Ե՞րբ կկրճատվի գործազրկությունն ու կավելանա աշխատողների քանակը
2016թ. վերջին Հայաստանում գործազուրկների «բանակը» պաշտոնապես 221 հազար 500 է: Ու թեև 2015թ. համեմատ այդ ցուցանիշը նվազել է մոտ 22 հազարով, փոխարենը՝ աշխատողների թիվը չի ավելացել, այլ նույնպես պակասել է` մոտ 66 հազարով: Մեկնաբանելով այս ցուցանիշները` Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ անցած տարի տնտեսական աճն ընդամենը 0.5% ամփոփվեց, իսկ նախկինում թվերը միշտ ուռճացվել էին` 3-3.5%:
«Տնտեսությունն իրականում գտնվել է լճացման, կանգնած վիճակի մեջ: Եվ տնտեսական աճի մեջ զբաղվածությունը` որպես կարևոր մաս, կարող էր նույնիսկ նվազել, որովհետև նման տեմպի մեջ միգրացիան կարող է բացասական ազդեցություն ունենալ, որ աշխատողների մի մասը հեռանում է երկրից»,- ասաց Գ.Մակարյանը:
Ըստ նրա` գործազրկությունը պաշտոնապես 18% է, բայց իրականում դրա ծավալը կրկնակի է` մոտ 30% և ավելի, բարձր է աղքատությունը` 29%, բայց դա ևս կրկնակի պետք է հաշվել ոչ պաշտոնականը: Գ.Մակարյանի խոսքով` այսօր Հայաստանում կա ակտիվ գործող ընդամենը 65 հազար միկրո և փոքր ձեռնարկություն, որոնք ընդանուր մուծում են պետական հարկերի 10%-ը.
«Այսինքն` էկոնոմիկա չկա, դրանք ուղղակի զբաղվածության խնդիր են լուծում: Հարկային բեռի 90%-ը գտնվում է միջինի և խոշորի ուսերին: Այսինքն` ունենք հսկայական թիվ` 65 հազար տնտեսվարող, բայց տնտեսական առումով ունենք գործատուների շատ թույլ խումբ: Ընդ որում` այդ 65 հազարից 30-40 հազարն անհատ ձեռնարկատերեր են, տոնավաճառներում առնում-ծախում են, հազիվ իրենց գլուխն են պահում և տնտեսության մեջ որևէ դերակատարում չունեն: 15-20 հազարը փոքր ձեռնարկություններ են, և ընդամենը 500-ը` միջին: Նախորդ տարիներին այդ թիվը մեծ էր` 85-90 հազար, այսինքն` մեզ մոտ կա ձեռնարկությունների թվի նվազման միտում: Եթե խոշորն էլ` մոտ 2000, գումարենք, ստացվում է, որ մեզ մոտ կա ընդամենը մոտ 67 հազար ակտիվ գործող ձեռնարկություն, որոնք հաշվետվություն են տրամադրում, դրա համար համարվում են ակտիվ»:
Գ.Մակարյանը նշեց, որ դրա համար ՊԵԿ-ը վերջին ժամանակներում ուսումնասիրում է և այն ձեռնարկությունները, որոնք մոտ 3 տարվա կտրվածքով չեն ներկայացրել հաշվետվություններ կամ զրոյական է, առաջարկում են դրանց հանել ցուցակից, այսինքն` լուծարել. «Մաքրման պրոցես է գնում: Բայց իրականում, եթե տնտեսական առումով նայենք, մենք ունենք նվազող թվաքանակ, որը լուրջ խնդիր է»:
Գ.Մակարյանի կարծիքով` լուրջ խնդիր է նաև այն, որ ձեռնարկությունների արդյունավետությունը չի ավելանում. «Ամենամեծ խնդիրը, որ կարող է ազդել զբաղվածության վրա, ձեռնարկությունների արդյունավետության բարձրացումն է: Իսկ կայուն ձեռնարկություններ մենք գրեթե չունենք, հազիվ յոլա են գնում: Եվ եթե դուք նայեք նաև աշխատավարձի ֆոնդի չափը, ապա դա էլ էականորեն չի փոխվում, բացի, գուցե, ինժեներական, բարձր տեխնոլոգիաների ոլորտի, որտեղ իրական աճ կա: ՏՏ-ները հիմա 500 մլն դոլար տարեկան շրջանառության են գրեթե հասել, այսինքն` այնքան, ինչքան համարյա հանքարդյունաբերությունն է, բայց այնտեղ աշխատավարձերը բարձր են: Բայց մյուս ճյուղերը` առևտուրը, արդյունաբերական արտադրանքը, վատ վիճակում են»:
«Ամեն դեպքում, կարծում եմ՝ այս տարի պետք է լավ լինի, որովհետև կառավարության կարևոր, հետաքրքիր ռեֆորմները` ներդրումների խթանման, վարչարարության, կոռուպցիայի, ստվերի դեմ պայքարի և այլն, դրական սյուների նման այդ շենքի հիմքերը կառուցում են: Ստվերի դեմ պայքարն էլ կկրճատի գործազուրկների թիվը, որովհետև աշխատողների մի մասը ձևակերպված չեն: Երբ այդ պրոցեսները մի քիչ կխորանան, վիճակը կլավանա, և մենք տարվա վերջին 2 բաղադրիչի շնորհիվ կունենանք գործազրկության նվազում` տնտեսական փոփոխություններ, նոր ձեռնակությունների բացվել, ներդրումների խթանում, և ոչ ֆորմալ զբաղվածությունը կնվազի, ու կերևա զբաղվածության իրական ցուցանիշը: Կարծում եմ՝ դա տեղի կունենա այս աշնանը»,- հավելեց Միության նախագահը: