Ֆրանսիայի նախագահի 4 թեկնածուները Թուրքիայի նկատմամբ բացասական են տրամադրված. Hürriyet

Ապրիլի 23-ին Ֆրանսիայում տեղի կունենա  նախագահական ընտրությունների առաջին փուլը: Թուրքական «Hurriyet» պարբերականի փոխանցմամբ` Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներից 4-ը միտված չեն զարգացնելու հարաբերություններ Թուրքիայի հետ: Բացի դրանից նրանք աջակցություն չեն ցուցաբերում Թուրքիայի Եվրամիությանը (ԵՄ) անդամակցելու գործընթացին:

Մասնավորապես Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ և նախագահի թեկնածու Մարին Լե Պենը իր նախընտրական քարոզարշավի ընթացքում բացասական է արտահայտվել Թուրքիայի ԵՄ անդամակցության վերաբերյալ: Նա մի քանի անգամ շեշտել է, որ դեմ է Թուրքիայի և ԵՄ-ի միջև ստորագրված փախստականների վերաբերյալ համաձայնագրին:
Լե Պենը խստորեն քննադատել է Ֆրանսիայի ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդին և Գերմանայի կանցլեր Անգելա Մերկելին Թուրքիային ենթարկվելու  համար:

Լե Պենի մրցակից Էմմանուել Մակրոնը նույնպես դրական չի տրամադրված Թուրքիայի նկատմամբ: Նա ԵՄ-ին կոչ էր արել «դռները փակել» Թուրքիայի առջև:

Թուրքիայի նկատմամբ դրական տրամադրված չէ նախագահի թեկնածու Ֆիյոն Ֆրանսուան, ով 2007-2012թթ զբաղեցրել է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը: Նա ևս ասել է, որ Թուրքիայի բանակցությունները ԵՄ-ի հետ չեն կարող հաջողությամբ պսակվել: Համարում է, որ Թուրքիայի անդամակցությունը թե ԵՄ-ի և թե Ֆրանսիայի համար ցանկալի չէ:

Իսկ ահա Ֆրանսիայի նախագահի թեկնածուների շարքում հայտնված Ժան Ժուկ Մելանշոն չափազանց կոշտ դիրքորոշում ունի Թուրքիայի նկատմամբ: Բացի այն, որ նա դեմ է Թուրքիայի և ԵՄ-ի միջև ընթացող բանակցություններին, նա նաև իր աջակցությունն է հայտնել, որ եվրամիությունը «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) հանի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից:

Տեսանյութեր

Լրահոս