«Ֆրանսիան կին է ղեկավարելու՝ կամ ես, կամ Անգելա Մերկելը». Մարին լե Պեն
«Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը մայիսի 3-ի երեկոյան կայացած հեռուստաբանավեճի ընթացքում կարծիք է հայտնել, որ եթե ինքը հաղթանակ չտանի երկրի նախագահական ընտրություններում, ապա Ֆրանսիան ղեկավարելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
«Բանն ինչով էլ ավարտվի, հետագայում Ֆրանսիան կին է ղեկավարելու՝ կամ ես, կամ Անգելա Մերկելը»,-ասել է լե Պենը՝ որը քննադատել է Էմանուել Մակրոնին Եվրամիության հիման վրա ֆրանսգերմանական դաշինքն ամրապնդելու նրա մտադրության համար:
«Իրականությունն այն է, որ դուք արդեն այցով եղել եք տիկին Մերկելի մոտ եւ օրհնություն խնդրել նրանից, քանի որ դուք մտադիր չեք որեւէ բան ձեռնակել առանց նրա համաձայնության»,-հայտարարել է լե Պենը՝ ընդգծելով, որ ընտրություններում իր մրցակիցը «Եվրամիությանն անվերապահորեն ենթարկվելու» ուղեգիծ է բռնել:
Ի պատասխան Մակրոնը, մասնավորապես, ասել է, որ «բարեբախտաբար, Ֆրանսիայում միշտ էլ եղել են քաղաքական գործիչներ, որոնք կարողացել են տեսնել ապագան: Եվ գեներալ դե Գոլը, եւ կանցլեր Ադենաուերը կարողացան միասին աշխատել եւ այդ կերպ կառուցեցին ներկայիս Եվրոպան», հաղորդել է ՏԱՍՍ-ը: