ՄԻԵԴ վճռից հետո Արման Մկրտումյանի դեմ կարգապահական վարույթ չի հարուցվի. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի կողմից կարգապահական հարցերի հանձնաժողովը վարույթ չի հարուցի ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նկատմամբ:

Ավելի քան երեք տասնյակ փաստաբան 2016 թվականի դեկտեմբերին դիմել էին վերը նշված հանձնաժողովին պարզելու՝ արդյոք հարուցվել է կարգապահական վարույթ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նկատմամբ, թե՝ ոչ:

Փաստաբանների համար նման հիմք էր հանդիսացել ՄԻԵԴ հայտնի վճիռն ընդդեմ Հայաստանի: Մասնավորապես, 2016 թվականի հոկտեմբերի 27-ին «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» վճիռ է կայացրել, որտեղ գնահատականներ են տրված տվյալ գործով Վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանի գործունեությանը՝ դիմումատուների գործը քննելու ընթացքում: Դիմումատուները Բուզանդ փողոցի բնակիչներ են` Յուրի Վարդանյանը ու Շուշանիկ Նանուշյանը, որոնց «գերակա հանրային շահ» ճանաչված տարածքից չնչին փոխհատուցման դիմաց վտարել են իրենց տներից: Փաստաբանները իրենց դիմումում նշել էին, թե ՄԻԵԴ վճռում արձանագրվել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի կողմից թույլ է տրվել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում: Ըստ այդմ՝ ՄԻԵԴ նշված վճիռը հիմք է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

Հանձնաժողով դիմած փաստաբաններից Երվանդ Վարոսյանի կարծիքով՝ ակնհայտ էր, որ Մկրտումյանի նկատմամբ վարույթ չի հարուցվելու: «Հանձնաժողովի որոշմանը ծանոթանալուց հետո ինձ մոտ տպավորություն է, որ շարունակաբար քայլեր են կատարվում «վատ վիճակի» մեջ դնելու ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին։ Դա, նախ, արտահայտվեց նրանով, որ հայտնի որոշման հրապարակումից հետո նա մինչ օրս պաշտոնավարում է, և ստիպված է իր վերաբերյալ անվանական որոշման կայացումից հետո էլ նիստեր ղեկավարել ՀՀ վճռաբեկ դատարանում: Այնուհետև, անհասկանալի պատճառներով Հայաստանի կառավարությունը որոշեց բողոքարկել ԵԴ այդ որոշումը, որի արդյունքում այս խայտառակ գործով մի որոշում էլ ԵԴ մեծ պալատը կայացրեց, իսկ հիմա էլ այսպիսի որոշում է կայացնում հանձնաժողովը։ Լավ կլիներ, որ հանձնաժողովը որոշեր վարույթ չհարուցել՝ պատճառաբանելով, որ այսպես ասած վարույթի սուբյեկտը Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյան է, կամ գոնե նշեին՝ լավ ենք անում, այդպես ենք ուզում և չենք հարուցում»,- մեր զրույցում ասաց Վարոսյանը:

Մեջբերելով հանձնաժողովի որոշումը, Վարոսյանն ասաց, որ ըստ այդ որոշման՝ Արման Մկրտումյանը ենթակա չէ պատասխանատվության, որովհետև ինքը հանդես չի եկել իբրև Վճռաբեկ դատարան այդ գործողությունները կատարելիս: «Ըստ հանձնաժողովի՝ վարույթ կարող է հարուցվել դատարանի գործողությունների նկատմամբ, մինչդեռ այստեղ մենք գործ ունենք ոչ թե դատարանի գործողությունների, այլ՝ դատարանի կազմի դատավորներից մեկի գործողությունների հետ: Ի տարբերություն այս հանձնաժողովի՝ Եվրոպական դատարանը հենց մեկ դատավորի կազմի՝ այն է Արման Մկրտումյանի գործողություններն է գնահատել իբրև Հայաստանի դատարանի կողմից կոնկրետ անձի արդար դատաքննության իրավունքի խախտում»,- նկատեց փաստաբանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս