«Ժողովուրդը համոզված է՝ ապրիլի 2-ին «Ծառուկյան» դաշինքը տանելու է համոզիչ հաղթանակ». Իշխան Զաքարյան
«Ծառուկյան» դաշինքն այսօր մարզային քարոզարշավի արդյունքներն ամփոփում է Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Դաշինքի նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ առաջիկա ընտրությունների քաղաքական արժեքը չափազանց բարձր է։
«Երկրում այլևս չեն լինելու ուղիղ նախագահական ընտրություններ, և ապրիլի 2-ին է որոշվելու, թե որ քաղաքական ուժի հետ է ժողովուրդը կապելու իր հույսը հաջորդ տարիների զարգացման ճանապարհին»,- ասաց Ի.Զաքարյանը։
Ըստ նրա՝ դաշինքի հանդիպումները վկայում են, որ ժողովուրդը մինչև կոկորդը լցված է դժգոհությամբ, և անարդարության դրսևորումները տեսնելով՝ նրանք իրենց ապագան պատկերացնում են մշուշոտ և չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ մեր երկրում ոչինչ չի փոխվում։ Դաշինքի քարոզարշավը Զաքարյանն անվանեց «փայլուն» և «հասցեական», իսկ հասցեատերը ժողովուրդն է։
«Ժողովուրդը համոզված է՝ ապրիլի 2-ին «Ծառուկյան» դաշինքը տանելու է համոզիչ հաղթանակ»,- ասաց Ի.Զաքարյանը։