Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցերով զբաղվող աշխատանքային խումբը ներկայացրել է քաղբանտարկյալների նոր ցուցակը
Ադրբեջանի քաղաքական բանտարկյալների միասնական ցուցակի կազմմամբ զբաղվող աշխատանքային խումբը հերթական նիստի ժամանակ ներկայացրել է քաղբանտարկյալների նորացված ցուցակը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ադրբեջանում քաղաքական մոտիվներով ձերբակալված անձանց նոր ցուցակում ընդգրկվել են 147 բանտարկյալ, որոնցից 97-ը կրոնական ակտիվիստներ են, 11-ը` քաղաքական և հասարակական գործիչներ, 7-ը` լրագրող և բլոգեր, 2-ը երգիչ և գրող, 2-ը` նախկին պաշտոնյա, 1ը իրավապաշտպան և այլն:
Ադրբեջանի ոստիկանությունը եւ անվտանգության ուժերը հետեւողականորեն շարունակում են օգտագործել բոլոր միջոցները՝ հետապնդելու իշխանություններին քննադատող անձանց: Այս նպատակով Ադրբեջանում լայնորեն կիրառվում են շանտաժը, անձնական կյանքի վերաբերյալ տեսանյութերի հրապարակումը, հարկերից խուսափելու, թմրամոլության եւ խուլիգանության շինծու մեղադրանքները:
Meydan TV-ն ավելի վաղ Ալիեւների այսօրվա Ադրբեջանի մասին գրել էր.
«Ադրբեջանն այսօր մի երկիր է, որում ոստիկանության, անվտանգության ծառայությունների եւ դատախազության քննիչհետաքննիչները կարող են ժպիտը շուրթերին սեռական հարաբերություն կազմակերպել կասկածյալի կնոջ հետ նրա երեխաների եւ ազգականների ներկայությամբ:
Ադրբեջանն այսօր այն երկիրն է, որտեղ կասկածյալին կարող են սպառնալ ոստիկանական մահակի կիրառմամբ սեռական ակտով, եւ այդ սպառնալիքն իրականացնել տեսանկարահանումով`ապագա շանտաժի համար: Ադրբեջանն այսօր մի երկիր է, որում իշխանության մարմիններում, սկսած պետության ղեկավարից մինչեւ բանտապահ, «պատվի» եւ «խղճի» մասին խոսքերն ունեն ամենախեղաթյուրված իմաստը»: