Բաժիններ՝

«Փոքր բիզնեսի համար մատչելի վարկեր չկան». Հակոբ Ավագյան

ՀՀ կառավարության նիստում նախորդ շաբաթ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ վարկերի հետ կապված մի խնդրի՝ վարկային պարտավորությունը վաղաժամ մարելու դեպքում տույժերի և տուգանքների կիրառմանը: «Նման մեխանիզմը, չնայած իր հնարավոր առավելություններին, միաժամանակ բեռ է դառնում մեր համաքաղաքացիների և նույնիսկ տնտեսվարող սուբյեկտների համար: Կարծում ենք, որ մենք այստեղ բան ունենք անելու՝ ստեղծել մեխանիզմներ, որոնք գուցե կխրախուսեն բարեխիղճ վարկատուներին»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Վարկերի հետ կապված մնացած խնդիրների մասին կառավարության նիստում խոսք չեղավ։

ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ամենից առաջ խնդիրն այն է, որ փոքր բիզնեսի համար մատչելի առաջարկներ չկան, լուրջ խնդիր է գրավի առարկան. «Եթե խոսում ենք սկսնակ բիզնեսի մասին, դա լուրջ խնդիր է։ Նա պետք է խնդրի քեռուն, հորեղբորը, որ իրենց գույքը վարկի համար գրավ դնեն, որը գրեթե անհնար է։ Մինչ այս, միակ առանց գրավի վարկը տալիս էր ՓՄԶ ԶԱԿ-ը, սակայն նրա վիճակը վերջին տարիներին անհուսալի է, հատկապես, որ նախորդ տնօրենն էլ փախուստի մեջ է ԵՄ դրամաշնորհների գործով։

Այսինքն՝ ՓՄՁ ԶԱԿ-ը, որը հենց փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնն է, որը պետք է կարողանար ինչ-որ ձևով հարցերը լուծել, որոշ ժամանակ գործելուց հետո կանգնեց, որովհետև ռեսուրսները քիչ էին, մեխանիզմները ճիշտ չէին, և այլն»։

Երկրորդ կարևոր պայմանը, ըստ Հ.Ավագյանի, օժանդակության գործիքներն են, որոնք հնացած են և, ըստ նրա՝ պետք է փոխել։ Օրինակ, նշեց նա, խոսվում էր ազգային ինկուբատորի ստեղծման մասին, որը նորարար գործարարին պետք է տրամադրեր անհրաժեշտ ռեսուրսները և հնարավորություն տար աշխատելու, շուկա մտնելու, ինկուբացիոն մեթոդով ձեռքից բռնած առաջ տաներ, ինչպես աշխատում են Իսրայելում, Ճապոնիայում։ Հ.Ավագյանը նշեց, որ Հայաստանում հաճախ է պատահում, երբ լավ բիզնես-գաղափար են ներկայացնում, բայց ստացված վարկն օգտագործում են անձնական այլ խնդիրների լուծման համար, իսկ դա բացառելու համար կիրառվում է ինկուբացիոն մեթոդը։

Հ.Ավագյանը նշեց, որ մեկ այլ տարբերակով start-up-ի համար գրավ են դրվում հենց ընկերության բաժնետոմսերը, որը նման է ինկուբացիային, օրինակ՝ այդ կերպով իր ուղին սկսել է «Ինսթիգեյթ» ընկերությունը, սակայն այս դեպքում գրավի առարկան ոչ թե անշարժ գույքն է կամ նյութական արժեքը, այլ հենց կազմակերպությունը, և վարկատուն դառնում է գործընկեր։

Հ.Ավագյանի խոսքով՝ այս մեթոդը Հայաստանում այժմ կիրառվում է միայն Եվրոպական բանկում, որն, օրինակ, «Էկոնոմբանկում» փայատեր է 10 տարով, մինչև բանկն այդ վարկը կմարի. «Սրանք բնական ու պարզ մոդելներ են։ Բանկը միայն տոկոս հավաքողի դերակատարումից պետք է դառնա գործընկեր։ Հիմա, կոպիտ ասած, 24%-ով շպրտում են վարկը, ապահովում է իրեն 8 հատ գույքով, և ասում է՝ կգամ կստանամ։ Եվ վերջ։ Այսինքն՝ ջանքեր չի գործադրում, որ ընկերությունն էլ եկամուտ ստանա և իրեն էլ եկամուտ տա»։

«Այսինքն՝ վարկավորման պայմանները բարելավելու համար նախ՝ գործիքները պետք է փոխել, երկրորդ՝ փոխել տրամադրման պայմանները»,- ամփոփեց Հ.Ավագյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս