«Ղարաբաղյան հակամարտության շուրջ կուլիսային աշխատանքներ կան ապրիլյան պատերազմից հետո». ռուս քաղաքագետ

«Ռուսական ծրագրի հաջողության հնարավորությունները ցածր են»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց հեղինակավոր «Կարնեգի» կենտրոնի անդամ, ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի օրերս արած մի շարք ուշագրավ բացահայտումներին։

Հիշեցնենք, որ օրերս տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել էր, որ բանակցային սեղանին, թեև, նրա խոսքով, բանակցությունները դանդաղել են, որոնք վերսկսելու համար հակամարտող երկրները պետք է քաղաքական կամք դրսևորեն, մի շարք ուշագրավ ծրագրեր կան։ Նրա ակնարկներով, խոսքը ոչ միայն անցյալ տարի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի նախագահական գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված համաձայնությունների իրականացման մասին է, այլև՝ կարգավորման փաթեթի, առաջարկի, որը, նրա հավաստիացմամբ՝ ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող բոլոր երկրների հավանությունը։ Ամենաուշագրավն այն էր, որ ամերիկացի համանախագահն ըստ էության չհերքեց, որ խոսքը «Լավրովի պլանի» մասին չէ։ «Մենք դա չենք անվանում Լավրովի պլան»,- ասել է Հոգլանդը։

Նա նշեց, որ պարզ է, որ բանակցային սեղանին համանախագահներն ունեն կարգավորման ծրագրեր, որոնք մշտապես փորձում են ներկայացնել հակամարտող կողմերին։

Ըստ նրա, կարևոր չէ, թե խոսքը «Լավրովի պլանի՞», թե՞ Քի Վեսթի, թե՞ այլ ծրագրի մասին է, քանի որ դրանցում ներառված են լինելու Մադրիդյան սկզբունքները՝ ինչ-ինչ հերթականության փոփոխությամբ և նոր նրբերանգներով, քանի որ հակամարտող կողմերը բանակցությունների ընթացքում փորձում են հնարավորինս շատ զիջումներ կորզել միմյանցից։

Այս կետերից բացի, Մալաշենկոյի համոզմամբ, նոր կետեր չեն հայտնվելու կարգավորման ծրագրերում։ «Այստեղ էականն այն հանգամանքն է, որ Ռուսաստանը ցանկացել է բեկում գրանցել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, թեև հաջողության հնարավորությունները ես չափազանց ցածր եմ որակում։ Կարևոր էր համանախագահի նման անդրադարձն այդ ծրագրին, քանի որ դա որոշակի վստահություն է ստեղծում հակամարտող երկրների այն շրջանակներում, որոնք չէին վստահում ռուսական միջնորդական ջանքերին և շահարկում «Լավրովի ծրագիրը»։

Կարծում եմ՝ Հոգլանդի անդրադարձը թույլ է տալիս ենթադրել, որ այն պարզապես կազմվել է ռուսական կողմի կողմից, բայց ընդունելի է բոլոր համանախագահների համար, ուստի այն պետք է որ ընդունելի լինի նաև հասարակություններում: Սակայն, կրկնում եմ, որ խնդիրը կարգավորման ծրագրի մեջ չէ, այլ կողմերի քաղաքական կամքի կամ դրա բացակայության, զիջումների չգնալու ցանկության»,- նման տեսակետ հայտնեց Մալաշենկոն՝ շարունակելով, որ զիջումները չափազանց բացասաբար կընկալվեն Հայաստանում և Ադրբեջանում, քանի որ հասարակությունները դրան չեն նախապատրաստվել։

Նրա պնդմամբ, ունենալով ներգրավվածություն մերձավորարևելյան զարգացումներում, ուկրաինական հակամարտությունում, որոնց պատճառով Ռուսաստանի միջազգային հեղինակությունը բավականին թուլացած է, Ռուսաստանին ձեռնտու չէ նոր լարում կամ, առավել ևս, պատերազմ իր հարևանությունում, մի երկրում, որը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, մի տարածաշրջանում, որը համարվում է Ռուսաստանի ազդեցության գոտին, հենց այդ պատճառով էլ Ռուսաստանը փորձեց մարել ապրիլյան «կրակը», ավելին՝ կառուցողական առաջարկներ անելով։

Ըստ Մալաշենկոյի՝ Հոգլանդը ցույց տվեց, որ Արևմուտքը ճանաչում է Ռուսաստանի այդ իրավունքը, եթե այդ իրավունքը չի հակասում նաև ԱՄՆ-ի շահերին, իսկ դա չի հակասում, քանի որ Ռուսաստանի խնդիրն այսօր այլ է։

«Համանախագահն ընդգծեց, որ նոր պլանը նախկին պլանների և սկզբունքների հղկված և մշակված տարբերակն է, այսինքն՝ ծրագրերի, որոնց Արևմուտքը նախկինում իր համաձայնությունը տվել էր։ Եթե ներկայիս ծրագիրը չունենար վստահություն ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների մոտ, այն չէր բարձրաձայնվի ամերիկացի համանախագահի կողմից»,- ասաց Մալաշենկոն։

Անդրադառնալով այս ծրագրի հաջողության հնարավորություններին՝ Մալաշենկոն ասաց, որ Հայաստանում անցկացվելիք ընտրություններից մի որոշ ժամանակ անց բանակցություններն ինտենսիվ փուլ չեն մտնի։

«Ամռանը կարելի է սպասել որոշակի առաջընթաց բանակցությունների վերսկսման հարցում։ Երկու կողմերն էլ լուրջ միջազգային ճնշման տակ են, չնայած չկան պաշտոնական բանակցություններ։ Ակնհայտ է, որ կա կուլիսային աշխատանք, որի արդյունքում երկու երկրներում խոսում են այնպիսի զիջումներից, որոնց մասին նախկինում զգուշանում էին բարձրաձայնել. խոսքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և շրջանների հանձնման մասին է։ Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ Ալիևն ասաց, որ իրեն ճնշում են։ Սա պատահական հայտարարություն չէր»,- նկատեց Մալաշենկոն՝ հավելելով, որ որոշակի գործընթաց կա, բայց թե որքանով այն խաղաղություն կբերի տարածաշրջանին, դժվար է ասել։

Տեսանյութեր

Լրահոս