«Երևանի ընտրությունների պատկերը մի քիչ այլ է՝ կա իշխանություն, կա հաճախորդ և կա ընդդիմադիր ուժ»
168.am-ի զրուցակիցն է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը
– Ինչպես հայտնի է, Երևանի ավագանու ընտրություններին երեք քաղաքական ուժեր են մասնակցելու հայտ ներկայացրել՝ ՀՀԿ-ն, «Ելքը» և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: Ինչպե՞ս եք գնահատում, որ մյուս ուժերը հրաժարվեցին այս ընտրություններին մասնակցել, և ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կբաշխվեն այդ ուժերի էլեկտորատները:
– Չեն մասնակցում, որովհետև այս ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանում ընտրություն չկա, ընտրական համակարգ գոյություն չունի, ընտրությունը միջոցառում է, շոու-բիզնեսի նման մի բան է, փողի, ուժի, կեղծիքի մրցակցություն է: Իսկական ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները հասկացան, որ շատ քիչ ռեսուրսներ ունեցող կառույցներն ուղղակի ծախս են անում և խաղում են այն խաղը, որը կազմակերպվում է իշխանության, Վենետիկի հանձնաժողովի կողմից: Ընդհանրապես, ընտրություն հասկացողությունն արդեն ամբողջ աշխարհում գոյություն չունի, Միացյալ Նահանգների վերջին ընտրությունները և հետընտրական պրոցեսները ցույց են տալիս, որ դա ընդամենը խաբեություն է:
Չմասնակցողները, ինչպես նաև ամբողջ ժողովուրդը վստահ է, որ այս միջոցառման արդյունքում՝ միշտ ընտրական հաջողություն են ունենում իշխանությունը և նրա հաճախորդները, ու դա միշտ է եղել՝ նախորդ պառլամենտը, այս պառլամենտը, դրանից առաջվա պառլամենտը… Ով իսկական ընդդիմադիր է, այդ պառլամենտում չի հայտվում: Երևանի ընտրությունների պատկերը մի քիչ այլ է՝ կա իշխանություն, կա հաճախորդ և կա ընդդիմադիր ուժ: Հավանականությունը շատ քիչ է, որ ընդդիմադիր ուժը հաղթի, կարծում եմ՝ իշխանությունը և իշխանության կողքին կանգնած ուժը միասին այս խնդիրը կլուծեն:
Թվում է, թե «Ելքը» և Զարուհի Փոստանջյանը գուցե միավորվեն, բայց ես դրան ընդհանրապես չեմ հավատում, ես դա բացառում եմ, ինձ համար դրա ապացույցն է նաև Վանաձորում տեղի ունեցած ընտրությունները, որտեղ «Լուսավոր Հայաստանը», կարծես թե, մեծամասնություն ուներ, բայց պրոցեսը ցույց տվեց, որ ընդդիմություն չկար, բոլորը միավորվեցին ՀՀԿ-ի հետ, իբր պատահաբար ինչ-որ մարդիկ սխալ են քվեարկել, ի վերջո, ՀՀԿ-ն քաղաքապետ ունեցավ:
Նույնն էլ հիմա է լինելու: Իհարկե, միակ ընդդիմադիրն ինձ համար Զարուհին է, և կարծում եմ՝ ժողովրդի մեծ մասը կգնա՝ Զարուհուն կընտրի, բայց նշանակություն չունի՝ ով ում կընտրի, ընտրությունները միանշանակ կեղծվելու են:
– Փաստորեն, հաճախորդ ուժ ասելով՝ «Ելքի՞ն» նկատի ունեք:
– Ես ասացի, որ այս պառլամենտում ընտրվել են իշխանությունը և նրա հաճախորդները, եթե իշխանությունը չցանկանար, որ «Ելքն» անցներ, 7.8 տոկոսը շատ հեշտ է Սերժ Սարգսյանի համար 6.8 դարձնել: Ես համոզված եմ, որ և՛ նախորդ պառլամենտում, և՛ այս պառլամենտում որևէ մեկը չկար, որ մանդատ էր ստացել՝ առանց իշխանության որոշման:
Հիմա ինչո՞ւ է մասնակցում «Ելքը», նա մասնակցում է ընդդիմադիր դաշտի ձայները կիսելու նպատակով, այսինքն՝ Զարուհուց վերցնելու, եթե ես սխալ եմ, թող «Ելքը» հայտարարի, որ ընտրություններից հետո իրենք իրենց ձայները Զարուհի Փոստանջյանի հետ միավորելու են: Չեմ հավատում դրան, ավելի շուտ, նույն Զարուհին էլ նրանց չի ընդունի, որովհետև ինքն էլ այլ կարծիք ունի «Ելքի» վերաբերյալ, ինքն էլ է հասկանում՝ ինչի է «Ելքը» մասնակցում, դրա համար այս ընտրություններից էլ ոչ մի լավ բան չեմ սպասում:
– Բայց «Ելքը» Զարուհի Փոստանջյանին առաջարկել էր միասին մասնակցել, նա մերժել է:
– Այո, ես դրան տեղյակ եմ: Հիմա դժվար է ասել՝ ինչ տարբերակով են առաջարկել, միավորվում ենք հանուն ինչի՞, դա շատ կարևոր է, թե նպատակը որն է, ակնհայտ է, որ չկա փոխադարձ վստահություն, բայց ինչի՞ չկա: Օրինակ, ինձ մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Զարուհին հրաժարվել: Ես ձեզ ասեմ՝ պառլամենտական ընտրություններում էլ Զարուհուն տարբեր տեղերից առաջարկներ եղել են, ինքը նույնիսկ իր հարազատ կուսակցության հետ բաժանվեց, որովհետև համաձայն չէր գնալ այն մարդկանց հետ նույն տեղում հայտնվել, ում հետ հայտնվեց «Ժառանգությունը»: Ես էլ չէի գնա, երբ դու վստահ չես, որ դա իսկապես ընդդիմություն է, շատ դժվար է գնալ համագործակցության:
– Ձեր կարծիքով՝ ընտրություններին չմասնակցող ուժերի էլեկտորատներն ինչպե՞ս են բաշխվելու մասնակցող ուժերի միջև:
– Նայած, թե ինչու է ժողովուրդը ձայն տվել այդ չմասնակցող ուժերին, եթե որպես ընդդիմադիր է տվել՝ հավատալով, որ դրանք ընդդիմադիր ուժեր են, ապա դա նշանակում է, որ այդ ուժերը կգնան Զարուհի Փոստանջյանին կտան ձայները, եթե ուրիշ բաներից ելնելով են տվել, ապա կարող են չմասնակցել կամ իշխանությանը տալ: Եթե դուրս են մնացել, դա չի նշանակում, որ նրանք հաստատ ընդդիմադիր են: Պառլամենտական ընտրություններում պարտված ուժեր կան, որ չես կարող պնդել, որ ընդդիմադիր են, պարզապես իշխանությունը որոշել է՝ հաճախորդներից սրանք պետք է անցնեն, սրանք չպետք է անցնեն, բոլոր հաճախորդներին հո չպե՞տք է անցկացնի, իշխանությունը միշտ էլ շատերին «դաբրո» է տալիս, բայց հետո որոշում է՝ ով անցնի, ով չէ: