«Ֆուտբոլիստների անբավարար մոտիվացիան իմ մեղքն է». Անտոնիո Կոնտե
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է իր թիմի պարտությունը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ անցկացրած խաղում (0:2):
«Կարծում եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդն» արժանիորեն հաղթեց: Նրանց ֆուտբոլիստները գործում էին ավելի մեծ ցանկությամբ և ավելի մեծ մոտիվացիայով: Իսկ նման դեպքերում դա մարզչի մեղքն է, իմ մեղքն է, չէ՞ որ ես չեմ կարողացել բավարար չափով մոտիվացնել իմ ֆուտբոլիստներին:
Մինչև մրցաշրջանի ավարտը մնացած յուրաքանչյուր խաղում մենք պետք է ցուցադրենք պատշաճ էնտուզիազմ, կիրք, ամբիցիաներ և մոտիվացիա, որպեսզի հասնենք մեր նպատակին: Իհարկե, ես անհանգստացած եմ:
Մենք դեռևս գերազանց դիրքում ենք, բայց «Տոտենհեմը» շատ լավ մարզավիճակում է, նրանք շատ լավ խաղ են ցուցադրում և ցուցադրում են հիասքանչ էնտուզիազմ: Մենք պետք է նույն բանն անենք»,- հայտարարել է Կոնտեն:
Մրցաշրջանի ավարտից 6 խաղ առաջ «Չելսին» մնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում՝ առաջ լինելով «Տոտենհեմից» ընդամենը 4 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը