«Եթե ցանկություն ունենա՝ Կարեն Կարապետյանը կկարողանա քանդել գորդյան հանգույցը»

Մեր զրուցակիցն է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ նախագահ Արտակ Կիրակոսյանը

– Պարոն Կիրակոսյան, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ի՞նչ որոշում կարելի է սպասել ՍԴ-ից՝ հաշվի առնելով նախկինի նմանատիպ փորձը։

– Կարծում եմ՝ առանձնապես սպասելիքներ չեն կարող լինել։ Նախորդ դիմումները շատ ավելի մեծ խախտումների և փաստերի առկայության դեպքում էին, բայց ՍԴ-ն մերժել էր դրանք։ Այս անգամ որևէ էական արդյունք չի կարող լինել։ Սա ավելի շուտ ՀԱԿ-ի կողմից հայտ է, որ իրենք շարունակում են մնալ քաղաքական դաշտում։ Կարծում եմ՝ միակ նպատակը դա էր։

– ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ գրուպի» աշխատակիցների հավաքի ձայնագրության հրապարակումն ինչպե՞ս է ազդում ընտրական ողջ գործընթացի, արդյունքների, լեգիտիմության վրա, և արդյոք այն կունենա՞ իրավական որևէ հետևանք։

– Սա իրականում վառ և ինչ-որ իմաստով՝ նողկալի ձևով բացահայտեց այն ամենը կիրառվող մեթոդների մասին, ինչ բոլորս կռահում էինք։ Շատերի համար շոկային էր ոճը, պատկերացնում էինք, որ աշխատողներին ինչ-որ ձևով ստիպում էին, բայց այդպես ակնառու և այդպես տհաճ տպավորություն ու հետք թողեց բոլորի վրա։ Բայց կրկին, կարծում եմ, որ խորը հետևանքներ կարճաժամկետ իմաստով սա չի ունենա, իսկ երկարաժամկետ առումով կունենա, քանի որ այն ճնշումները, որոնց մասին մարդիկ խոսում էին, այս ձայնագրությունն ապացուցեց, որ դա իրականություն է։ Եվ կարծում եմ, ոչ մեկի մոտ նման պատկերացում չկա, որ սա արտառոց, եզակի մի բան էր, այլ հակառակը՝ շատերի մոտ համոզմունք կա, որ սա այն ձևն է, որով մարդկանց ստիպում են իրենց համար ձայներ ապահովել։

– Ենթադրություն կա, որ այս ձայնագրության հրապարակումը ներիշխանական համակարգում ռեյտինգային թեկնածուների միջև պայքարի հետևանք է՝ նույն ընտրատարածից առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուներ Արտակ Սարգսյանի և Արթուր Գևորգյանի։

– Դա արդեն այդքան էական չէ, այսինքն՝ թե ինչպես է ձայնագրությունն ի հայտ եկել, այդքան էլ հետաքրքիր չէ, կարող է՝ մեկը մյուսի դեմ է, անձնական կամ ներքին պայքար է, բայց դա չէ խնդիրը։ Խնդիրն այն է, որ այսպիսով բարոյական այդ մթնոլորտը, ռեյտինգային այս համակարգի և օլիգարխների իշխանության գալու մեխանիզմներն ի հայտ դրվեցին։ Ոչ թե բացահայտվեց, որովհետև բոլորը դրա մասին գիտեին, այլ ակնառու ձևով ի ցույց դրվեց, թե ինչպես է դա արվում։

– ԱՄՆ դեսպանատունն արձագանքեց այս դեպքին, հատկապես՝ ողջունելով Դատախազության ձեռնարկած քայլերը և քննություն սկսելու փաստը, այդ արձագանքում նշելով նաև Կարեն Կարապետյանի անունը։ Ձեր կարծիքով՝ ի՞նչն է դրդել դեսպանատանը նման ձևով արձագանքելու, և, ի վերջո, ի՞նչ կարող է լինել։

– Չեմ կարծում, որ էական մի բան կլինի։ Խնդիրն ի՞նչ է։ Այդ միջազգային կառույցները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, ուզում են ճնշման լծակներ ունենալ իրենց ձեռքին, և մեր թուլություններն ու ախտը, որ մեր մեջ կա, օգտագործում են՝ Հայաստանին ավելի կառավարվող պահելու համար։ Չեմ կարծում, որ սա իրավական կամ այլ հետևանք կունենա, ավելի շատ ապտակ էր՝ այն իմաստով, որ՝ «կարող եք, դե մի բան արեք»։ Բայց ինձ չի թվում, որ էական մի բան կլինի, մաքսիմում՝ կգտնեն ձայնագրության հերոսին, որ անցկացնում էր հավաքը, և կարող է 2 ամսով աշխատանքից հեռացնեն։ Եվ դա առավելագույնն է, որ կարող է տեղի ունենալ։

– Ընտրական այս գործընթացների ավարտից հետո ստացվում է մի իրավիճակ, երբ ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն ապահովեց ռեյտինգային թեկնածուների շնորհիվ, բայց տնտեսական առումով հենց նման թեկնածուներն են, որ օլիգարխիկ համակարգի կմախքն են կազմում և խանգարում տնտեսական իրական առաջընթացին, ինչպիսի խնդիր դրել է Կարեն Կարապետյանը։ Ինչպե՞ս պետք է Կարապետյանը քանդի այս գորդյան հանգույցը։

– Եթե ցանկություն ունենա՝ կկարողանա քանդել։ ՀՀԿ-ն երկաստիճան մի սկզբունքով է ձևավորվում՝ բյուրոն է, որտեղ օլիգրախների ազդեցությունն ավելի քիչ է, և օլիգարխներն են, որոնք կան քաղաքական և տնտեսական պրոցեսների մեջ։ Ինձ թվում է, որ իրենց պատկերացումներով մոտեցումն այս պետք է լինի՝ բյուրոն, որը քաղաքական է, ունենալով նաև ռեալ իշխանական լծակներ, կարող է ինչ-որ իմաստով սանձել այդ օլիգարխներին։ Խնդիրն այն է, թե այդ սանձելն արդյոք նշանակում է՝ նրանց իրո՞ք բերել նորմալ դաշտ, թե՞ ուղղակի սանձել, որ պետք եղած ժամանակ օգտագործեն, ինչպես հիմա օգտագործեցին ընտրությունների ժամանակ։ Եվ այստեղ շատ մեծ խնդիր է՝ սանձ բռնո՞ղն է ուժը, թե՞ սանձվածները, որ իրական ուժն են, որովհետև հենց նրանց ուսերի վրա ՀՀԿ-ն հաղթեց այս ընտրությունները։ Ամբողջ հարցը սա է՝ կուզենա՞ն իրենք այդ հիմքը քանդել։ Փաստորեն, խնդիր է դրվում, որ ՀՀԿ-ն ինքն իրեն պետք է քանդի, որպեսզի երկիրը զարգանա։ Մի քիչ դժվար է պատկերացնել, որ դրան կգնան։ Ես ամենասկզբից էլ չեմ հավատացել ներքին ռեֆորմին, որ կարող է տեղի ունենալ։ ՀՀԿ-ն պետք է ընտրություններում պարտվեր, այս անգամ չպարտվեց։ Տեսնենք, մինչև մյուս անգամ կպարտվի։

– Կարծում եք դա կլինի՞։

– Պետք է լինի, և բնական է, որ կլինի։ Միևնույն է՝ ոնց անեն, ինչ-որ իմաստով այդ օլիգարխներին պետք է մի դաշտ բերեն։ Եվ այս պրոցեսները միայն մեզ մոտ չեն, ամբողջ աշխարհում են, որ փողով մարդիկ տիրում են։ Եվ այն փոփոխությունը, որ կա՝ այսօր՝ դեմոկրատ, վաղը՝ հանրապետական, սոցիալիստ կամ պահպանողական, միևնույն կրիզիսն է՝ վերջում փող ունեցողներն են մնում։ Ակնկալել, որ մեզ մոտ կլինի նման հեղափոխական մի բան, որ կլինեն լրիվ նոր ուժեր, դժվար է։ Խոսքը գնում է քիչ թե շատ արդյունավետ կառավարման մասին, որ քիչ թե շատ գանք կրիզիսային Եվրոպայի մակարդակի։ Իրականում շատ բարդ խնդիր է դրված մեր առջև, և շատ պայծառ լուծումներ չեմ ակնկալում, որ Հայաստանը կդառնա լրիվ այլ տեսակ, կամ հնարավորություն կլինի այնպիսի փոփոխություն անել, ինչպես Իսլանդիայում եղավ՝ ուղիղ ժողովրդավարություն։ Դրա համար այդքան հասուն չենք։ Պետք է իրականության հետ հաշվի նստենք՝ ինչ ունենք, դրա պոտենցիալը մաքսիմալ օգտագործենք, որ հնարավոր լինի երկրի վիճակը բերել նորմալ ուղեծիր, նորմալ հարաբերությունների։ Այդ պրոցեսը շատ դժվար է լինելու, և դեռ շատ ու շատ դասեր ունենք սովորելու այսօրվա Եվրոպայից կամ Ամերիկայից՝ իրենց բոլոր ճգնաժամերը հաշվի առնելով։ Մենք ընդունակ չենք թռիչք անել և շատ ավելի լավ մոդել ստեղծել։

Ի վերջո, խնդիրն աշխատանքն է, քաղաքական համակարգը։ Ըստ էության՝ կուսակցություններն ընտրությունից ընտրություն աշխատանք չեն կատարել, և դա մեր հիմնական ցավոտ կողմերից է։ Հիմա կա «Ելքը», որ պոտենցիալն ունի և ունի ընտրազանգված, որ առաջին անգամ է, որ կարելի է հաշվարկել։ Սա ոչ թե ուղղակի բողոքական ընտրազանգված է, որ Հանրապետականի դեմ է քեարկել, այլ մարդիկ են՝ միջին խավի, ինտելեկտուալ, ներգրավված այն աշխատանքների մեջ, որ կապված չեն օլիգարխիկ համակարգի հետ, այսինքն՝ ծրագրավորողներ, երիտասարդներ, և ես չեմ հիշում մի ընտրություն, որ որևէ կուսակցություն ստացել է ինչ-որ նման խմբի ձայներ։ Մյուսը Դաշնակցությունն է, որ հիմք ունի, բայց դա անցյալից եկող է, ոչ թե դեպի ապագան տանող։ Եթե «Ելքը» պահի իր ընտրազանգվածը, զարգացնի, առաջ տանի, կարող է այն առողջարար ուժը լինել, որ չի թողնի ամբողջ համակարգը փտի։ Այսինքն՝ կլինի մի վիճակ, երբ առողջ ուժեր կլինեն, վերահսկողություն կլինի, որը թույլ կտա առաջ շարժվել։

 

Տեսանյութեր

Լրահոս