ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, Կոնգրես-ՀԺԿ, ՀՅԴ, «Ելք». առաջիկա խորհրդարանը՝ ըստ քաղաքագետների
Այսօր քարոզարշավի վերջին օրն է, որին կհաջորդի լռության օրը: Մարտի 5-ից մեկնարկած քարոզարշավի ընթացքում ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերը հնարավոր բոլոր հարթակներով ընտրողների դատին են ներկայացրել իրենց նախընտրական ծրագրի դրույթները և երկրի զարգացման ու առաջընթացի իրենց տեսլականը:
Նախընտրական քարոզարշավն ամփոփելու և դրա արդյունքներով առաջիկա ընտրություններում հաջողության հասնելու հավակնող քաղաքական ուժերին բացահայտելու համար «Արմենպրես»-ը զրուցել է քաղաքագետների հետ:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշում է, որ քարոզարշավն, ընդհանուր առմամբ, հետաքրքիր ընթացք է ունեցել: «Կարծում եմ, որ հանրությունը սպասում էր ավելի բովանդակային քննարկումների, սակայն այդ սպասելիքներն այնքան էլ չարդարացան: Այնուամենայնիվ, քարոզարշավը հետաքրքիր ընթացք ունեցավ և որոշակիորեն բացահայտեց ընտրական գործընթացին մասնակից քաղաքական ուժերի ուժեղ և թույլ կողմերն ու հնարավորությունները»,- ասաց քաղաքագետը:
Նա ընդգծեց, որ ընտրություններում առաջատարի դիրքի համար կպայքարեն իշխող Հանրապետական կուսակցությունը և «Ծառուկյան» դաշինքը: Մելիք-Շահնազարյանը երրորդ տեղի հավակնորդ համարում է ՀՅԴ-ին՝ ընդգծելով, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՅԴ-ի միջև ծավալված երկխոսություն-բանավեճերի արդյունքում ՀՅԴ-ի վարկանիշը վերջին շրջանում բարձրացել է, ինչն էլ մեծացրել է կուսակցության շանսերը:
«Ես այն կարծիքին եմ, որ «Ելք» դաշինքը և «Հայկական վերածնունդ» կուսակցությունը կպայքարեն անհրաժեշտ շեմը հաղթահարելու և խորհրդարանում հայտնվելու համար»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն էլ ընդգծում է, որ քարոզարշավը իր սպասածից հանգիստ է անցել: «Ես կարծում էի, որ քարոզարշավն ավելի զգացմունքային է լինելու, սակայն այն ավելի հանգիստ ընթացք ունեցավ: Չնայած ես չեմ բացառում, որ հետընտրական զարգացումներ կարող են լինել ու արդյունքում այդ «բացը» կլրանա»,- ասաց նա:
Մինասյանը կարծում է, որ ընտրությունների արդյունքներով խորհրդարանում միանշանակ կհայտնվեն իշխող Հանրապետական կուսակցությունն ու «Ծառուկյան» և «Ելք» դաշինքները: «Մնացած ուժերի մասով կարող եմ ասել, որ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքան ձայներ կհավաքի «Ծառուկյան» դաշինքը և ըստ դրա էլ պարզ կլինի, թե ինչ հավակնություններ կարող են ունենալ ՀՅԴ-ն ու «Հայկական վերածնունդ»-ը:
Ինչ վերաբերվում է Կոնգրես-ՀԺԿ դաշինքին, ապա պետք է նկատել, որ այս դաշինքը բացի նրանից, որ ունի քաղաքական խնդիրներ՝ կապված իր հռչակած խաղաղությ ան ծրագրի հետ, ունի նաև տեխնիկական խնդիրներ, քանի որ դաշինք է ու պետք է հավաքի ոչ թե 5, այլ 7 տոկոս՝ խորհրդարանում հայտնվելու համար:
Նույն խնդիրն ունի նաև «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը: Այս դաշինքն էլ ունի քաղաքական խնդիր, քանի որ այն առաջնորդում են մարդիկ, ովքեր նախարարի պաշտոններ են զբաղեցրել և ընդդիմադիր ձայներ ստանալու առումով խնդիրներ ունեն»,- մանրամասնեց Սերգեյ Մինասյանը:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ուրախությամբ նկատեց, որ հակառակ իր սպասումների քարոզարշավը քաղաքականացված ընթացք է ստացել: Նա նշեց, որ քարոզարշավի մեկնարկից առաջ ինքը կանխատեսում էր, որ առաջադրված ուժերի միջև կգնա ոչ թե քաղաքական, այլ շահերի պայքար:
«Բայց ես նկատեցի, որ քարոզարշավի 5-րդ օրվանից սկսած ուժերի միջև քաղաքական պայքարի մթնոլորտ ձևավորվեց»,- ասաց Շիրինյանը:
Նա հավելեց, որ քարոզարշավի արդյունքներով իր մոտ ձևավորվել է առաջադրված քաղաքական ուժերի հետևյալ դասավորվածությունը. «Ծառուկյան» դաշինքն առաջատարն է, սակայն դժվար է ասել, թե որքանով «Ծառուկյան» դաշինքը կկարողանա պահպանել այդ առավելությունը քվեարկության օրը, քանի որ կա նաև ռեյտինգային թեկնածուների պայքարը: Ի տարբերություն մյուս բանախոսների, Լևոն Շիրինյանն այն կարծիքին է, որ երրորդ տեղին հավակնում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, որի նախընտրական ծրագրում շատ են պետականության պաշտպանությանն ուղղված բարեփոխումները:
Լևոն Շիրինյանն այս առումով կարևորում է Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, թե ընտրություններում հաջողության հասնելու պարագայում իրենք չեղյալ են հայտարարելու գործող իշխանությունների ընդունած որոշումների մեծ մասը, ինչը քաղաքագետի գնահատմամբ՝ կարող է դաշինքի համար լրացուցիչ ձայներ ներգրավելու հիմք հանդիսանալ:
Լևոն Շիրինյանին դուր է եկել նաև «Ելք» դաշինքի ակտիվությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում: Քաղաքագետը կարծում է, որ այս դաշինքն էլ խորհրդարանում հայտնվելու շանսեր ունի, քանի որ քարոզարշավի ընթացքում կարողացել է դրական տպավորություն թողնել մարդկանց վրա: ««Ելք»-ը երիտասարդ ու ամբիցիոզ քաղաքական գործիչների ու մտավորականների թիմ է, որը հույս է ներշնչում: Ես կարևորում եմ նրանց բակային հանդիպումները, ինչի շնորհիվ նրանք անմիջական կապ հաստատեցին ընտրողների հետ»,- ասաց քաղաքագետը:
Խոսելով մնացած քաղաքական ուժերի մասին՝ քաղաքագետը նշեց, որ նրանք բոլորը գտնվում են մարգինալության գծի վրա: Լևոն Շիրինյանն այն կարծիքին է, որ ընտրողների մեծ մասը քվեարկության օրը բացառելու է Կոնգրես-ՀԺԿ դաշինքը, քանի որ նրանք խոսում են փոխզիջումների և ղարաբաղյան հարցում խաղաղության հասնելու մասին այն պարագայում, երբ Ադրբեջանի կողմից փոխզիջումների մասին խոսք անգամ չկա, իսկ դա ժողովրդին ակնհայտ դուր չի գալիս:
Նա առաջիկա ընտրություններում ցածր է գնահատում նաև ՀՅԴ-ի շանսերը՝ նշելով, որ այդ կուսակցությունը վաղուց չի խաղում այն դերը, որը կարող էր խաղալ, քանի որ 2000-ականներից անընդհատ իշխանությունների հետևից է գնում: Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն մտածելու շատ բան ունի, պետք է մի պահ կանգ առնի հանգստանա ու հասկանա իր անելիքները:
Շանթ Խլղաթյան