Բաժիններ՝

«Այն, որ Հանրապետական կուսակցությունն ինձ առաջադրել է, ոչ մի նշանակություն չունի». Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր անդրադարձավ մամուլի ասուլիսի ընթացքում տեղի ունեցած միջադեպին, երբ մի քանի երիտասարդներ սեղանին փակցրեցին «ՀՀԿ իրավունքների պաշտպան» գրությունը։

«Ինձ համար նշանակություն չունի՝ կուսակցություն, մարդկանց խումբ, և այլն, և այլն։ Ես երկրի խորհրդարանի կողմից ընտրվել եմ լայն լեգիտիմությամբ։ Դա ինձ նաև հնարավորություն տվեց այսօր իմ գնահատականներում շատ խիստ լինել։ Հետևողական եմ լինելու մինչև վերջ։ Ուզում է՝ Հանրապետական կուսակցություն լինի, կամ այլ։ Անուններ չեմ ուզում տալ, դա եմ ասում, ոովհետև դուք անունը տվեցիք: Այն, որ Հանրապետական կուսակցությունն ինձ առաջադրել է, ոչ մի նշանակություն չունի։ Ի՞նչ է նշանակում։ Ես ընտրվել եմ, աշխատում եմ այս պաշտոնին, ես ինքս ինձ ու այս ինստիտուտը տանում եմ ինքնավարկաբեկման, որ սկսեմ կուսակցական շահե՞ր պաշտպանել։ Բացառվում է նման բան։ Այդ առումով ես հետևողական եմ լինելու, բայց նաև օմբուդսմենի աշխատանքի բնույթին համապատասխան՝ պարտավոր եմ պարզապես լինել նաև անկողմնակալ, օբյեկտիվ։ Եվ, այո՛, ես հասկանում եմ՝ եթե ես քաղաքացիական հասարակությունից քննադատություն եմ ստանում, ապա պետական մարմինների համար գրավիչ եմ դառնում քննադատության համար, որովհետև քաղաքացիական հասարակության և լրագրողների հետ իմ աշխատանքն ինձ նաև ուժեղացնող գործոն է։ Բայց ես ստիպված կգնամ դրան, եթե զգամ, որ քաղաքացիական հասարակության կողմից չարաշահվում է իրավունքի իրականացումը, որովհետև, ի վերջո, դա բերում է իրավունքի խախտման պետական մարմնի կողմից»,- ասաց Արման Թաթոյանը:

Արման Թաթոյանն ասաց, որ նախորդ ասուլիսի ընթացքում 2016թ. հունիսին Սարի թաղում տեղի ունեցած հավաքի վերաբերյալ իր տված գնահատականի վերաբերյալ հարց հնչեցվեց, թե ինչո՞ւ է ՄԻՊ-ը գնահատական տալիս։ Ըստ նրա՝ ՄԻՊ-ը դրան գնահատական է տալիս այնքանով, որքանով դա անհրաժեշտ է պետական մարմնի միջամտության աստիճանը գնահատելու համար. «Եթե ես գնահատում եմ պետական մարմնին, ասում եմ՝ պետական մարմին, որ դու այս լիազորությունը չունես, այս պարագայում, առանց մյուս կողմի գործողությունները հստակ նկարագրելու, ինչպե՞ս գնահատական տամ»։

Նա նշեց, որ Սարի թաղում հավաքի գնահատման վերաբերյալ իր խոսքը քննարկվել է կոնտեքստից դուրս, և, որ զեկույցում ամեն ինչ արվել է բացառապես ՄԻՊ մանդատի շրջանակում, այն իրավական չափանիշերով շատ պաշտպանված է, ցանկացած վերլուծության հիմքում ընկած է Հայաստանի ստանձնած որևէ միջազգային պարտավորություն։ «Սարի թաղի հետ կապված մանրամասն վերլուծվում են ԵԱՀԿ ուղեցույցները, որ երթի կազմակերպիչները պարտավոր են համագործակցել պետական մարմնի հետ։ Ինչո՞ւ։ Դա պատահական չէ, որովհետև պետական մարմինն անվտանգությունն ապահովելու պարտավորություն ունի։ Հավաքի սկզբում, երբ հուլիսի 20-ին Ազատության հրապարակից սկսվում է, հայտարարություն է արվում՝ կգնանք այս, այս փողոցներով, մնացածը հետո կիմանաք։ Սարի թաղը չի հնչում։ Ակնհայտ է, որ, երբ Սարի թաղ թեքվեցին, ոստիկանները նույնպես չէին սպասում դրան։ Մի քանի ոստիկան արագ վազում է, փորձում արգելել, պատնեշ պահել, բայց չի ստացվում։ Ես կարծում եմ՝ Ոստիկանությունն այստեղ նույնպես սխալ արեց, պետք է կանխատեսեր, պարտավոր էր կանխատեսել, որովհետև Ոստիկանության համար քաղաքացիների անվտանգությունն ապահովելն այդ պարագայում շատ ավելի կարևոր էր»,- ասաց Արման Թաթոյանը՝ նշելով, որ ինքը ցուցարարների խաղաղ նպատակի հարց չի քննարկում, ոչ էլ ասում է՝ կազմակերպիչներն ասում էին՝ գնանք, բռնություն գործադրենք. «Բայց ես այսքան պայմաններ եմ նկարագրում և ասում եմ՝ այս պայմաններում երթը Սարի թաղ ուղեկցելը, այո՛, խնդրահարույց էր»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս