ԵԱՏՄ անդամ երկրներից միայն Հայաստանի սպառողական շուկայում է գների նվազում գրանցվել

ԵԱՏՄ անդամ երկրների շարքում Հայաստանը միակն է, որի սպառողական շուկայում գները փետրվարին, հունվարի համեմատ, նվազել են: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանի սպառողական շուկայում 2017 թվականի փետրվարին, հունվարի համեմատ, գները նվազել են 0,9 տոկոսով, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ` 0,4 տոկոսով:

Մինչդեռ Բելառուսում փետրվարին արձանագրվել է սպառողական գների 0,5 տոկոս աճ: Այս տարվա փետրվարին, 2016 թվականի փետրվարի համեմատ, այն ավելացել է 7 տոկոսով:

Ղազախստանում սպառողական գների ինդեքսը փետրվարին, հունվարի համեմատ, աճել է 1 տոկոսով, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ` 7,8 տոկոսով:

Ղրղզստանի սպառողական շուկայի գնաճը փետրվարին, հունվարի համեմատ, կազմել է 0,6 տոկոս, իսկ 2016-ի փետրվարի նկատմամբ` 1,3 տոկոս:

ՌԴ-ում սպառողական գները փետրվարին, հունվարի նկատմամբ, ավելացել են 0,2, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ` 4,6 տոկոսով:

2017 թվականի փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ԵԱՏՄ-ի սպառողական գների ինդեքսն ավելացել է 4,8 տոկոսով:

Տեսանյութեր

Լրահոս