Գերազանցության զեղչերի նոր համակարգ ԵՊՀ ուսանողների համար
ԵՊՀ-ն առաջիններից է, որ սահմանել է գերազանցության զեղչերի նոր համակարգ: Հայաստանյան առաջատար մի շարք ԲՈՒՀ-երում զեղչերից օգտվում են դեռևս միայն գերազանց առաջադիմությամբ որոշակի կարգավիճակ ունեցող ուսանողները: ԵՊՀ-ն գերազանցության զեղչեր է սկսել տրամադրել նաև գերազանց առաջադիմությամբ որոշակի կարգավիճակ չունեցող ուսանողներին: Այդ մոտեցմամբ՝ գերազանցության զեղչ կստանան ԵՊՀ ավելի քան 800 ուսանող: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը:
«Ներկայումս գերազանցության զեղչերից կարող են օգտվել նաև որոշակի կարգավիճակ չունեցող գերազանց սովորող ուսանողները: Մինչ այդ՝ «Երևանի պետական համալսարանի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների» կանոնակարգով շուրջ 1300 գերազանց սովորող ուսանողներն են միայն օգտվել վարձավճարի զեղչերից: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի համաձայն՝ նրանք եղել են սոցիալապես անապահով ուսանողներ, 1-ին կամ 2-րդ խմբերի հաշմանդամ, այդ թվում՝ հաշմանդամ ազատամարտիկ ծնողներ ունեցող ուսանողներ, սահմանային հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն անցած ուսանողներ և այլն:
Սակայն կան նաև գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողներ, ովքեր կանոնակարգի պահանջներին համապատասխան որևէ կարգավիճակ չունեն: ԵՊՀ ռեկտորի որոշմամբ՝ այլ կարգավիճակ ունեցող ուսանողների համար ևս սահմանվել էին վարձավճարի զեղչեր: Սակայն աստիճանաբար նրանց թիվն ավելացել էր՝ առաջ բերելով որոշակի «անարդար մրցակցություն»: Ուսանողները դասախոսներին խնդրում էին, որպեսզի բարձր գնահատական նշանակեն վերոնշյալ զեղչից օգտվելու համար: Այդ իսկ պատճառով 2016թ. սեպտեմբերի 29-ի ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ փոփոխություն մտցվեց կանոնակարգում՝ համաձայն որի ԵՊՀ-ն յուրաքանչյուր կիսամյակ սահմանում է միանվագ համալսարանական կրթաթոշակ:
Կրթաթոշակների կիրառումը որոշակի դժգոհություն առաջացրեց ուսանողների շրջանում: Որոշում կայացվեց, որ այն գերազանցիկ ուսանողները, ովքեր այս կամ այն կարգավիճակը չունեն և ընդգրկված չեն անվճար ուսուցման համակարգում կարող են դիմել ԵՊՀ ռեկտորին ուսման վարձավճարի զեղչ ստանալու համար»,-ասաց Կարեն Գրիգորյանը: Կարեն Գրիգորյանի խոսքով՝ զեղչի համակարգը վերաբերում է ԵՊՀ առկա և հեռակա համակարգերում սովորող բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողերին: Քննարկվել են գերազանց առաջադիմություն ունեցող ավելի քան 800 ուսանողի դիմումներ և կատարվել համապաստախան զեղչեր: Ակադեմիական պարտքեր ունենալու պատճառով մերժվել է 3 ուսանողի դիմում: 18:00-18:49 ՄՈԳ-ի դեպքում ուսանողը կօգտվի վարձվաճարի 10 տոկոս զեղչից, 18:05-19:49-ի դեպքում՝ 15 տոկոս, 19:05-20:00-ի դեպում՝ 20 տոկոս զեղչից: Իսկ այն ուսանողները, որոնք տարեսկզբին արդեն վճարել էին ուսման վարձը, կարող են դիմել և ետ ստանալ ավելի վճարած գումարը, կամ այն կարող է համարվել հաջորդ կիսամյակի վարձավճարի մաս:
«ԵՊՀ-ում տարեկան շուրջ 500 մլն դրամ հատկացվում է ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման համար: Եվ այս փոփոխությունները չեն կարող որևէ կերպ կրճատել ԵՊՀ այլ ծախսերը»,-նշեց Կարեն Գրիգորյանը:
Մնացած մի շարք առաջատար բուհերում դեռևս զեղչային նման համակարգ հստակ ձևակերպված չէ: Հայաստանյան բոլոր ԲՈՒՀ-երն առաջնորդվում են ըստ ընդունված համապատասխան օրենքի՝ ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով, հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը` իրականացնում են ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում որոշակի կարգավիճակ ունեցողներին: Նաև գրեթե բոլոր հայաստանյան ԲՈՒՀ-երում՝ Երևանի պետական տնտեսագիտականան, Երևանի պետական մանկավարժական, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվագիտական, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, գործում է 50 տոկոս զեղչ այն ուսանողների համար, որոնց ՄՈԳ-ը 0,1 միավորով չի բավարարել անվճար ուսուցման անցնելուն:
ԵՊԼՀ-ի սոցիալական զարգացման և ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի խոսքով՝ ԵՊԼՀ-ն զեղչեր տրամադրում է օրենքի սահմաններում: Դրանից բացի, եթե ֆոնդը բավարարում է, գումար է ավելանում, ուսանողները հնարավորություն են ստանում դիմելու վարձավճարի զեղչերի համար: Այդ դեպքում՝ մանդատային հանձնաժողովը քննարկում և, իհարկե, առավելություն է տալիս գերազանց առաջադիմություն ունեցողներին: