ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն արձանագրել է Թուրքիայում հանրաքվեի քարոզարշավում գրանցված սահմանափակումները
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մայքլ Լինքը մտահոգություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր ուժերը լայնածավալ սահմանափակումների են հանդիպել: Այս մասին հայտնում է գերմանական Deustche Welle պարբերականը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրենն արձանագրել է, որ 2016 թվականի հուլիսից հետո Թուրքիայում 158 լրատվամիջոցի փակումը, լրատվամիջոցների շուրջ 1000 աշխատակցի գործազուրկ մնալը, ռեկորդային քանակությամբ լրագրողների կալանավորումը պատճառ են դարձել, որ քարոզարշավի ժամանակ մատուցվող լուրերում չպահպանվի հավասարակշռությունը:
«Ցավոք, «Ոչ»-ի քարոզարշավն իրականացնողներին վախեցնում են, իսկ կառավարությանը մոտ շատ լրատվամիջոցներ «Ոչ» ասողներին ներկայացնում են որպես թշնամի և բանսարկու»,-նշել է Լինքը:
Լինքն անդրադարձել է նաև այն փաստին, որ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 13 պատգամավոր բանտում է, ինչի հետևանքով կուսակցությունը չի կարողանում լիարժեք քարոզարշավ իրականացնել: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրենն ընդգծել է, որ Թուրքիայում հայտարարված արտակարգ դրությունը պետք է անհապաղ վերացվի:
Թուրքիայում ապրիլի 16ին նախատեսված է սահմանադրական հանրաքվե:
Սահմանադրական փոփոխություններով երկրում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դառնալու է 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի:
Մեջլիսի և նախագահի ընտրություններն անց են կացվելու 5 տարին մեկ միևնույն օրը: Երկրի նախագահն այսուհետ կարող է լինել կուսակցական: