11-ամյա Սիրանուշին անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ. բազմազավակ ընտանիքը գումար չունի
Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղում՝ ծովի մակերևույթից 1600 մետր բարձրության վրա, սոցիալապես անապահով վիճակում է ապրում Շահինյանների բազմազավակ ընտանիքը (4 անչափահաս երեխա):
Ընտանիքի անդամներից և ոչ մեկը աշխատանք չունի, գոյատևման միջոցը թոշակն է ու նպաստը, որը կազմում է ընդամենը 76 հազար դրամ: Սակայն այս դժվարությունները նրանց այնքան էլ չեն անհանգստացնում, ինչքան այն, որ մեծ երեխային՝ 11-ամյա Սիրանուշին, անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ, որի համար էլ, հասկանալի է, խոշոր գումարներ են պահանջվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխայի հիվանդությունը հայտնաբերվել է այս տարվա փետրվար ամսին, այն է՝ ուղեղիկի աջ կիսագնդի ԱՎՄ: Այժմ անհրաժեշտ է այնպիսի վիրահատություն, որն արժե 4-6 մլն դրամ:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ծնողներն ասացին, որ երեխայի գլուխն անընդհատ ցավում է, և նա հաճախակի ընկնում է ցնցումների մեջ: Խնդրանքով դիմում ենք բոլոր բարեգործ և սրտացավ մարդկանց, որ օգնության ձեռք մեկնեն այս խիստ կարիքավոր ընտանիքին, ով ինչքան որ կարող է:
Օգնել ցանկացողները կարող են զանգահարել երեխայի հայրիկին՝ Ռոմիկ Շահինյանին՝ 093 75 31 32 հեռախոսահամարով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի