Բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել. մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու բժշկական կենտրոնում նորածնի մահվան պատճառները: 2017 թվականի ապրիլի 4-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ ծննդատան բժշկուհու կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով ծնվելուց երկու օր անց իր որդին մահացել է:
Նախնական տվյալներով՝ համապատասխան ուղեգրով կինը ապրիլի 1-ին տեղափոխվել է ծննդատուն, որտեղ պետք է իրականացվեր կեսարյան վիրահատություն։ Ապրիլի 2-ին կինը ծննդաբերել է տղա երեխա, իսկ ապրիլի 4-ին բժիշկները հայտնել են, որ երեխան մահացել է առողջական խնդիրների պատճառով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նորածնի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: