«Վարչական ռեսուրսը եղել է ընտրությունների արդյունքների գրանցման հիմնական որոշիչ գործոնը». Քաղաքագետ
«Ես կարծում եմ՝ ոչ թե ընտրակաշառքն է մեծ դեր ունեցել ընտրությունների ելքի վրա, այլ ամենակարևոր դերն ունեցել է վարչական ռեսուրսը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Գրիգորյանը: Նա նկատեց, որ միայն երկու ուժ են 2012-ի համեմատ ավելացրել իրենց ձայները.
«Դա Դաշնակցությունն է և ՀՀԿ-ն: Դաշնակցությունը 2012-ին ստացել է 86 հազար, հիմա՝ 103 հազար, ՀՀԿ-ն 640 հազարից հասցրել է 700 հազարի: ԲՀԿ-ի ձայները, որպես փող բաժանող կուսակցություն, իջել է մոտ 28 հազարով՝ նախկին ընտրությունների հետ համեմատած, ինչը խոսում է այն մասին, որ կարևոր ազդեցություն է ունեցել վարչական ռեսուրսը: Մի հետաքրքիր թիվ էլ ասեմ, ՀՅԴ-ն իր հիմնական ձայները ստացել է մարզերում ու Երևանում շատ քիչ ձայն է ստացել, իսկ ամենաշատ ձայները ստացել է Գյումրիում, որտեղ ունի մարզպետ: Այս թվերը խոսում են այն մասին, որ վարչական ռեսուրսը եղել է ընտրությունների արդյունքների գրանցման հիմնական որոշիչ գործոնը»:
Քաղաքագետը գտնում է, որ ՀՅԴ-ն հենց այս թվերի պատճառով է որոշել չմասնակցել Երևանի ընտրություններին, որովհետև նրանց ձայների 20 տոկոսն է Երևանում, 80 տոկոսը մարզերում է: Ըստ Ա. Գրիգորյանի՝ ԲՀԿ-ն ևս Երևանում, այլ մարզերի հետ համեմատած՝ քիչ ձայներ ունի.
«Ամենաշատ ձայները հավաքել է Արարատի և Կոտայքի մարզերում, կարծում եմ՝ Կոտայքի մարզում Գագիկ Ծառուկյանի գործոնն է դեր խաղացել, իսկ Արարատի մարզում հիմնականում ցեմենտի գործարանը և «հիմնական գետերից պոկված առվակների» գործոնը: Ապրիլի 2-ն է հիմնական կողմնորոշիչ դերը խաղացել, որ ունենք երեք կուսակցություն, որոնք մասնակցելու են ընտրություններին: Ի դեպ, «Ելքն» իր ամենաշատ ձայները հավաքել է Երևանում և Կոտայքում:
«Ելքի» 122 հազար ձայներից 70 հազարը Երևանում է, 12 հազարն էլ՝ Կոտայքում, Երևանն ու Կոտայքը միասին՝ մոտ 65 տոկոսն էր, ու բնական էր, որ իրենք պետք է մասնակցեն, փորձեն մոբիլիզացնել այդ ձայները: Իսկ «Երկիր Ծիրանին», կարծում եմ, պարզապես հայտ է ներկայացնում առաջին անգամ ընտրություններին մասնակցելու: Միակ ուժը, որի ձայների բաշխվածությունը քիչ թե շատ բալանսավորված էր, դա ՀՀԿ-ն է, ու որպես իշխող ուժ, բնականաբար, մասնակցում է ընտրություններին»: