Բաժիններ՝

Գերմանացի քաղաքական գործիչը կոչ է արել հանրաքվեում «այո» ասած թուրքերին վերադառնալ Թուրքիա

Գերմանիայի աջակողմյան «Այլընտրանք հանուն Գերմանիայի» կուսակցությունը հայտարարել է, որ Թուրքիայի սահմանադրական հանրաքվեում «այո» ասած գերմանաբնակ թուրքերը պետք է վերադառնան այդ երկիր: Այս մասին հայտնում է Deutsche Welle­-ն:

Կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ Ալիս Վայֆդելը ընդգծել է, որ Գերմանիայում հանրաքվեի մասնակիցների կողմից ավելի շատ «այո» քվեարկելու փաստը ցույց է տալիս, որ այդ թուրքերի ինտեգրման գործընթացը հաջողությամբ չի ընթանում: Նա տրամաբանական է համարել, որ այդ թուրքերից հետ վերցվի Գերմանիայի քաղաքացիությունը:

Ապրիլի 16­-ին Թուրքիայի սահմանադրական հանրաքվեում Գերմանիայի թուրքերը մեծ մասնակցություն են ունեցել: Այդ երկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիների շուրջ 60 տոկոսը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին:

Թուրքիայում ապրիլի 16-­ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեում ընտրատեղամասերի 100 տոկոսի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»­ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը:

Գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է հանրաքվեի արդյունքները բողոքարկելու մասին: Ընդդիմադիր գործիչը հայտնել է, որ շուրջ 1,5 միլիոն քվե հաշվվել է «այո»­ի օգտին խախտման արդյունքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս