ ըստ Նիկոլ Փաշինյանի

«Ելք» դաշինքից առաջադրված Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ընտրակաշառքի փոխարեն դաշինքի ընտրվելու դեպքում 15 հազար դրամ սոցիալական օգնության իրենց առաջարկը պետք է դիտարկել մի քանի տեսանկյունից։ Նա վստահություն հայտնեց, թե իրավական առումով այն որևէ խնդիր չի առաջացնում։

«Այս առաջարկը հակաօրինական որևէ տարր չի պարունակում, այն 100 %-ով համապատասխանում է օրենսդրությանը։ Քաղաքական ասպեկտն այն է, որ քաղաքական ուժը պետք է տիրապետի իր շուրջ ստեղծված իրավիճակին, նկատի ունեմ՝ այն երկրում, որտեղ ինքը գործում է, և փորձի որոշակի լուծումներ առաջարկել այն պրոբլեմներից, որոնք որոշակի ճգնաժամային իրավիճակ են առաջացրել։ Հայաստանում ընտրակաշառքի ինստիտուտը, ըստ էության, քաղաքական ճգնաժամի վիճակ է առաջացրել երկրում, և մենք մեր պարտքն ենք համարում լուծումներ առաջարկել՝ միևնույն ժամանակ պատրաստ լինելով քննարկել այդ խնդրի լուծման այլ մեխանիզմներ»,- ասաց Ն.Փաշինյանը։

Բարոյական առումով, ըստ նրա, բարոյական չէ, որ քաղաքական գործիչն իր կեցվածքով որոշի, որ ընտրակաշառքով քվեարկող ընտրողների հետ չի աշխատելու, այլ պետք է փորձի նրանց բերել օրենքի և քաղաքացիական գիտակցության դաշտ։

Առաջարկի արդյունավետության առումով Ն.Փաշինյանն այդ 15 հազարների տրամադրումը «ներդրում» անվանեց. «Երևան քաղաքի բյուջեն մեր հաղթանակից հետո 30-40 մլրդ դրամով կավելանա, հետևաբար, մեր ուղերձն ընդունած քաղաքացիները նպաստում են, որ Երևան քաղաքի բյուջեն այդքանով ավելանա, և արդյունավետ է մոտ 3 մլրդ դրամ ներդնել մոտ 200 հազար ընտրողի պարագայում, որպեսզի քաղաքն ունենա 30-40 մլրդ դրամ»։

Կարդացեք նաև

Թե որտեղի՞ց է ի հայտ գալու այդքան գումար, Փաշինյանը նշեց, որ Երևանի դոտացիաները 20-21 մլրդ դրամի են, և կառավարության քմահաճույքը չէ՝ այդ դոտացիան տա՞լ, թե՞ ոչ։ Նրա խոսքով՝ «Համահարթեցման մասին» նոր օրենքի նախագծով շատ հստակ բանաձևեր են դրված, և, եթե այն ընդունվի, դրանով Երևան քաղաքի մասնաբաժինն ավելի է մեծանալու. «Բայց մենք նկատի ունենք նախ խնայողությունները, որովհետև այսօր անարդյունավետ ծախսման բազմաթիվ օրինակներ կան։ Մեր փորձագետների գնահատմամբ՝ Երևանում մոտ 15 մլրդ դրամի գույքահարկի թերգնահատում կա։ Այսինքն՝ եթե որևէ սուբյեկտ պետք է մոտ 1 մլն դրամ գույքահարկ վճարի, վճարում է 40 հազար դրամ։ Տարածքների վարձակալության, գնումների համակարգի արդյունավետության բարձրացման հաշվին ևս բյուջեն կավելանա»։

Դաշինքի ավագանու թեկնածու Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այդ դիմումները քաղաքացիները կկարողանան գրել այն ժամանակ, երբ «Ելք» դաշինքը գա իշխանության. «Մենք կարծում ենք, որ դա այնպիսի մթնոլորտ է փոխելու Հայաստանի Հանրապետությունում, որ այդ դիմումները ՀՀ ոստիկանություն ներկայացնելու կարիք չի լինելու, որովհետև Ոստիկանությունն արդեն իր մեջ խնդիրներ է ունենալու՝ սրանք չբացահայտելու առումով։ Եվ սա շատ կոնկրետ իրավիճակ է փոխելու Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետությունում»։

Դիտարկմանը, որ օրենքով արգելվում է նախընտրական շրջանում խոստանալ դրամ, Ն. Փաշինյանը հակադարձեց, որ օրենքով արգելվում է նաև ծառայություններ խոստանալ, բայց այդ դեպքում վերելակ նորոգելը, նստարան դնելը, խաղահրապարակ դնելը, առողջապահական հիմնարկ նորոգելը ծառայություն է, աշխատավարձ բարձրացնելը դրամի խոստում է. «Աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ որևէ ընտրարշավ ընթանում է առանց աշխատավարձերի, սոցիալական նպաստների բարձրացման և վճարման մասին խոստումների։ Հետևաբար՝ եթե մեկնաբանենք այդ դրույթն այն կոնտեքստում, որ հիմա բերվում է, ապա և՛ Երևանի քաղաքապետի ընտրությունները, և՛ նախորդ բոլոր ընտրություններն այդ հիմքով պետք է չեղյալ արվեն»։

«Մենք չենք խոստանում, որ մենք մարդկանց վճարելու ենք դրամ։ Մենք խոստանում ենք Երևան քաղաքի բյուջեում կատարել փոփոխություններ, և Երևան քաղաքի բյուջեի փոփոխություններն իրագործել։ Այսինքն՝  համայնքային ինստիտուտն է այդ դրամը վճարելու։ Դա թեկնածուն չի վճարելու, ոչ էլ քաղաքական ուժը»,- ասաց Ն. Փաշինյանը՝ նկատելով, որ Երևանի բյուջեի տերն են ընտրողները, ավագանին և քաղաքապետը, և, եթե ընտրողները համաձայն են իրենց առաջարկին, կքվեարկեն «Ելքի» օգտին։

Տեսանյութեր

Լրահոս