«Եթե հանկարծ դատարանները սկսեն ամբողջությամբ կամ մասամբ բավարարել այս հայցերը, ապա խնդիրներ կլինեն իշխանությունների համար». Դանիել Իոաննիսյան
168.am-ի զրուցակիցն է «Իրազեկ քաղաքացիների միավորման» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանը:
– Պարոն Իոաննիսյան, ինչպես հայտնի է՝ 30 դպրոցի և մանկապարտեզի տնօրեններ, որոնց հետ ունեցած ձեր զրույցները դուք հրապարակել էիք՝ կապված ՀՀԿ-ի համար նախընտրական ցուցակներ կազմելու հետ, հայց են ներկայացրել Ձեր դեմ: Ինչքանո՞վ էր սպասելի Ձեզ համար տնօրենների այս քայլը:
– Մենք սպասում էինք այդ քայլին, որովհետև շատ տնօրեններ ԿԸՀ ներկայացրած բացատրություններում արդեն ասել էին, որ դատի են տալու, դրա համար մենք արդեն սպասում էինք: Մենք որևէ մեկին չենք զրպարտել, որովհետև զրպարտանքի անբաժանելի բաղադրիչ է սուտը, եթե դու սուտ չես ասում, ապա դու չես զրպարտում: Մենք սուտ չենք ասել, հետևաբար՝ մենք որևէ մեկի չենք զրպարտել, մենք որևէ մեկին չենք վճարել ոչ 2 միլիոն դրամ, ոչ 2 լումա: Այս քայլը մենք գնահատում ենք՝ որպես Հայաստանում խոսքի ազատության իրացման դեմ ոտնձգության փորձ, և արդեն դատարանների դիրքորոշումից կերևա, թե այս փորձը կվերածվի՞ գործողության, թե՞ ոչ:
– Ի՞նչ եք անելու, դուք ունե՞ք բավարար հակափաստարկներն իրենց հայցերի դեմ պայքարելու համար:
– Մեր գլխավոր հակափաստարկն այն է, որ մենք ոչ մի սուտ չենք ասել, իսկ օրենսդրությունը հստակ սահմանում է՝ զրպարտության անբաժանելի բաղադրիչը սուտն է, սա մեր գլխավոր հակափաստարկն է:
– Ի՞նչ եք կարծում՝ դուք հաջողություն կունենա՞ք:
– Որևէ փուլում կունենանք:
– Ըստ ձեզ՝ մինչև ո՞ր փուլ իրենք կհասնեն:
– Դժվար է ասել: Եթե առաջին ատյանի դատարաններն արդար վճիռ կայացնեն, ապա արդար դատավճիռը լինելու է հայցն ամբողջությամբ մերժելու մասին: Իհարկե, մենք գիտենք, որ Հայաստանում դատարանների անկախության հետ կապված խնդիրներ կան, բայց նաև իշխանությունները պետք է հաշվի առնեն, որ, եթե հանկարծ դատարանները սկսեն ամբողջությամբ կամ մասամբ բավարարել այս հայցերը, ապա խնդիրներ կլինեն իշխանությունների համար: Չեմ կարծում, որ հիմա իշխանությունները մեծ խնդիրների հավես ունեն:
– Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ խնդիրների մասին է խոսքը:
– Իշխանություններն առնվազն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ խնդիր կունենան և իշխանությունները խնդիր կունենան նաև իրենց վարկանիշի հետ կապված, այդ թվում՝ նաև միջազգային վարկանիշի, որովհետև, ամեն դեպքում, Հայաստանի իշխանությունները փորձում են ցույց տալ, որ իրենք ժողովրդավար են, և այլն, իսկ եթե շարունակ ընկնեն իրենց համար տհաճ հրապարակումներ անողների հետևից, դա, կարծում եմ, խնդրահարույց կլինի նրանց համար:
– Այսինքն՝ եթե հանկարծ այնպես ստացվի, որ բավարարվեն այդ հայցերը, դուք դիմելո՞ւ եք Եվրոպական դատարան:
– Եթե Հայաստանում ատյանները սպառվեն, իհարկե:
– Ձեր կարծիքով՝ այդ տնօրենները, որոնք հայցեր են ներկայացրել ձեր դեմ, ուղղորդվա՞ծ են այդ քայլին գնացել, թե՞ ինքնաբուխ:
– Դե, պատկերացրեք՝ 30 տնօրեն, գրեթե բոլորը՝ նույն կուսակցության անդամ, բոլորը կամ համարյա բոլորը՝ նույն փաստաբանական գրասենյակի միջոցով, գրեթե բոլորը նույնաբովանդակ հայցեր, գրեթե նույն օրերին, ու առավել ևս՝ նրանից հետո, երբ ՀՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ակնարկել էր, որ նման բան անելու են, մեղմ ասած, միամտություն կլիներ մտածել, որ սա 30 ինքնաբուխ դիմումներ են: