
G7-ի ԱԳ նախարարները հորդորել են ՌԴ-ին՝ ազդել Ասադի վրա և լուծել Սիրիայի հակամարտությունը

G7-ի երկրների ԱԳ նախարարները հայտարարել են, որ Ռուսաստանը սիրիական հակամարտությունը լուծելու ներուժ ունի: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Իտալիայի Լուկկա քաղաքում նախարարների բանակցությունների արդյունքների վերաբերյալ ընդունված կոմյունիկեն:
«Ռուսաստանը ներուժ ունի՝ օգնելու հակամարտության լուծմանը, Սիրիան դարձնելու կայուն ու միասնական, ինչպես նաեւ հաղթելու ԻՊին եւ ահաբեկչությանը»,-նշվում է փաստաթղթում:
Բացի այդ, G7-ում հորդորում են ՌԴ-ին՝ ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակներում ազդել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա:
«Ռուսաստանը պետք Է օգտագործի իր ազդեցությունը սիրիական ռեժիմի վրա՝ վերջ դնելու հակամարտությանը՝ սկսած հրադադարի պահպանման եւ հումանիտար կազմակերպությունների ավելի լայն մուտք ապահովելու հարցից: Նաեւ խոսքն այն մասին է, որ Ռուսաստանը լրջորեն մասնակցի ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող քաղաքական բանակցային գործընթացին»,հայտարարել են G7-ի երկրների արտաքին գործերի նախարարները:
«Եթե Ռուսաստանը պատրաստ է իր ազդեցությունն օգտագործել, ապա մենք պատրաստ ենք նրա հետ աշխատել՝ կարգավորելու սիրիական հակամարտությունը»,-ընդգծել են ԱԳ նախարարները:
Նրանք նաեւ հորդորել են Ռուսաստանին, Թուրքիային եւ Իրանին՝ հասնել այն բանին, որ սիրիական հակամարտության կողմերը պահպանեն հրադադարի ռեժիմը, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը