Բաժիններ՝

«Եվ այն ժամ դու կվերադառնաս». Տապալված կինոն՝ Շագա Յուզբաշյանի նոր շարքում

Կինոն ժամանակի վկայության լավագույն հաղորդիչն է։ Այսպես է բնորոշել արվեստի այս դրսևորումը ֆրանսաբնակ մեր հայրենակից, կինոգետ Շագա Յուզբաշյանը՝ մեկնարկելով «Տապալված կինո» («Failed Cinema») հեղինակային շարքը, որի անդրանիկ կինոդիտմանը ներկա էր նաև 168.am-ը:

«Ժամանակն ամենաանսպասելի ազդեցություն ունեցող գործոնն է գեղարվեստական ստեղծագործության վրա։

Նրա քմահաճ կամքով որոշները հնանում են ստեղծվելու պահից անմիջապես հետո, որոշներն անմահանում են, իսկ մյուսների վրա «կախարդական փոշի» է նստում, որն էլ դառնում է անհետացած ժամանակի վկայությունն ու հետքը։ Ինձ հետաքրքրողը հենց այդ փոշին է, որը մեզ պատմում է մեր մասին՝ ինչպե՞ս էինք մենք մեզ պատկերացնում ու տեսնում»,- ասում է Շագան և հավելում՝ իր կողմից խոստանում է հետաքրքիր զրույց՝ անսպասելի բացահայտումներով։ Ցուցադրման համար ընտրված օրն էլ պատահական չէ. «Այս օրը հատուկ է ընտրված՝ ապրիլի 24-ն է, և ես շատ ուրախ եմ, որ եկաք: Իրականում ես ուզում էի, որ այսօրվա հանդիպումը նվիրված լինի հիշողությանը և հուշին, որովհետև այդպիսին է այս օրվա խորհուրդը»:

Նախքան մեկնարկը՝ «Իլիկում» հավաքվածները գիտեին միայն այն մասին, որ իրենց սպասվում է ֆիլմ-անակնկալ՝ լի 70-ականների Հայաստանի պատկերներով, գիտնականներով և գեղեցիկ կանանցով։ Գլխավոր դերում քաղաք Երևանն էր։
Այդպես էլ կար: Արդեն ֆիլմի մեկնարկին անհամբեր սպասողների համար շարքի հեղինակը բացում է փակագծերը.

Կարդացեք նաև

«Նայելու ենք Լևոն Գրիգորյանի գրեթե անհայտ «Եվ այն ժամ դու կվերադառնաս» ֆիլմը: Ռեժիսորը միջին կարգի մասնագետ է: Արտառոց ոչ մի բան չկա: Ֆիլմն էլ 1976 թվականի արտադրություն է, Հայաստանի համար՝ բրեժնևյան ձնհալի, ես կասի՝ ճահճի ժամանակները նախանշող իրականության բացահայտում: Եթե 60-ականներին կինոյում նոր տրամադրություններ առաջ եկան՝ մալյանական ֆիլմերը, Ֆրունզե Դովլաթյանի «Բարև ես եմ»-ը, ապա արդեն 70-ականների երկրորդ կեսից անհասկանալի զարգացումներ կային: Համենայն դեպս, այս ֆիլմը շատ զարմանալի տպավորություն գործեց ինձ վրա, թեկուզ հենց նրա համար, որ այսքան ժամանակ անց իր մեջ դեռ կան, մնացել են այնպիսի էլեմենտներ, որ բավական հետաքրքիր են այսօրվա երիտասարդ հանդիսատեսի համար:

Ֆիլմի հերոսներն են գիտնականն ու բժիշկը: Երիտասարդ կինն աշխատում և ինչ-որ գիտական ուսումնասիրություններ է կատարում Մատենադարանում, իսկ ամուսինը բժիշկ է, ով բարդագույն վիրահատություններ է կատարում՝ օրգանների տրանսպլանտացիաներ, իսկ ամենազարմանալին այն է, որ նրանք ապրում են մի քաղաքում, որը գերժամանակակից մի միջավայր է: Ամբողջ ֆիլմի ընթացքում քաղաքն իր ճարտարապետությամբ շատ կարևոր դեր ունի: Այն որոշակիորեն ընդգծված ֆիլմային ֆոն է ստեղծում:

Այս ֆիլմն այնպես է նկարված, է որ դու նայելիս շատ լավ հասկանում ես՝ քաղաքը որոշակի ինֆրաստրուկտուրա է ստեղծում: Այստեղ մենք կտեսնենք Կամերային տունը կամ նոր-նոր կառուցված կինո «Ռոսիան»: Մեր ժամանակների համար, թերևս, ամենաէականը՝ ֆիլմում մենք ականատեսն ենք քաղաքի նկատմամբ հերոսների վեաբերմունքի արտահայտմանը: Չեմ ուզենա սեփական մեկնաբանություններս թողնեմ վերջինի առնչությամբ, ինքներդ նայեք ու գնահատեք… Եթե հանենք այն սենտիմենտալ պահերը, որ մենք բոլորս կհուզվենք՝ տեսնելով մեր հին ու սիրելի քաղաքը, միաժամանակ նայում ու հասկանում ես, որ ժամանակն ինչ-որ տարօրինակ բան է անում մեր քաղաքի հետ…»:

Շագա Յուզբաշյանը պատմում է, որ ֆիլմը «հայտնաբերել» է շատ պատահականորեն, «Youtube»-ում: Երկարատև փնտրտուքներից հետո էլ «Facebook» սոցիալական ցանցով փնտրել ու գտել է ռեժիսորին՝ Լևոն Գրիգորյանին: Նրա հետ զրույցը, սակայն, անակնկալի է բերել Շագային.

«Իր հետ զրույցի ընթացքում ասացի, որ այս ֆիլմն ինձ համար, չասեմ՝ գլուխգործոց, բայց հաստատ չափազանց հաջողված ու ցնցող մի բան էր՝ հատկապես այն տարիների համար: Հատկանշական էր, որ այս ֆիլմը, ինչպես պարզվեց մեր զրույցից, հեղինակի կարծիքով՝ իր ամենաչհաջողված ֆիլմն է: Նա նույնիսկ ինձ ասաց, որ կուզենար մոռանալ այդ ֆիլմի ստեղծման մասին հիշեցնող ամեն բան:

Միաժամանակ իմացա, որ ժամանակին այս ֆիլմը նաև ցենզուրայի է ենթարկվել, և դա իսկապես նկատելի էր հատկապես ֆիլմի երկրորդ մասից, երբ սյուժեն սկսվում է ծամծմվել: Ինչպես հատուկ է սովետական տարիներին ստեղծված արվեստի ճնշող մեծամասնությանը, ֆիլմի վերջում ռեժիսորը մի կերպ կարողանում է իր խոսքը տեղ հասցնել: Իհարկե, դա պետք է որ շատ թույլ ստացվեր, որովհետև, երբ ռեժիսորը չի իմանում ինչ լուծում տա ֆինալում` կադրից դուրս ձայն է մտցնում, որը քեզ պատմում է՝ փոխանակ ցույց տալու, թե ինչ է կատարվում էկրանին:

Դրա միջոցով մի կերպ հասկանում ենք՝ ֆիլմը նվիրված է հետևյալ գաղափարին՝ չի կարելի դեմքը կորցնել ու դառնալ դիմակ: Սա համարյա էքզիստենցիալ սյուժե է, համաձայնե՛ք: Այս ֆիլմում բավական հետաքրքիր են կառուցված նաև զուգահեռները, որտեղ բժիշկը վիրաբույժ է՝ դեմքի վիրահատություններ է կատարում, իսկ ֆիլմում իր ընկերուհին Մատենադարանում ուսումնասիրում է մանրանկարի դեմքերը: Զարմանալիորեն նկատում ենք, որ 1976 թվին էլ կարելի էր նկարահանել ֆիլմ այն մասին, թե որքան վտանգավոր է կորցնել դեմքը և դիմակ կրել»:

Ինքը՝ կինոգետը, «Եվ այն ժամ դու կվերադառնաս»-ում հստակ կինոազդեցություններ է նկատում իտալացի ռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի ֆիլմերից, հատկապես նրա՝ 1962 թվականին նկարահանած «Խավարում» ֆիլմի ազդեցությունը: «Ակնհայտ նմանություններ կան նաև Արտավազդ Փելեշյանի «Մենք» ֆիլմի հետ»,- ասում է Շագա Յուզբաշյանը:

168.am-ի հետ զրույցում կինոգետն անդրադառնում է շարքի ստեղծման՝ տապալված ֆիլմերի վերհիշման և վերանայման առաջնայնությանը: Մեր դիտարկմանը, թե իր ներկայացմամբ այս ֆիլմը բոլորովին էլ տապալվածների շարքին դասել չէր կարելի, Շագան նկատում է.

«Տապալված կինո, իհարկե, մի քիչ պաթետիկ է հնչում, բայց ինձ դուր է գալիս: Այս ֆիլմը, ստեղծման ժամանակներից ի վեր, ինչ-ինչ պատճառներով պայմանավորված, գրեթե կինովարձույթ չի մտել: Այն շատ քիչ են տեսել: Երբ ես ռեժիսորին գտա և նրա հետ խոսեցի, ու ինքն ինձ ասաց, որ սա իր ամենաչհաջողված ֆիլմն է, ոնց որ համընկներ իմ մտածած գաղափարի և իր տեսակետի հետ: Այստեղ պատկերված է մեր կորցրած քաղաքը՝ ո՛չ երիտասարդ գիտնականները կան, ո՛չ քաղաքային միջավայրը: Այս ֆիլմն ինչ-որ առումով ազդանշան է մեզ: Ֆիլմի դիտմանն այսքան երիտասարդներ կան, ես հրավիրել եմ հատկապես նրանց, որ նայեն ու մեկնաբանեն: Այս բոլորը նախ և առաջ՝ գիտելիք է փոխանցում երիտասարդ մասնագետին»:

Շագա Յուզբաշյանը մանրամասնում է՝ «Տապալված կինոն» ուսուցողական, ճանաչողական նախագիծ է: Սա մեր հայկական մշակույթն է, մեր ժառանգությունը: Մենք այնքան շատ թվով մշակութային արժեքներ չունենք, որ կարողանանք անխնա վերաբերվել դրանց ճակատագրին: Պետք է դրանցից յուրաքանչյուրը գտնել, դասակարգել, հասկանալ ու դնել իր համար հատկացված տեղը, ինչն էլ նախաձեռնել է ինքը:

Սեպտեմբերից շարքը, ամենայն հավանականությամբ, պարբերական բնույթ կկրի:

«Տապալված կինոյի» մուտքն ազատ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս