Բաժիններ՝

«Չեն լինի գծատերեր». Փոխաղաքապետ

«2018 թվականին նախատեսում ենք ներդնել տրանսպորտային նոր համակարգ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ, ՀՀԿ ավագանու թեկնածու Վահե Նիկոյանը:

Նա ասաց, որ իրենք գտնում են՝ տրանսպորտի առկա իրավիճակը բավարար չէ. «Մենք 2013 թվականից սկսած մասնակի լուծումներ ենք տվել որոշ խնդիրների՝ զուտ ապահովելու տրանսպորտի բնականոն աշխատանքը, բայց մենք ինքներս գնահատում ենք, որ տրանսպորտը պետք է համակարգային բարեփոխումների ենթարկվի»:

Փոխքաղաքապետն ընդգծեց, որ իրենք հունիսի վերջին տրանսպորտային ոլորտի բարեփոխումների փաթեթ են ներկայացնելու, որի վերջնական հաստատումից հետո՝ կունենանք նոր տրանսպորտային համակարգ։ Ըստ նրա՝ դա կլինի 2018 թվականի սկզբին:

Վ. Նիկոյանի խոսքով՝ շատ նախնական վերլուծություններով՝ բավականին մեծ գումար է անհրաժեշտ իրենց այդ ծրագրի համար. «100 միլիոն դոլար է անհրաժեշտ, բանակցում ենք Եվրոպական ներդումային բանկի հետ՝ միջոցները ներգրավելու համար»: Նրա խոսքով՝ իրենք ամեն ինչ արել են, որ բարեփոխումների փաթեթը պատրաստ լինելու պարագայում, եթե նույնիսկ մասնավոր ներդրումներ չլինեն, Երևան քաղաքը կարողանա իր ֆինանսական հնարավորությունների սահմաններում իրականացնել այդ բարեփոխումները:

Նա նշեց նաև, որ ծրագիրը ներկայացնելուց հետո պետք է կազմակերպվեն հանրայիին քննարկումներ, որպեսզի հասարակության լայն շերտերը կարողանան իրենց տեսակետները հայտնել դրա վերաբերյալ: Կլինի նաև քննարկումների էլեկտրոնային հարթակ, որտեղ մարդիկ կկարողանան առաջարկություններ ներկայացնել:

«Չեն լինի գծատերեր, բոլոր երթուղայինների գծերը լինելու են փոխլրացնող մեխանիզմով աշխատող»,- նշեց փոխքաղաքապետը:

Վ. Նիկոյանը նշեց, որ իրենք ներդնելու են նաև էլեկտրոնային և միասնական տոմսային համակարգ, խորհրդատուն պետք է առաջարկի միջազգային լավագույն փորձը և Երևանի համար կիրառելի լավագույն տարբերակները, որի արդյունքում կընտրվի լավագույնը: Ըստ նրա՝  դա նաև հնարավորություն կտա հաշվի առնել բոլոր սոցիալական խմբերի համար արտոնությունների սահմանման հնարավորությունները: Նրա խոսքով՝  այդ ժամանակ կգործեն նաև էլեկտրոնային չվացուցակները:

«Քանի որ մենք ունենք հստակ պատկերացում, որ արդյունավետ երթուղային ցանցի պարագայում՝ մենք ունենալու ենք ծախսերի կրճատում, բանակցում ենք նաև համապատասխան հիմնադրամների հետ՝ դրամաշնորհային միջոցներ ներդնելու համար, մեր հաշվարկներով՝ սակագնի էական փոփոխություններ չենք ունենա, և կարծում ենք՝ սակագինը կշարունակի մնալ հասանելի մեր հասարակության համար: Սակագնի փոփոխություն եթե լինի, կլինի կառուցվածքային, բայց գնային առումով, մեր հաշվարկներով, պետք է չունենանք»,- նշեց Վ. Նիկոյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս