Տիգրան Մանսուրյանը պարգևատրվեց Սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով
ՀՀ սփյուռքի նախարարությունում «Հայաստանում կայացած սփյուռքահայ արվեստագետների հետ հանդիպումներ» ծրագրի շրջանակում ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցների հետ այսօր հանդիպեց մաեստրո Տիգրան Մանսուրյանը:
Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, այնուհետև Տիգրան Մանսուրյանն անդրադարձավ մանկության հուշերին, հիշեց ըմբոստ երիտասարդության տարիները, իսկ հանդիպումն ավարտվեց Մաեստրոյի՝ Արցախի քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին ձոնված «Պոեմ հաղթանակի» ստեղծագործության տեսագրության ունկնդրմամբ:
Այսօրվա հանդիպումը հատկանշական էր նաև մեկ այլ առիթով: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Մաեստրո Մանսուրյանին պարգևատրեց նախարարության Ոսկե մեդալով՝ միաժամանակ ընգծելով. «Պարոն Մանսուրյանը Հայաստան վերադարձավ մի ժամանակաշրջանում, երբ ոգու և հոգու սով էր, և իր ապրած բեղուն տարիների ընթացքում, այդ դժվարին և խրթին ժամանակներում, այդ խորդուբորդի մեջ հասունացավ ու ստեղծեց այնպիսի աստվածային մեղեդիներ, որպիսին կարող է լինել միայն Մանսուրյանի երաժշտությունը: Այս ամենը նա կատարեց այնքան մեղմությամբ, այնքան հաճույքով և սիրով, որ ինձ թվում է, որ այն մեղեդիները, որ դուրս են գալիս նրա մատների տակից, դրանք նույնքան մեղմ են՝ Մանսուրյանի նման: Սիմֆոնիայից մինչև կինոերաժշտություն՝ սա նրա ամպլիտուդն է, որի վրա բարձրացավ Տիգրան Մանսուրյանը:
Նա իր գերբնական ուժով և անսահման էներգիայով տարածքը լցնում է ջերմությամբ: Այսօր Տիգրան Մանսուրյանը փնտրված է աշխարհի բոլոր բեմերում և ամենահեղինակավոր նվագախմբերում՝ Մոսկվայում, Փարիզում, Լոնդոնում, Ամերիկայում, իսկ արմատը, հիմքը մնաց հայրենիքը՝ հայկական զուլալ, մաքուր ու ջինջ արմատները: Ես հիանում և հպարտանում եմ Տիգրան Մանսուրյան հայով, արվեստագետով և մարդով»:
Մաեստրո Մանսուրյանը շնորհակալություն հայտնեց իրեն շռայլված մեծարանքի խոսքերի և նախարարության ոսկե հուշամեդալի համար՝ մասնավորապես նշելով.
«Շատ սիրելի տիկին նախարար, այս հանդիպումն ու այս նվերը, որ ձեր հոգու արտահայտությունն է այս պահին լսեցի: Պիտի խոստովանեմ ձեզ, որ բոլոր առիթներով նույնն է եղել՝ լինի համերգային սրահ թե որևէ այլ հանդիսություն, տիկին նախարարն ինձ առանձնացրել է և նույն տաքությամբ և գնահատանքով է ինձ մեծարել, ինչը ես համարում եմ մեր մտերմության և բարեկամության հիմքը, մյուս կողմից, անշուշտ, իմ կենսագրության մի հատվածը, առանց թաքցնելու պետք է ասեմ, որ անմիջապես պարտ եմ և կապված եմ նախարարությանը: Այսպիսով, իմ խորին շնորհակալությունը կրկին այս փառավոր գնահատանքի համար, որոնց մի մասն իրոք իրականություն է»:
Հանդիպման երկրորդ մասում մաեստրո Մանսուրյանը պատասխանեց հավաքվածների հարցերին՝ անդրադառնալով գրականությանը, խոսելով երաժշտության և լռության հարաբերությունների մասին, հիշելով իր և անվանի գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ծանոթությունը, զուգահեռներ տանելով Չարենցի ստեղծած համամարդկային գրականության հետ, մեծարելով Կոմիտասին, չմոռանալով հիշել նաև դպրոցական տարիների իր առաջին սերը՝ Նունեին: