Բաժիններ՝

Ինչ ծրագրեր ունեն քաղաքական ուժերը՝ Երևանում տրանսպորտի խնդիրները լուծելու համար

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող երեք քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրում մեծ կարևորություն են հատկացնում մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի խնդիրներին և առաջարկում են դրանք լուծելու իրենց տեսլականն ու մեխանիզմները: Ավագանու ընտրություններին մասնակցող երեք ուժերն էլ` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը և «Ելք» դաշինքը` որպես Երևանի առջև ծառացած ռազմավարական խնդիր առանձնացնում են հասարակական տրանսպորտի հարցը և ընդունում են, որ այս ոլորտում կա էական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտություն:

«Արմենպրես»-ը ներկայացնում է երեք քաղաքական ուժերի տեսլականը և նախընտրական ծրագրերում առկա դրույթները` մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի խնդիրները կարգավորելու ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետական կուսակցություն 

Իշխող Հանրապետականը Երևանի օրակարգային խնդիրներից մեկը համարում է հանրային տրանսպորտի անբավարար վիճակնը և մատուցվող ծառայության ցածր որակը։ ՀՀԿ-ն արձանագրում է, որ վերջին տարիների ընթացքում մատուցվող ծառայության որակը բարելավելու նպատակով Երևանի քաղաքային իշխանությունները հանդես են եկել մասնակի լուծումներով, սակայն դրանք բավարար արդյունք չեն տվել։ Մի շարք հետազոտությունների, միջազգային փորձի ուսումնասիրության և մասնագիտական քննարկումների արդյունքում այսօր արդեն փաստում են, որ համակարգային փոփոխությունն անխուսափելի է, և իրե նք զինված ենք համապատասխան փորձով ու գործիքակազմով՝ բարեփոխման այս գործընթացը հաջողությամբ իրականացնելու համար։

Կուսակցության  ներկայացրած ծրագրով հանրային տրանսպորտի ոլորտն        ամբողջապես փոփոխության կենթարկվի՝ համապատասխանեցվելով միջազգային չափանիշներին։ Դա ենթադրում է և՛ շարժակազմի արդիականացում, և՛ միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրում, և՛ ընդհանուր սպասարկման որակի բարելավում, ինչպես նաև՝ սոցիալական խմբերին արտոնությունների տրամադրում։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 2017-2022 թթ. ընթացքում Երևանի հանրային տրանսպորտի խնդիրները լուծելու նպատակով նախատեսում է իրականացնել հետևյալ քայլերը.

մշակել և կիրառել Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր և արդյունավետ երթուղային ցանց,

ապահովել հասարակական տրանսպորտի միջազգային չափանիշներով սպասարկման ծառայությունների մատուցում՝ կազմավորելով նոր օպերատոր,

միկրոավտոբուսների հնարավորինս բացառման գերակա սկզբունքով երթուղային ցանցին համապատասխան ձեռք բերել սպասարկման ժամանակակից պահանջները բավարարող մեծ և միջին տեղատարողությամբ նոր ավտոբուսներ,

ներդնել էլեկտրոնային և միասնական տոմսային նորագույն համակարգ՝ սոցիալական խմբերի համար հստակ զեղչերի կիրառմամբ,

տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ ապահովել երթուղիների, չվացուցակների, տրանսպորտային միջոցի գտնվելու վայրի և ժամանման իրական ժամանակի վերաբերյալ տեղեկությունների առցանց հասանելիությունը,

արդիականացնել կանգառասրահները համապատասխան կահավորանքով և նոր տեղաբաշխմամբ։

ձեռք բերել նոր տրոլեյբուսներ և տրոլեյբուսային ցանցն ինտեգրել ընդհանուր տրանսպորտային ցանցին,

մշակել և ներդնել երթևեկության կանոնակարգմանը և փողոցային տրանսպորտային հոսքերի բեռնաթափմանն ուղղված երթևեկության կառավարման (ներառյալ լուսացուցային օբյեկտները, ճանապարհային նշանները և այլն) միասնական ծրագիր,

ապահովել մետրոպոլիտենի արդիականացման, անվտանգության ապահովման և զարգացման ծրագրերի շարունակականությունը,

նոր երթուղային ցանցի ներդրման համատեքստում ապահովել մետրոպոլիտենի շահագործման արդյունավետության բարձրացումը,

ապահովել ավտոկայանատեղերի կանոնակարգում՝ ծանրաբեռնված փողոցներում դրանց կրճատման հնարավոր տարբերակների կիրառմամբ:

«Ելք» դաշինք 

«Ելք» դաշինքը նախատեսում է սկսել ավտոբուսային միջանցքի ձևավորում, երբ պողոտաների երթևեկելի գծերից  մեկը պիկ ժամերին կհատկացվի բացառապես ավտոբուսների եւ տրոլեյբուսների երթևեկությանը:

Դաշինքը խոստանում է ավտոբուսների, տրոլեյբուսների, մետրոպոլիտենի կողմից ուղևորափոխադրումների չափաբաժինը առաջիկա հինգ տարիներին հասցնել 80 տոկոսի՝ ներկայիս 46 տոկոսի փոխարեն, ապահովել քաղաքային տրանսպորտի լիարժեք հասանելիությունը մինչև  կեսգիշեր: Տրանսպորտի խնդիրները լուծելու ուղղությամբ դաշինքը նախատեսում է իրականացնել նաև հետևյալ քայլերը.

– Կգործարկվի «Զվարթնոց» օդանավակայանը Երևանի կենտրոնին կապող ավտոբուսային շուրջօրյա երթուղի:

– Խստագույն միջոցներ կձեռնարկվեն քաղաքային տրանսպորտից օգտվող քաղաքացիների սպառողական իրավունքները պաշտպանելու համար (վարորդների արտաքին տեսքի, պահվածքի, տրանսպորտային միջոցների մաքրության և տեխնիկական պատշաճ վիճակի, դրանցում հնչող երաժշտության հարցերը կլինեն խստագույն վերահսկողության ներքո):

– Կձևավորվի հեծանվային միջանցք հեծանվորդների անարգել երթևեկությունը կազմակերպելու համար, կներդրվեն հեծանիվով երթևեկողների խրախուսման միջոցներ:

– Կներդրվեն «խելացի լուսացույցներ», որոնք երթևեկությունը կկարգավորեն ըստ ծանրաբեռնվածության: Մինչ  «խելացի լուսացույցների» տեղադրումը բոլոր խոշոր խաչմերուկներում կգործեն երթակարգավարներ:

– Ամբողջությամբ կթարմացվեն Երևանի ճանապարհային նշանները` բացառելով դրանց և լուսացույցների վատ տեսանելիությունը վարորդների և հետիոտների համար:

– Երևանի մետրոպոլիտենի կառուցումը կդառնա անընդհատ պրոցես՝ հնարավոր առավելագույն ծավալներով. մինչեւ 2022 թվականը կգործարկվի մետրոպոլիտենի առնվազն մեկ նոր կայարան:

– Կվերացվի Երևանում կայանատեղիների սպասարկման մենաշնորհը, և քաղաքի տարբեր հատվածներում կայանատեղիների կազմակերպումը կիրականացնեն բաց և թափանցիկ մրցույթով ընտրված այնպիսի ընկերություններ, որոնք կապահովեն նվազագույն գին և առավելագույն որակ:

– Կխթանվի մայրաքաղաքում ստորգետնյա և բազմահարկ ավտոկայանատեղիների կառուցումը ` կիրառելով հարկային արտոնություններ և այլ միջոցներ:

«Երկիր ծիրանի» կուսակցություն

Կուսակցության նախընտրական ծրագրում Երևանում հասարակական տրանսպորտի խնդիրները լուծելուն միտված աշխատանքներին բավականին լայն անդրադարձ կա:

«Երկիր ծիրանի» կուսակցությունն արձանագրում է, որ Երևանի թամանյանական առաջին գլխավոր հատակագիծն արված էր 100.000 բնակչության հաշվարկով: Փողոցները նախագծված էին հիմնականում վերգետնյա տրանսպորտի (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս) նորմալ աշխատանքի համար:

Կուսակցությունն անհրաժեշտ է համարում հասարակական տրանսպորտի տեղաշարժի վերակազմակերպումը` ճանապարհային կառուցվածքներ, երթուղիների տրամադրում, արտոնյալ կանաչ լույսի տրամադրում, քանի որ հասարակական տրանսպորտը պետք է հնարավորություն ունենա անխափան շարժվելու:

«Երկիր ծիրանի» կուսակցությունը գտնում է, որ պետք է վերադառնալ վերգետնյա հանրային տրանսպորտի, և առաջին հերթին` մագիստրալ երթուղիների կենտրոնացված կառավարման համակարգին: Հարկավոր է ձևավորել նաև «հովհարային» կառուցվածք, որպեսզի համակարգվեն զանգվածային ուղևորափոխադրման միջոցները: Քաղաքում անհրաժեշտ է նշանակալի հետիոտնային տեղաշարժով փողոցների հետիոտնային տարածքների վերաձևավորում: Կարևոր է ավտոմեքենաների տեղաշարժի սահմանափակումը, որպեսզի այն չխանգարի քաղաքի բնականոն կյանքին:

Մայրաքաղաքում պետք է ավելացնել կանգառների թիվը, բարելավել դրանց վիճակը և զերծ պահել ոչ իր նշանակության փոխադրամիջոցների կայանումից, որոնք հաճախ խցանման պատճառ են դառնում: Անհրաժեշտ է կարմիր գծանշումների, ավտոկայանատեղիների և ճանապարհատրանսպորտային խախտումների վերահսկողության համալիր լուծումներ: Խախտումների վերաբերյալ ոչ իրավաչափ պատժամիջոցները հարկավոր է վերանայել:

Կուսակցությունն արձանագրում է, որ Երևանն ունի հսկայական պատմական ու սոցիալական արժեք, և այդ արժեքը չի կարելի զոհաբերել քաղաքային տարածքներում ավտոմեքենաների անսահմանափակ հասանելիությանը:

Կուսակցության նախընտրական ծրագրում առանձն դրույթ կա Երևանի մետրոպոլիտենի շինարարության վերաբերյալ:

Մետրոպոլիտենի շինարարություն

Երևանի զարգացման գլխավոր պլանով` մայրաքաղաքում պետք է լիներ մետրոպոլիտենի 32 կայարան և 3 գիծ: Առաջին գիծը պետք է բաժանվեր 3 կանգառների` Աջափնյակ, Նազարբեկյան և Դավիթաշեն, երկրորդ գիծը ներառում էր 12 կայարան` սկսած Հյուսիսային ավտոկայանից` Քանաքեռով, Երազ գործարանով, այնուհետև` Կոմիտաս, Արաբկիր, Բարեկամություն 2, Մաշտոցի պողոտա, այդտեղից անցում դեպի երրորդ գիծ` Հանրապետության հրապարակ 2, Խանջյան փողոց և երեք կայարան Էրեբունիում: Երրորդ գիծը պետք է ներառեր 7 կայարան` Ավանից մինչև Գայի պողոտա, այնտեղից դեպի Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ` դեպի Երիտասարդական 2, Մաշտոցի պողոտա 2, Կիլիկիա, Մալաթիա:

Սակայն 1996 թվականից առ այսօր չի բացվել և ոչ մի նոր կայարան: Ներկայիս մետրոպոլիտենի խնդիրը կայացել է գոյություն ունեցող ցանցի պահպանությամբ: Առավել իրատեսական պլաններից է Երիտասարդական կայարանի 2-րդ մուտքի կառուցումը, որը ներառված էր նախագծում և իրականացվել է 60 տոկոսով: Երևանի զարգացման և տրանսպորտի արդյունավետ աշխատանքի համար մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցումն առաջնահերթություն է:

Տրամվայ

Կուսակցությունը նախատեսում է վերականգնել տրամվայները` նկատելով, որ անցյալ դարի կեսերին ողջ աշխարհում տրամվայն սկսեց անհետանալ, քանի որ խանգարում էր ավտոմեքենաներին: «Թվում էր` եթե վերացվեն գծերը և լայնացվեն ճանապարհները, ապա խցանումները կպակասեն: 50 տարի անց մի շարք քաղաքներ հասկացան սխալը, և տրամվայն սկսեց վերադառնալ եվրոպական քաղաքների փողոցներ: Տրամվայի շահագործումը Երևանում կրկին դարձել է արդիական»,- ասված է կուսակցության նախընտրական ծրագրում:

Տրոլեյբուսներ, ավտոբուսներ, երթուղային տաքսիներ

Երևանի հանրային տրանսպորտը շուրջ 95 տոկոսով ներկայացված է միկրոավտոբուսներով, որոնց մեծ մասը գործարկվում է արդեն 15 տարուց ավելի: Հանրային տրանսպորտում գործում է վճարման այնպիսի համակարգ, երբ վճարը վարորդն ինքն է ստանում առանց տոմսի, երբ ուղևորների` նախատեսվածից ավելի շատ փոխադրվում է կատարվում, և գործում է վարորդների 12-16-ժամյա աշխատանքային օր` 6-7-օրյա աշխատանքային գրաֆիկով:

Պետության կողմից համապատասխան ուշադրության բացակայությունը և ստվերային տնտեսության առկայությունն ու պետական դոտացիաների բացակայությունն արգելակում են հանրային տրանսպորտի զարգացումը: Առաջնահերթ խնդիր է վերոնշյալ երևույթներից ձերբազատվելը:

Կուսակցությունն առանձին դրույթ ունի նաև Երևանի փողոցներում հեծանվային երթուղիներ ձևավորելու ուղղությամբ.

Ցանկացած ոք, ով երթևեկում է քաղաքում հեծանիվով, գիտե, որ օրենքով այդ անել հնարավոր չէ: Դա պայմանավորված է նախ նրանով, որ երթևեկելի տարածքներն զբաղեցված են մեքենաներով, որոնք այդտեղ ժամերով կանգնում են, ապա նաև նրանով, որ վարորդները մեքենաները վարում են շատ մեծ արագությամբ, իսկ հեծանվորդն այդ հոսքի մեջ ուղղակի վտանգում է իր կյանքը: Մայթերով երթևեկել չի թույլատրվում: Հեծանիվը կարող է դառնալ հանրային տրանսպորտի և անձնական ավտոմեքենայի այլընտրանք, բայց առանց նորմալ ենթակառուցվածքների դա հնարավոր չէ:

Սակավաշարժ բնակչությանն անհրաժեշտ ենթակառուցվածքներ, և հասարակական տրանսպորտը, և շենքերի մեծամասնությունը, նույնիսկ` փողոցները, բոլորովին հարմարեցված չեն որոշակի ֆիզիկական առանձնահատկություններ ունեցող մարդկանց համար: Այսօր հաշմանդամություն ունեցողները փակված են իրենց տներում, քանի որ հնարավորություն չունեն տրանսպորտով երթևեկելու, իսկ ովքեր էլ հնարավորություն ունեն` օգտվում են միայն տաքսիներից:

Շանթ Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս