Աշխարհում առաջին անգամ մալարիայի դեմ պատվաստանյութի փորձարկումները կսկսվեն 2018 թվականին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է աշխարհում առաջին անգամ մալարիայի դեմ պաշտոնապես հավանություն ստացած պատվաստանյութի գործնական փորձարկումների սկսվելու մասին:
Փորձնական նախագիծը 2018 թվականից մեկնարկում է երեք երկրներում՝ Գանայում, Քենիայում եւ Մալավիում, տեղեկացնում է BBC-ն:
Պատվաստանյութը, որը հայտնի է RTS,S եւ «Մոսկիրիկս» անվանումներով, իմունային համակարգին սովորեցնում է գրոհել այն միկրոօրգանիզմների վրա, որոնք մարդուն փոխանցվում են մոծակների կծելու հետեւանքով եւ առաջացնում են մահացու վտանգավոր հիվանդություն:
Ամեն տարի աշխարհում մալարիայից հարյուր հազարավոր մարդիկ են մահանում: ԱՀԿ-ն հայտարարում է, որ պատվաստանյութը, որը մշակվել է GlaxoSmithKline (GSK) բրիտանական դեղագործական ընկերության կողմից, կարող է տասնյակ հազարավոր մարդկանց կյանք փրկել:
Ինչ պես արդեն տեղեկացվել է, ապրիլի 24-ից ԱՀԿ-ն անցկացնում է իմունացման համաշխարհային շաբաթ, որը կընթանա «Պատվաստանյութերն արդյու՛նք են բերում» նշանաբանով: Իմունացման շաբաթում ԱՀԿ-ի խնդիրներից մեկն ուշադրությունը պատվաստականխարգելման՝ որպես գլոբալ առողջապահության բնագավառում ներդրումների համար գերակա ուղղություններից մեկի վրա հրավիրելն է:
Վարակիչ հիվանդություններից իմունացումը, որոնք կարելի է կանխել պատվաստանյութերի միջոցով (դիֆթերիա, պոլիոմիելիտ, հեպատիտ B, կարմրուկ, կապույտ հազ, թոքաբորբ, ռոտավիրուսային վարակ, մենինգիտ, կարմրախտ, պրկախտ եւ գրիպ), թույլ է տալիս կանխել այդ հիվանդություններից հիվանդացության, հաշմանդամության եւ մահման դեպքերի աճը:
Ինչպես նշել է ԱՀԿ-ն, այսօր իմունացումը թույլ է տալիս կանխել տարեկան 2-ից մինչեւ 3 միլիոն մահվան դեպք:
Այս պրակտիկայի ընդլայնումն ամբողջ աշխարհում կարող է կանխել եւս մինչեւ 1,5 միլիոն դեպք: Ըստ որում, մասնագետների գնահատումներով՝ աշխարհում գրեթե 20 միլիոն նորածիններ տակավին չեն ստանում հիմնական պատվաստանյութերը: