Թուրքիայի քեմալական կուսակցությունը հանրաքվեի արդյունքների հարցով դիմելու է ՄԱԿ-ի հանձնաժողով
Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից սահմանադրական հանրաքվեի ժամանակ անկնիք քվեները վավեր ճանաչելու մասին որոշման դեմ ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը պատրաստվում է դիմել Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների հանձնաժողով: Այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:
Ավելի վաղ կուսակցությունը հանրաքվեի արդյունքները բողոքարկել էր հենց բարձրագույն ընտրական հանձնաժողովում, սակայն նրա բողոքարկումը մերժվել էր: Այնուհետև կուսակցությունը դիմել էր վարչական բարձրագույն դատարան` «Դանըշթայ», որը ևս մերժել էր քեմալականներին: Կուսակցությունը հայտարարել էր, որ պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»-ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը:
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները բողոքարկել էին հանրաքվեի արդյունքները` հաշվի առնելով այն, որ ընտրական հանձնաժողովը որոշել էր վերջին պահին վավեր ճանաչել նաև անկնիք քվեները: