«Այս բոլոր դեպքերում մենք փոխհատուցում ենք արտահանողի կրած կորուստների մինչև 95%-ը». Վազգեն Աբգարյան
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց իրենց գործակալության գործունեության արդյունքները։
«Այս պահին ընկերությունը տրամադրում է երկու ծառայություն. առաջին՝ օտարերկրյա գնորդների չվճարման ռիսկերից ապահովագրություն, և հատուցում է արտահանողի կրած վնասների մինչև 95%-ը, եթե գնորդը չի կատարում պայմանագրով նախատեսված իր պարտականությունները։ Պարտավորության չկատարումը բաժանում ենք 2 մասի. առաջինը՝ քաղաքական ռիսկերից առաջացած պատճառներն են, ինչպիսիք են, օրինակ՝ գնորդ երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները՝ պատերազմներ, սանկցիաներ, բնական աղետներ։
Երկրորդը, որն ավելի հաճախ է հանդիպում, առևտրային ռիսկերն են, երբ գնորդը ճանաչվում է սնանկ կամ առանց իրավական հիմքերի հրաժարվում է վճարում կատարելուց։ Այս բոլոր դեպքերում մենք փոխհատուցում ենք արտահանողի կրած կորուստների մինչև 95%-ը։ Ապահովագրության տեսանկյունից չունենք որևէ երկրի սահմանափակում, և գնող կողմի մասնակցությունն ապահովագրության համար չի պահանջվում, և գնորդը նույնիսկ չի էլ իմանում, որ գործարքն ապահովագրված է»,- պարզաբանեց նա։
Բանախոսի խոսքով՝ նշված ծառայության սակագները մշակելիս փորձել են այնպես անել, որ հավելյալ բեռ չհանդիսանան տնտեսվարող սուբյեկտների համար, և ըստ այդմ՝ սակագինը կազմվել է՝ ելնելով երկու սկզբունքից. «Առաջինն այն երկիրն է, որտեղ իրականացվում է արտահանումը. երկրների 4 դասակարգում մենք ունենք։ Երկրորդ՝ տարաժամկետ վճարման տևողությունը, քանի որ հետո է վճարումը կատարվելու։ Եթե խոսենք ամենապահանջված ուղղության՝ ՌԴ-ի մասին, և ամենապահանջարկված 60-90 օր տարաժամկետ վճարման վերաբերյալ, ապա ապահովագրական միջին սակագինը կկազմի 0.5-0.6%, և այս պայմաններում մենք կփոխհատուցենք արտահանողների կրած վնասների մինչև 95%-ը»։
Այս ծառայության ածանցյալ կարևոր առանձնահատկությունը, ըստ բանախոսի՝ այն է, որ առևտրային բանկերն ընդունում են իրենց գործակալության տրամադրած պոլիսը՝ որպես ապահովման միջոց, և պատրաստ են հայ արտահանողների բավականին պարզեցված ընթացակարգով ու առավել մատչելի պայմաններով տրամադրել առևտրային ֆակտորին՝ անմիջապես ապրանքն արտահանելուց հետո. «Այսինքն՝ հենց ապրանքը հատի Հայաստանի մաքսային սահմանը, արտահանողը՝ առանց գրավային միջոցների, հնարավորություն կունենա բանկից ստանալու արտահանված հաշիվ-ապրանքագրի արժեքի 90%-ի չափով ֆինանսավորում, և այսպիսով՝ իր բիզնեսից չհանելով շրջանառվող միջոցները՝ միջնաժամկետ տևողությամբ։ Այս վարկավորման գործիքակազմի մյուս կարևոր առանձնահատկությունն էլ այն է, որ ստեղծվում են նախապայմաններ, որոնցով արտահանողը կարողանում է էականորեն զսպել արտարժույթի հետագա տատանումներից առաջացող հնարավոր ռիսկերը»։
Վազգեն Աբգարյանը նաև հավելեց, որ արտահանման խթանման գործիքակազմն ընդլայնելու նպատակով գործակալությունը 2016 թվականից մատուցում է նաև նախաարտահանման ֆինանսական ապահովագրություն, որի խնդիրն է ապրանքի արտադրության փուլում արտահանողների համար շրջանառու կապիտալի ֆինանսավորման հնարավորությունների ստեղծումը։ Նրա խոսքով՝ եթե 2015թ. ընթացքում աշխատում էին միայն մեկ բանկի հետ, ապա հիմա դրանք 8-ն են, իսկ ևս երեքի հետ բանակցություններ են ընթանում։
Լրագրողների հարցին՝ ո՞ր երկրներն են ավելի ռիսկային համարվում արտահանումների համար, նա պատասխանեց, որ չորս ամենաչվճարող երկրներն են՝ ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան։