«Հիմնականում խաղողն է ցրտահարվել և ծիրանենու մատղաշ շիվերը». Հրաչ Բերբերյան
«Անցած տարվա վերջին այգիներին մեծ վնաս հասցրին կրծողները, իսկ ձմռան ընթացքում ունեցանք ցրտահարություններ հատկապես այն այգիներում, որտեղ այգեթաղ չէր արվել (խաղողի մասին է խոսքը)։ Հիմնականում խաղողն է ցրտահարվել և ծիրանենու մատղաշ շիվերը, ինչը նշանակում է, որ բերքի թեթևակի կորուստ կունենանք։ Այսօրվա դրությամբ ծիրանենու հետ կապված խնդիր չունենք, և, եթե ապրիլյան երկրորդ կեսին բնությունը բարեհոգի գտնվի գյուղացու նկատմամբ, կունենանք ծիրանի կայուն բերք։ Խաղողի բերքը կլինի միջինից ցածր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ նկատելով, որ գյուղացին սկսել է աչքաթող անել խաղողագործությունը։
«Մարդիկ հիասթափվեցին խաղողի իրացման խնդիրների պատճառով։ Մի քանի տգետի սխալ մարքետինգային աշխատանքի հետևանքով մենք այսօր այգիների պակաս ենք նկատում, որն անընդունելի է»,- ասաց նա։ Բերբերյանի խոսքով՝ գյուղացին պարարտանյութի խնդիր ունի.
«Արդեն ապրիլ ամիսն է, բայց պարարտանյութ դեռ չենք ստացել, այնինչ մարտի սկզբին այն պետք է լիներ Հայաստանում։ Թե ով պետք է զբաղվի դրանով, ով պետք է պատասխան տա… Պետք է լինի ազատ շուկա, պարարտանյութը պետք է խանութում վաճառվի։ Գյուղեր կան, որ ընդհանրապես պարարտանյութ չեն ստացել։ Մի քանի տգետներ չեն ուզում, որ Հայաստանում ավիացիոն սրսկումներ անենք՝ մեկնաբանելով, որ մեր մեղուներին և ընտանի կենդանիներին կվնասենք։ Ամբողջ աշխարհում ավիացիոն պայքար են անում, իսկ Հայաստանում դա վտանգավոր է»։
Ամփոփելով՝ նա ասաց, որ գյուղատնտեսության համար տարին վատը չէ. «Եթե լավ աշխատենք՝ կունենաք կայուն գյուղատնտեսություն։ Հայաստանում անպայման պետք է բարեփոխել ոռոգման համակարգը, ներդնել ցանցային կարկտային համակարգ»։