Մերկելը և Օլանդը պահանջել են պատժամիջոցներ սահմանել Սիրիայի դեմ՝ մեղադրելով Ասադին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Սիրիայում ստեղծված իրադրության համար պատասխանատու են համարում բացառապես Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Այդ մասին ասված է քաղաքական գործիչների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվելէ ապրիլի 7-ի առավոտյան նրանց միջեւ կայացած հեռախոսազրույցի արդյունքում:
«Նախագահ Ասադը միանձնյա է պատասխանատվություն կրում իրադարձությունների նման զարգացման համար: Նրա կողմից քիմիական զենքի եւս մեկ օգտագործումը եւ սեփական բնակչության նկատմամբ նրա հանցագործությունը պահանջում է պատժամիջոցների սահմանում, ինչպես որ դա Ֆրանսիան եւ Գերմանիան պահանջում էին արդեն 2013 թվականի ամռանը Գուտայում տեղի ունեցած ողբերգությունից հետո»,-ասված է հայտարարության մեջ:
Ապրիլի 4-ին Reuters գործակալությունը, վկայակոչելով Լոնդոնում գտնվող «Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնը» (The Syrian Observatory for Human Rights), հայտնել է, որ Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքում իրականացված հարվածի հետեւանքով զոհվել են տասնյակ, վիրավորվել հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ: Կենտրոնը նշել է, որ հարվածը կարող էին հասցնել
Սիրիայի կառավարական ուժերը, որոնք «թունավոր գազ» են կիրառել:
Ռուս եւ սիրիացի զինվորականները ժխտել են իրենց մասնակցությունը կատարվածին: Ավելի ուշ ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ապրիլի 4-ի ցերեկը Խան Շեյխունի արեւելյան ծայրամասերին հարվածը հասցրել է սիրիական օդուժը:
Ռուսաստանի տվյալներով՝ դրա հետեւանքով ոչնչացվել են այն արտադրամասերը, որտեղ զինյալներն արտադրում էին թունավոր նյութերով զինամթերք, որը մատակարարվում էր Իրաքին, ինչպես նաեւ կիրառվում էր Հալեպում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: