Ինչու է վնասակար շատ միրգ ուտելը
Մրգերը վիտամիններ ստանալու լավագույն տարբերակն են։ Mirkrasoty.life-ը գրում է, որ դիետոլոգները երբեմն հանդիպում են մարդկանց, ովքեր խուսափում են մրգերի օգտագործումից դրանցում ածխաջրերի և շաքարի պարունության հետևանքով։ Միևնույն ժամանակ, մի խումբ մարդիկ ընկնում են հակառակ ծայրահեղության մեջ՝ չարաշահելով մրգերը։
Ինչ է նշանակում՝ չափից շատ միրգ ուտել
Որպես կանոն՝ մարդուն հարկավոր է օրվա ընթացքում 2-4 բաժին կամ մեկ բաժակ միրգ ուտել։ Եթե մարդու ակտիվությունը փոխվում է, փոխվում է նաև նրա պահանջը։ Ակտիվ տղամարդկանց, դեռահասների և ակտիվ աշխատանք ունեցող բարձրահասակ կանանց դեպքում օրվա ընթացքում 4 բաժինը նորմա է համարվում։ Սպորտսմենների դեպքում չափաբաժինն ավելի մեծ է։
Ինչպես հայտնի է, մրգերն ածխաջրերի հիմնական աղբյուրներից են։ Միջին չափի խնձորը, փոքր բանանը մոտավորապես 20 գրամ ածխաջուր են պարունակում։ Կարևոր է օրվա ընթացքում անհրաժեշտ քանակով ածխաջրեր ստանալ։ Սակայն, երբ օգտագործում ենք ավելի շատ ածխաջրեր, քան կարող ենք այրել, դրանք վերածվում են ճարպերի։ Դա է պատճառը, որ ածխաջրերի օգտագործումը պետք է համապատասխանի էներգիայի պահանջի չափին։ Դա իր հերթին՝ կապված է հասակի, քաշի, ֆիզիկական ակտիվության մակարդակի հետ։ Սովորաբար տղամարդիկ ավելի շատ ածխաջրերի կարիք ունեն, քան կանայք։ Ակտիվ մարդկանց այն ավելի շատ է հարկավոր, քան քիչ ակտիվներին։
Ամեն դեպքում, եթե ածխաջրերը չեք այրում, սննդակարգում մեծ քանակով միրգ ներառելը վնասակար է առողջությանը։ Աշխատեք կրճատել մրգերի օգտագործումը երեկոյան ժամերին. դրանց չարաշահումը շատ արագ կարող է տեսանելի դառնալ որովայնի և ոտքերի հատվածում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը