Օլանդը հորդորում է Ֆրանսիայի հաջորդ Նախագահին քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ուղղությամբ
Հայոց ցեղասպանության պատմությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ֆրանսիայի պատմությունն է: Փարիզի Կանադայի հրապարակում Կոմիտասի արձանի հարակից տարածքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչման արարողության ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Մենք ճանաչում ենք ձեր ծնողների, տատիկների ու պապիկների պատմությունը, ընտանիքների պատմությունը, որը երբեմն փոխանցվել է իրերի, լուսանկարների միջոցով: Սա ձեր պատմությունն է, սա մեր պատմությունն է: Դա աքսորի, զոհաբերությունների, սակայն նաև խիզախությունների պատմություն է: Այն, իհարկե, Հայաստանի պատմությունն է, բայց նաև Ֆրանսիայի պատմությունն է: 100 տարի անց դուք կրկին ի ցույց եք դնում այդ մարդկանց պատկերները` տղամարդիկ, կայանք ու երեխաներ, որոնք սպանվեցին»,- նշեց Օլանդը`ընդգծելով, որ այդ զոհերի մասին հիշողությունը շեշտում է նաև այսօր տեղի ունեցող այլ խնդիրների կարգավորման հրատապությունը:
«Նահատակները նաև մեզ հիշեցնում են, որ այսօր հաճախ հենց նույն տարածքներում մարդիկ սպանվում, տանջվում ու կոտորվում են: Այդ դաժան իրականությունն ու հայ ժողովրդի հետ Ֆրանսիայի համերաշխությունն էր, որ ցանկանում էի այսօր ձեզ հիշեցնել»,- նշեց Ֆրանսիայի Նախագահը:
Ֆրանսուա Օլանդը հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ժամանակ Երևանում անմար կրակի մոտ ծաղիկներ է խոնարհել` շեշտելով, որ այդ դաժան ողբերգությունը չպետք է երբեք կրկնվի: Այդ դաժանություններից հետո կարիք եղավ նոր բառ ստեղծել դրանք բնութագրելու համար: Դրանցից ազդված իրավաբան Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» բառը, որը կիրառվեց հրեաների ցեղասպանության նկատմամբ: Նա հիշեցրեց, որ այդ ձևակերպումը ներառվել է միջազգային իրավունքը կազմող փաստաթղթերում, որոնցից որոշները ստորագրվել են հենց Փարիզում:
«Այսօր էլ աշխարհում տեղի են ունենում ցեղասպանություններ: Մենք չենք դադարելու խոսել Հայոց ցեղասպանության մասին: Հենց այս պատճառով էլ մենք չենք կարող ժխտողականներին, ռեվիզիոնիստներին և պատմությունն ու պատասխանատվությունն աղավաղողներին թույլ տալ արտահայտվել: Մեր առաջին խնդիրն է ասել այն, ինչ տեղի է ունեցել: Կապ չունի, որ այսօր պատասխանատուները չկան կամ մահացել են, չենք ցանկանում նաև դատապարտել ներկայիս սերունդին: Ուղղակի պետք է ասենք ճշմարտությունը, քանի որ միայն ճշմարտությունն է, որ կարող է հաշտեցնել ու համախմբել»,- ընդգծեց Ֆրանսիայի Նախագահը:
Նրա խոսքով` հենց այդ հավատամքով էր, որ Ֆրանսիան դարձավ աշխարհում առաջին երկրներից մեկը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: «Այս հավատամքով էր, որ ես մշտապես աջակցել եմ Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացմանը: Խորհրդարանի կողմից ընդունած վերջին տեքստի վերաբերյալ, որի շուրջ ես խորհրդակցություններ էի անցկացրել ՄԻԵԴ նախկին նախագահ Ժան Պոլ Կոստայի հետ, Սահմանադրական խորհուրդը չցանկացավ ընդունել մեր փաստարկները: Իմ կողմից ես կասեմ հաջորդ նախագահին, որ չպետք է մոռանալ ժխտման քրեականացումը»,- ընդգծել է Օլանդը:
Նա շեշտեց, որ Ֆրանսիան պետք է օգտագործի իրավական բոլոր մեխանիզմները ժխտողականությունը քրեական դարձնելու համար: «Դրանով մենք չենք խանգարում խոսքի ազատությանն ու կարծիքների փոխանակմանը, որոնց հանդեպ մեր հավատարմության մասին դուք գիտեք, սակայն ժխտողականությունը կարծիք չէ, այն ճշմարտության հերքում է: Այդ պարագայում կարող ենք ասել, որ ռասիզմն ու քսենոֆոբիան նույնպես կարծիք են: Այդ պարագայում պետք է հավասարության նշան դնենք ճշմարտության ու սխալի միջև»,- ամփոփել է Ֆրանսիայի Նախագահը: