Բաժիններ՝

Աճուրդի դրված պետական մարգարիտների 1 գրամը գնահատված է 60 դրամ

Ֆինանսների նախարարության մարգարիտները չեն գտնում իրենց գնորդին: Նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունում հաշվառված պետական սեփականություն հանդիսացող  մարգարիտները դասական աճուրդի են (գնի ավելացմամբ) հանվել այս տարվա մարտի 30-ին, արդեն տեղի է ունեցել 2 փորձ, սակայն, ոչ մեկի ժամանակ որևէ մասնակից չի եղել: Աճուրդն ավարտվելու է մայիսի 2-ին:

Մարգարիտները, հիշեցնենք, 50 հատ են, օվալաձև, սպիտակ փայլով, աճեցված: Դրանց ընդհանուր քաշը 102 կգ 793 գրամ է, ընդհանուր արժեքը` 6 մլն 200 հազար դրամ, այսինքն՝ 1 գրամը գնահատված է 60 դրամ:

Ուշագրավ է, որ թեև պետական մարգարիտների համար գնորդ չի գտնվում, սակայն ամեն հերթական աճուրդի ժամանակ դրանց գինը չի նվազեցվում, ինչպես ընդունված է: Մինչդեռ, «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան»  գործակալության պետ Վահե Առաքելյանն ավելի վաղ հայտարարել էր, որ մարգարիտների շուկայական գինը 1 գրամը 40-60 դրամ է և իրենք վերցրել են ամենաբարձրը:

ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե մինչև վերջնաժամկետը մարգարիտները չվաճառվեն, դրանք կվերադարձվեն պետական գանձարան:

Սակայն, հիշեցնենք նաև, որ մարգարիտներն աճուրդի հանելու դրդապատճառներից մեկն էլ այն էր, որ աճեցված (կուլտիվացված) մարգարիտի պահպանումը անարդյունավետ և աննպատակահարմար է, քանի որ դրանք տարիների ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը և ենթարկվում են քայքայման` կորցնելով ապրանքային տեսքը և արժեքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս