«Եթե դու չես ապացուցել, դու ի՞նչ բարոյական իրավունք ունես խոսելու». Էդուարդ Շարմազանով

Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 3 քաղաքական ուժ` ՀՀԿ-ն, «Երկիր ծիրանի» կուսակցությունը և «Ելք» դաշինքը: ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Երկիր ծիրանիի» ցուցակը` կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, «Ելքի» ցուցակը` Նիկոլ Փաշինյանը: Առաջիկա ընտրությունների շուրջ զրուցել ենք ՀՀԿ նախընտրական շտաբի պետ, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:

– Ինչպե՞ս եք պատրաստվում իրականացնել ՀՀԿ քարոզարշավն առաջիկա ընտրություններում։

– Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին դեռևս ժամանակ կա, ապրիլի 21-ին է սկսվում, մինչև մայիսի 12-ը։ Մենք ողջունում ենք բոլոր մասնակից մեր գործընկերներին՝ և՛ «Ելք» դաշինքին, և՛ «Երկիր ծիրանի» կուսակցությանը, հատկապես, որ  «Երկիր ծիրանիի» համար սա առաջին փորձությունն է, իրենց դեբյուտն է։ Հուսով ենք, որ դեբյուտը հաջողված կլինի։ Մենք ազատ, արդար մրցապայքարի կողմնակից ենք։

Բնականաբար, պետք է ներկայացնենք մեր իրականացրած աշխատանքը, իսկ ես համոզված եմ, որ կա լուրջ իրականացրած աշխատանք՝ քաղաքապետ Մարգարյանի գլխավորությամբ. այս տարիների ընթացքում Երևանի ավագանին լուրջ ձեռքբերումների է հասել, եղել են նաև որոշ թերություններ, եղել են նաև կիսատ թողած գործեր, և դրանով է պայմանավորված, որ մենք առաջարկել ենք՝ Տ. Մարգարյանի գլխավորությամբ գնալ ավագանու ընտրությունների։ Ճիշտ աշխատանքի դեպքում, բնականաբար, ակնկալում ենք, որ երևանցիների շատ լուրջ մեծամասնությունը քվեներ կտա մեր ավագանու ցուցակին և քաղաքապետ Տ. Մարգարյանին։

– ԱԺ ընտրություններին մասնակցած բոլոր ընդդիմադիր ուժերը շեշտում են՝ հաղթել է ընտրակաշառքը, ընդ որում՝ ընտրակաշառքն է եղել այն հիմնական ռեսուրսը, որ կիրառել է կառավարող ուժը, և ոչ միայն՝ կառավարող ուժը։ Իսկ ընտրակաշառքի հետևանքով խախտվում է ընտրությունների էությունը, և, որպես այդպիսին, ժողովրդավարական ընտրություններ չեն լինում։ Այսինքն՝ անիմաստ է պայքարել նաև ավագանու տեղերի համար, և դա է պատճառը, որ ուժերի մեծամասնությունը հրաժարվեց առաջիկա ընտրություններին մասնակցությունից։

– Գիտե՞ք ինչ կա՝ կարող է ուժ լինի, ասի՝ եթե ես չեմ հաղթում, ուրեմն՝ անիմաստ է։ Բայց նախ և առաջ՝ յուրաքանչյուր ուժ պետք է իր ձախողումների, իր խնդիրների և իր հաջողությունների պատճառները տեսնի իր մեջ։ Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, ես Լուսնից չեմ իջել, որ ասեմ, որ նման երևույթ չի եղել, բայց խոսել մասսայական ընտրակաշառքներից, որ դա համատարած է եղել, թող գոնե 10, 20 կամ 100 դեպք ներկայացնեն։

– Ամենադժվար ապացուցվող խնդիրն է, որ ոչ մի կողմը չի ցանկանում խոստովանել։

– Եթե դժվար ապացուցվող է, նշանակում է՝ դա չապացուցված է, և իրենք վարկաբեկում են մարդկանց և կուսակցություններին։ Եթե դու չես ապացուցել, դու ի՞նչ բարոյական իրավունք ունես խոսելու։ Մանավանդ, որ այդ քաղաքական ուժերի մեծ մասն ընդունել են ընտրությունների արդյունքները։ Ես չեմ բացառում, որ նման երևույթներ եղել են։ Նման երևույթներ աշխարհի բոլոր երկրներում էլ կան։ Սա չի արդարացվում։ Մենք պետք է ընտրություն առ ընտրություն փորձենք ավելի ժողովրդավարական իրականացնել մեր ընտրությունները։

Մի բան կարող եմ ասել՝ նույնիսկ, եթե բոլոր բողոք-դիմումների, ահազանգերի իսկությունն իրոք լինի և ապացուցվի, միևնույն է, դրանք էական ազդեցություն ընտրությունների արդյունքների վրա չեն թողնում։

Բայց, բնականաբար, մենք պետք է պայքարենք առաջին հերթին՝ որպես քաղաքական իշխանություն, որպեսզի հնարավորինս զերծ լինենք այդ միջամտություններից։ Եթե հանրության մեջ կան նման խոսակցություններ, ես չեմ կարող ասել, որ ամբողջությամբ նման խնդիրներ չեն եղել։ Եթե խոսում են, ուրեմն եղել է, բայց սա մասսայական ասել, և ասել, որ ազդել է ընտրությունների արդյունքի վրա, բնականաբար, դրա հետ համամիտ չեմ։

Երկրորդը՝ մենք, ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, որոնք մասնակցում են Երևանի ավագանու ընտրություններին, շատ լավ հասկանում ենք, որ սա համապետական ընտրություն չի։ Համապետական ընտրությունների արդյունքում այլևս ձևավորվել են ՀՀ իշխանություններն ու ընդդիմությունը։ Սա մի համայնքի՝ մեր մայրաքաղաքի համայնքային ընտրություններն են, և  առաջնայինը պետք է լինի այն խնդիրների քննարկումը, որ օրենքով սահմանված կարգով վերագրված է Երևանի քաղաքապետին և ավագանուն։

Եվ այդ իմաստով մենք շահեկան դիրքերում ենք, որովհետև մեր ավագանին, մեր քաղաքային իշխանությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, կարծում եմ, որ բավականին դրական քայլ կատարել են։ Գործ կա՞ անելու։ Իհա՛րկե կա, և մենք ապրիլի 21-ին հանրության դատին կներկայացնենք մեր ծրագիրը, որը զուտ համայնքային զարգացման ծրագիր է։ Դրա առաջին մասում կլինի 2013-17թթ. իրականացված աշխատանքը՝ ըստ վարչական շրջանների, և սպասվող ծրագրերն առաջիկա տարիների համար։ Մենք որևէ մեկի դեմ պայքարելու խնդիր չունենք, մենք գնալու ենք հանուն Երևանի և երևանցու խնդիրների լուծման, «հանուն» գաղափարով։ Իրենք էլ թող ներկայացնեն իրենց ծրագիրը, որոշողը ժողովուրդն է։

– Ընդունո՞ւմ եք, որ «Ելքի» վարկանիշը գնալով աճում է, Զարուհի Փոստանջյանն էլ պակաս հեղինակություն չունի հանրության շրջանում։ Որպես շտաբի պետ՝ ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս եք մրցակցելու իրենց հետ։

– Մենք որևէ մեկի դեմ հատուկ մրցակցելու խնդիր չունենք։ ՀՀԿ-ն՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, շատ լուրջ խնդիրներ է լուծել, իսկ որևէ մեկի հետ ազատ մրցակցությունից մենք երբևէ չենք խուսափել։ Կարծում եմ՝ և՛ «Ելքում», և՛ տիկին Փոստանջյանի կուսակցությունում շատ լավ հասկանում են, որ իրենք պետք է ձգտեն երևանցիներին ներկայացնել խնդիրների լուծումը։ Այնպես չէ, որ մեր վարկանիշը ցածր է։ Քաղաքապետի վարկանիշը շատ բարձր է, շուրջ 50% ձայն միայն համապետականով ենք հավաքել այստեղ, իսկ շատ լավ աշխատանքի դեպքում, բնականաբար,  շատ լավ ձայներ ենք ակնկալում։

– Բայց շատ հարցերում երևանցիների դժգոհությունը Տարոն Մարգարյանից շատ մեծ է, իսկ հաշվի առնելով, որ երևանցիների քաղաքացիաիրավական գիտակցությունն էլ ավելի բարձր է, դժվար չի՞ լինի։

– Ես համամիտ չեմ այն կարծիքին, որ շատ դժգոհ են։ Անհամեմատ ավելի մեծ քանակությամբ քաղաքացիներ կան, որ գոհ են։ Մայիսի 14-ի ընտրությունները ցույց կտան։

Տեսանյութեր

Լրահոս