«Եվրոպայի դռները փակվեցին Թուրքիայի առջև». Վարդան Ոսկանյան

Թուրքիայում ապրիլի 16­ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեով ընտրատեղամասերի 99,97 տոկոսի արդյունքներով հաղթել է «այո»­ն: Թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը: Թուրքիայի խոշորագույն քաղաքները`մայրաքաղաք Անկարան, Ստամբուլը և Իզմիրը, «ոչ» են ասել սահմանադրական փոփոխություններին: Ամենամեծ թվով «ոչ» քվեներ է եղել Թունջելիում (նախկին Դերսիմ):

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Թուրքիայում էրդողանական ուժերը դժվարությամբ կարողացան անցկացնել նոր Սահմանադրության նախագիծը, որով, ըստ մեր զրուցակցի՝ Թուրքիան գնում է առավել կենտրոնացման, ժողովրդավարական ազատությունների ավելի սահմանափակման։

«Ուշագրավ է, որ Էրդողանի առաջարկած նախագծին դեմ է քվեարկել ոչ միայն Թուրքիայի արևմտյան մերձափնյա շրջանների բնակչությունը, այլ նաև քրդաբնակ շրջանների խոշոր մասը։ Սա նշանակում է, որ քուրդ բնակչությունն ամենևին խանդավառված չէ նման փոփոխություններով, և Թուրքիայում այլ հարցերի կողքին՝ մենք առաջիկայում պետք է ակնկալենք որոշակի զարգացումներ նաև քրդաբնակ շրջաններում, որոնք անմիջականորեն սահմանակից են Հայաստանի Հանրապետությանը և հետաքրքրություն են ներկայացնում մեզ համար»,- նշեց իրանագետը՝ նկատելով, որ այս հանրաքվեն ունենալու է բացասական հետևանքներ։

«Բացասական հետևանքներ՝ հասարակական տրամադրություններում, Թուրքիայի ներքաղաքական դաշտում, ներէթնիկ իրավիճակի համատեքստում, հատկապես՝ կապված քրդական խնդրի հետ, և տնտեսագետները պնդում են, որ բացասական հետևանքներ կունենա նաև Թուրքիայի տնտեսության վրա»,- պարզաբանեց նա։

Ըստ իրանագետի՝ Թուրքիան ցույց տվեց, որ այսպիսի համակարգով Եվրամիությանն անդամակցելու որևէ շանս չունի.

«Նախկինում էլ այդ շանսերը շատ մեծ չէին, բայց հատկապես նման Սահմանադրության որդեգրումից հետո Թուրքիայի շանսերը՝ եվրոպական ինտեգրման համատեքստում, մի քանի անգամ նվազեցին, եթե չասենք՝ Եվրոպայի դռները փակվեցին Թուրքիայի առջև։ Թուրքիայի հարևան պետությունները չափազանց անհանգստացած են Էրդողանի իշխանության ամրապնդման հանգամանքով, որովհետև իր իշխանության տարիներին էրդողանական վարչակարգը հասցրել է փչացնել հարաբերությունները բոլոր հնարավոր միջոցներով և քաղաքականության որդեգրումով, ինչի հետևանքով մենք ունենք զրո հարևաններ, որոնց հետ Թուրքիան խնդիրներ չունի։

Այս համատեքստում՝ ո՛չ արաբական երկրներն են խանդավառված նման գործունեությամբ, ո՛չ էլ Թուրքիայի խոշոր հարևան և տարածաշրջանային մրցակից Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Իրանական արձագանքները թուրքական հանրաքվեին բավական սառն էին, և կարծում եմ՝ Իրանին ձեռնտու չէ, որպեսզի Թուրքիայում իր իշխանությունն ամրապնդի էրդողանական գաղափարախոսությունը դավանող քաղաքական ուժը, որը ցույց է տվել, որ Իրանի հետ հարաբերություններում էլ լավն ակնկալել շատ դժվար կլինի»։

Վ. Ոսկանյանը նկատեց, որ մինչև սահմանադրական փոփոխությունն էլ Թուրքիան Հայաստանի հանդեպ վարում էր թշնամական քաղաքականություն, և այժմ էլ այդ թշնամական քաղաքականությունը շարունակվելու է.

«Բայց այդ թշնամական քաղաքականության խստացումը՝ հատկապես երկրի արևելյան քրդաբնակ շրջաններում, որոշակի հնարավորություններ է ստեղծելու նաև մեզ համար՝ աշխատելու քրդական քաղաքական ուժերի հետ Թուրքիայի ներսում։ Սա շատ կարևոր ուղղություն է, և ես կարծում եմ՝ ժամանակն է, որպեսզի մենք հստակ ու ծրագրված կերպով աշխատենք Թուրքիայի ներսում պրոքրդական և քրդական տարբեր քաղաքական ուժերի հետ՝ ի վերջո հասկանալու համար, թե Թուրքիայի արևելքում ինչպիսի իրավիճակ կարող է ստեղծվել զանազան սցենարների դեպքում»։

Իսկ ինչ վերաբերում է Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններին, ապա, ըստ նրա՝ չնայած որոշակի սիրախաղերի ժամանակահատվածներին՝ այդ հարաբերությունները երբեք էլ չեն եղել ռազմավարական կարևորության, ու շատ դժվար է ենթադրել, թե ավելի ուժեղ Էրդողանն ինչպես իրեն կպահի Ռուսաստանի հետ հարաբերություններում. «Ես կարծում եմ, որ նա ավելի հանդուգն կդառնա»։

Տեսանյութեր

Լրահոս