«Թուրքիան միշտ խաբել է Ռուսաստանին». Արման Նավասարդյան

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում համոզմունք հայտնեց, որ 2016թ. ամռանը Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձն «Էրդողանի սարքածն էր», ինչի մասին, ըստ նրա՝ վկայում են Թուրքիայում ընթացող գործընթացները. «Այս հանրաքվեն կարող է փոփոխություն մտցնել Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ, և 1923 թվականից այս կողմ այն ուղղվածությունը, որ ուներ Թուրքիայի կառավարությունն աշխարհիկ ոլորտում, վերջանում է, և Էրդողանը փորձում է անցնել տոտալիտար ռեժիմի»։

Եվ այս ամենը, ըստ դեսպանի՝ կարող է բերել մի շարք փոփոխությունների, ինչպես Թուրքիայի նկատմամբ մեծ տերությունների քաղաքականության մեջ, այնպես էլ Թուրքիայի քաղաքականության մեջ։ «Եթե վերցնենք եվրոպական ուղղությունը, որը կարևոր է Թուրքիայի համար, այստեղ տեղի է ունենում անշրջելի մի գործընթաց, երբ Թուրքիան հայտարարում է, որ պետք է վերականգնի մահապատժի օրենքը։ Եթե դա եղավ, ապա կփակվի Թուրքիայի ճանապարհը դեպի Եվրոպա։ Բայց ես կարծում եմ, որ Էրդողանն այդքան շատ էլ չի ցավում, որ Եվրոպայից հեռանում է, որովհետև նա գնում է այլ ուղղությամբ ու ձգտում դառնալ սուննի աշխարհի առաջնորդ»։

ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների մասին դեսպանը դժվարանում է խոսել, որովհետև նրա խոսքով՝ Թրամփը չի կարևորում այնպիսի «փոքր» երևույթներ, ինչպիսին է տոտալիտար կառավարումը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Ա. Նավասարդյանի դիտարկմամբ՝ նա մատների արանքով է նայում այդ երևույթին՝ պաշտոնապես հայտարարելով, թե դա Թուրքիայի ներքին գործն է. «Բայց չեմ կարծում, որ Ռուսաստանի վրա այս փոփոխությունը չի ազդի։ Թուրքիայի և ՌԴ-ի միջև եղած աշխարհաքաղաքական խնդիրները միշտ գերակայում են երկկողմ հարաբերություններին։ Թուրքիան միշտ խաբել է Ռուսաստանին»։

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ դեսպանը նշեց, որ Հայաստանում զարմանալի ստերեոտիպ կա՝ որքան Թուրքիայի համար վատ լինի, այնքան Հայաստանը կշահի դրանից, ինչը, ըստ նրա՝ պարզունակ ու վուլգար բացատրություն է. «Կարելի է ենթադրել, որ քաոտիկ վիճակում Թուրքիան, թերևս, ավելի վտանգավոր է Հայաստանի համար։ Իսկ լինելով միահեծան ղեկավար՝ Էրդողանը կարող է անել այն, ինչ ուզում է, ինչն ավելի վտանգավոր է մեզ համար»։

Արցախի հակամարտության հետագա զարգացումները դեսպանը կապում է ոչ միայն Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի դիրքորոշումների հետ, այլ նաև այն զարգացումների հետ, որոնք սպասվում են տարածաշրջանում. «Շատ կարևոր է, թե ինչ քաղաքականություն կվարի Թրամփը»։

Նա հավելեց, որ Էրդողանն ավելի կոշտ քաղաքականություն կվարի Մերձավոր Արևելքում. «Նա ամեն ինչ անում է, որ Սիրիայից դուրս չգա, և անցնելով միահեծան իշխանության` կարող է ավելի համարձակ գործել»։

 

Տեսանյութեր

Լրահոս