
«Մեր հաշվարկներով նվազագույն աշխատավարձը 111 հազար դրամ ենք նախատեսել». Հրանտ Բագրատյան

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը իր ծրագրում ամրագրել է ամենաբարձր նվազագույն աշխատավարձը: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու Հրանտ Բագրատյանը՝ ներկայացնելով իրենց ծրագրի տնտեսական դրույթները:
«Մեր հաշվարկներով նվազագույն աշխատավարձը 111 հազար դրամ ենք նախատեսել: Կարծում եմ, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը կբերի ստվերային տնտեսության նվազեցմանը»,- ասաց Բագրատյանը:
Ըստ Բագրատյանի` իրենց ծրագրով նվազագույն կենսաթոշակը կազմելու է 73 հազար դրամ: «73 հազար դրամը իրական եմ համարում: Քաղաքացու կենսաթոշակը պետք է կազմի աշխատավարձի 37 տոկոսը»,- նշեց Բագրատյանը: Առաջին հերթին ՀՀ քաղաքացու համար պետք է բարենպաստ պայմաններ ստեղծել, որպեսզի նա ինքը կարողանա ներդրումներ իրականացնել:
Անդրադառնալով առաջիկա ընտրություններում կուսակցության հնարավորություններին՝ Բագրատյանն ասաց. «Մեր շանսերը գնահատում եմ 5 տոկոսին մոտ, սակայն «Ազատ դեմոկրատներ»-ը տոկոսի համար չեն եկել, այլ ավելի շատ ձայներ հավաքելու»,- եզրափակեց Բագրատյանը: