«Եթե մարդկանց թույլ ես տալիս ազատ երթևեկել, անցանկալի միգրացիոն պրոցեսները գրեթե զրոյանում են». Ստեփան Գրիգորյան

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն այսօր ներկայացրեց «ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզաների տրամադրման պարզեցման» համաձայնագրի երրորդ մոնիթորինգի արդյունքները: Ըստ մոնիթորինգի՝ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո առաջին տարում(2014թ.) նախորդ տարվա՝ 2013թ. հետ համեմատած՝ դիմումների թիվն աճել է 12%-ով, իսկ 2015թ. 2014թ. համեմատ՝ մոտ 10%-ով։ Դրան զուգահեռ, 2012-2015թթ. աճել են նաև մերժումները՝ 2012թ. համեմատ մոտ 8%-ից դրանք 2015թ. հասել են 12.3%-ի։

Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի համար կարևոր է Եվրամիության հետ վիզաների ազատականացման մասին պայմանագիր ստորագրել: Հիշատակելով Վրաստանի օրինակը՝ նա ասաց, որ ԵՄ ռեժիմի ազատականացումը չի մեծացնում արտագաղթը. «Ես խոսել եմ Վրաստանի դեսպանի հետ, նա ինձ ասաց, որ իրենք ուշադիր հետևում են, թե ինչքան մարդ դուրս եկավ Վրաստանից վիզաների ազատականացումից հետո, ինչքան մարդ վերադարձավ։ Նա ասաց, որ 100 տոկոսով մարդիկ վերադարձել են: Այսինքն՝ եթե կարգավորում ես քո հարաբերությունները ԵՄ հետ, թույլ ես տալիս ազատ երթևեկել, անցանկալի միգրացիոն պրոցեսները գրեթե զրոյանում են»։

Ըստ նրա՝ վիզաների ազատականացումը Հայաստանի և Վրաստանի նման երկրներում ԵՄ-ի համար որևէ վտանգ չի ներկայացնում։

Ստեփան Գրիգորյանը նկատեց, որ վիզաների դյուրացման պայմանագրով քաղաքացիների որոշ կատեգորիաների համար նախատեսված անվճար վիզաներ տրամադրելու դրույթը թերի է գործում։ Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ ՀՀ քաղաքացիները մերժումներ են ստանում հիմնականում փաստաթղթերի թերի լինելու պատճառով։

Կարդացեք նաև

Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ այն պետությունները, որոնք թուլացնում են ԵՄ հետ համագործակցությունը, այդ պետություններում վատանում է իրավիճակը մարդու իրավունքների ոլորտում:

Վիզաների ազատականացման պայմանագրի ստորագրմամբ, ըստ Գրիգորյանի, ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան ավելի քիչ թվով տեղեկանքներ ներկայացնել, վիզան ավելի էժան կարժենա, որոշ դեպքերում՝ անվճար, ու դրանք դեսպանությունների կողմից պետք է քննվեն մինչև 10 օրում: Սա, իհարկե, նրա խոսքով՝ չի վերաբերում այն առանձին խմբերին, ովքեր ունեն արտոնություններ:

«Եթե մենք ուզում ենք այս ուղղությամբ առաջ գնալ, պետք է երկու ոլորտում հաջողություն գրանցենք՝ հակակոռուպցիոն և հակախտրական օրենսդրություն մշակենք»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս