«Չեմ տեսնում պատճառ, որ ՀՀ իշխանությունները չստորագրեն ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը»

Ապրիլի 2-ին ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական, փորձագիտական հանրությանը հուզող ամենահրատապ հարցերից մեկը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման ժամկետն է։ Ինչպես մարտի 21-ին՝ համաձայնագրի նախաստորագրման օրը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էր շեշտել, համաձայնագիրը կստորագրվի այս տարվա ընթացքում, և հավելել, որ այն կարտացոլի Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների խորությունը, մակարդակը և ծավալը։

ԱԳՆ ղեկավարն ընդգծել էր՝ փաստաթուղթը վկայում է այն կարևորության մասին, որ Հայաստանը տալիս է Եվրոպական միության հետ իր համագործակցությանը։

Սակայն մտավախություններ կան, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ստորագրված և Հայաստանի իշխանությունների որոշակի նվաճումը համարված փաստաթղթի ստորագրման արարողությունը կհետաձգվի անորոշ ժամկետով, քանի որ, ըստ այդ նույն կարծիքների՝ ՀՀ իշխանությունները փորձել են նախաստորագրումն օգտագործել՝ ի օգուտ իշխանական կուսակցության քարոզարշավի՝ լիովին չունենալով ռուսական կողմի հավանությունը, որը 2013թ. կարողացավ ԵՏՄ անդամակցության պատրվակով տապալել ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը։ Չնայած այս մտավախություններին, եվրոպական կողմը վստահ է, որ համաձայնագիրը կստորագրվի։

Ապրիլյան ընտրությունների հաջորդ օրը Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Հաիդի Հաութալան Երևանում նշել էր, որ Եվրոպական միությունը մեծ չափով սատարել է ՀՀ-ում ԱԺ ընտրությունների կայացմանը, ֆինանսավորել տեխնիկական սարքավորումների ձեռքբերումը: «Դրանք փարատեցին որոշ մտահոգություններ, բայց ընտրական գործընթացը բարդ էր: Ցավոք, վստահության արժանի տեղեկություններ կան այն մասին, որ վարչական ռեսուրս է օգտագործվել, մասնավորապես՝ դպրոցների և բուժհաստատությունների աշխատակիցների հանդեպ ճնշումներ են եղել։ ԵՄ-ն և ՀՀ-ն խորացնում են հարաբերությունները՝ համապարփակ համաձայնագիրը նախաստորագրված է: Հավանաբար, ստորագրումը կկայանա նոյեմբերին՝ Բրյուսելում»,- ասել էր Հաութալան։

«168 Ժամի» հետ զրույցում Եվրոպական խորհրդարանի, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, եվրոպացի քաղաքական գործիչ Ռիչարդ Չարնեցկին նշեց, որ նման մտավախությունների պատճառ չի տեսնում, քանի որ ընտրություններում ըստ էության հաղթանակել և խորհրդարանում մեծամասնություն է ձեռք բերել այն ուժը, որը սկսել էր մեկ տարի առաջ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները, դրանք փայլուն կերպով ավարտին հասցնելով և իր քաղաքական օրակարգում Բրյուսելի հետ հարաբերությունների պահպանումը և որոշակի խորացումն ունենալով։

Նրա դիտարկումներով՝ բրյուսելյան, երևանյան մի շարք պաշտոնյաներ արդեն իսկ խոսել են մինչև տարեվերջ համաձայնագրի ստորագրման հավանականության մասին՝ նկատի ունենալով այն դինամիկան, որով առաջնորդվել են ՀՀ-ն ու ԵՄ-ն բանակցությունների ընթացքում և հաշվի առնելով համաձայնագիրը ստորագրելու՝ կողմերի նպատակադրվածությունը։

«Ընտրություններում հաղթանակել է իշխող կուսակցությունը, որը մշտապես հանդես է եկել այս համաձայնագիրը ստորագրելու օգտին։ Պատճառներ չեմ տեսնում պնդելու համար, որ այս համաձայնագիրը չի ստորագրվի կամ խնդիրներ կառաջանան, թեև, կրկին պետք է նշեմ, որ այս որոշումը կախված է ՀՀ-ում ձևավորվելիք կառավարությունից և առաջնահերթություններից, որ նոր Կառավարությունը կսահմանի, ԵՄ-ի կողմից ամեն բան հստակ է՝ ԵՄ-ն առաջարկում էր Ասցացման համաձայնագիր՝ հասկանալով, որ դա հնարավոր չէ, առաջարկեց հնարավորություն՝ փոփոխությունների ենթարկել այն, ես չեմ կարծում, որ նոր կառավարության առաջնահերթությունները բեկումնային փոփոխություններ են կրելու, քանի որ կազմի մեծ փոփոխություն չի սպասվում, ըստ էության։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր համաձայնագիրը տնտեսական ոլորտում խորը համագործակցություն չի ենթադրում, որտեղ մենաշնորհ ունի Եվրասիական տնտեսական միությունը, այլ համաձայնագիրն ամրագրում է ՀՀ-ԵՄ համագործակցության ոլորտներն ու տեսլականը, Հայաստանի դեմոկրատական բարեփոխումներն ու ընթացքը դեպի ժողովրդավարություն։ Չեմ կարծում, որ այս համաձայնագրի հարցում մենք խնդիրներ ենք ունենալու»,- վստահեցրեց եվրոպացի պատգամավորը՝ հավելելով, որ համաձայնագիրը կազմվել է՝ նկատի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական խնդիրները, որոնց պատճառով հայկական կողմը Եվրոպական միության առաջարկած խորը Ասոցացման համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտին փոխարինեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ։

Նրա ենթադրություններով՝ ՀՀ կառավարության ձևավորումից, ՀՀ ընտրական գործընթացների վերջնական ավարտից և եվրոպական կողմում անհրաժեշտ աշխատանքների ավարտից հետո համաձայնագիրը վստահաբար կստորագրվի։

Տեսանյութեր

Լրահոս